ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձևի նախապատրաստման հարցը, որը կաջակցեր ավելի վաղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովին:
ԱՄՆ-ի և ՌԴ-ի` Սիրիայի հարցով համատեղ հայտարարության համաձայն` Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբերի միջև հրադադարը պետք է կնքվի փետրվարի 27-ին:
«Մենք առաջարկել ենք, որպեսզի Անվտանգության խորհուրդը համատեղ հայտարարությանն արձագանքի բանաձևի տեսքով, որում աջակցություն կհայտնի և դրա իրականացման կոչ կանի»,- ասել է Գատիլովը:
«Մենք այդ հարցը քննարկում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ»,- նշել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը: Պաշտոնյայի խոսքով՝ ներկայում քննարկվում է հնարավոր բանաձևի բովանդակությունը:
Միևնույն ժամանակ Գատիլովն ասել է, որ փաստաթղթի նախնական տեքստը դեռևս չի տրամադրվել ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների ներկայացուցիչներին: Նա չի հաղորդել, թե փաստաթուղթը երբ կնախապատրաստվի: