Աշխարհ
Sputnik/Omer Faruk Baran

Փողոց դուրս գալ չի կարելի. Դիարբեքիրում արտակարգ դրություն է

Ստանալ կարճ հղումը

Դիարբեքիրի 11 գյուղում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Լիջե, Հազրո և Քոջաքյոյ շրջանների 11 գյուղում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, գրել է tert.am-ը՝ հղում անելով թուրքական «Բիրգյուն» պարբերականին:

Նշվում է, որ տվյալ տարածքներում տեղի են ունենալու լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ, սպասվում են բախումներ թուրքական ԶՈւ-ի և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։