ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ-ն պատրաստ է հատուկ նիստ անցկացնել Ղարաբաղի հարցով, եթե տեղի ունենա իրավիճակի վատթարացում, հայտնել է Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։
Պաշտոնյան հավելել է, որ Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոր հատուկ նիստը կանցկացվի այն ժամանակ, երբ համանախագահները վերադառնան տարածաշրջանից:
«Իհարկե, եթե այնտեղ իրավիճակը բացասական շրջադարձ ունենա, մենք հատուկ նիստ կհրավիրենք: Հակառակ դեպքում` մենք դեռևս ոչինչ չենք ծրագրել մինչև համանախագահների վերադարձը»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։