Աշխարհ
© AFP 2020 / SAFIN HAMED

«Ինձ երեք անգամ վերավաճառել են». եզդիների ցեղասպանությունն ու քրդերի դերը

Ստանալ կարճ հղումը

Իրաքի եզդիները շարունակում են հեռանալ երկրից, բայց նրանք չեն գալիս Հայաստան, որտեղ եզդիների մեծ համայնք կա:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. «Իսլամական պետության իշխանության ձեռքում մոտ հինգ հազար մարդ կա, Sputnik Արմենիային ասաց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ծագումով եզդի Ռուստամ Մախմուդյանը:

«Ցավոք սրտի, դեռ շարունակվում են «Իսլամական պետության» ձեռքում կամ հսկողության տակ մնալ եզդի ժողովրդի հազարավոր զավակներ, որոնց ստույգ տվյալների վերաբերյալ իրարամերժ տեղեկություն կա: Իմ ունեցած տեղեկություններով, նրանց թիվը մոտ 5000-ի է հասնում, բայց խնդիրն այստեղ ոչ թե թվաքանակն է, այլ հենց երևույթը: Եվ եթե անգամ նրանց ձեռքում են, օրինակ, 10 հոգի, միևնույն է կարող ենք արձանագրել, որ Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպան գործողությունները դեռ չեն ավարտվել, իսկ եզդիներից շատերը շարունակում են զրկված լինել իրենց բնօրրան վերադառնալու հնարավորությունից»,- ասաց Մախմուդյանը։

Նրա խոսքով, եզդիների նկատմամբ 2014թ. կատարված ոճրագործությունների հարցում, ըստ մամուլի և այնտեղ ապրող որոշ եզդիների, իրենց անգործությամբ դրան նպաստել են քրդական խմբավորում հանդիսացող փեշմարգայի անդամները, որոնք ոչ պատշաճ հսկողության բացակայության պատճառով թույլ են տվել ԻՊ-ին եզդիների նկատմամբ ցեղասպան գործողություններ կատարել:

Բայց մյուս կողմից կա տեղեկություն, որ եզդիների օգնության գործում ներգրավված են եղել քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները, որոնք իրենց զինվորական ստորաբաժանումների միջոցով փորձել են պայքարել այդ ահաբեկչական խմբավորումների դեմ, ավելին` ամիսներ շարունակ տևած կատաղի մարտերի ընթացքում դերակատարություն են ունեցել եզդիաբնակ մի շարք բնակավայրեր ազատագրելու հարցում:

Ըստ Մախմուդյանի` քանի դեռ եզդիների համար իրենց հայրենիքն անվտանգ չէ, նրանք լքելու են այն, և եթե այս հարցում միջազգային հանրության ուշադրությունը չդրսևորվի գործողություններով, դրանք շարունակվելու են:

«Ինչ վերաբերում է Հայաստան հոսքին, նախ պետք է շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին սիրով ընդունելու այն եզդի ընտանիքներին, որոնք կցանկանային գալ Հայաստան և բնակություն հաստատել այստեղ: Պարզապես, կարծում եմ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև սոցիալական միջավայրին դժվար ինտեգրվելու պատճառով այդպիսի հոսքեր չկան»,- ասաց նա` նշելով, որ կային մի քանի ընտանիքներ, որոնք տևական ժամանակ բնակվում էին Հայաստանում:

Նա տեղեկացրեց նաև, որ որպես ՀՀ խորհրդարանի` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, կարողացել է Ստրասբուրգում լիագումար նիստին բարձրացնել եզդիների նկատմամբ կատարված ոճրագործությունները դատապարտելու հարցը, իսկ հոլանդացի գործընկեր, պատգամավոր Օմցիգը անգամ փաստաթուղթ է պատրաստել` քաղաքական առումով կոնկրետ գործողություններ իրականացնելու համար:

«Սա վկայում է որ եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ամբողջապես գտնվում է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, իսկ դրանք, վստահ եմ, իրենց ցանկալի պտուղները տալու են»,- ասաց նա:

Զոհերի աչքերով

Sputnik- ի թղթակիցը եղել է Իրաքի Դահուկ քաղաքի ճամբարում, որտեղ տեղավորվել են գերեվարությունից փրկված եզդիները։ 2014 թ. օգոստոսի 3-ին Սինջարի վրա հարձակման ժամանակ ԻՊ-ի զինյալները գերեվարել էին նրանց: Ահաբեկչական խմբավորման մի շարք պարտություններից հետո ավելի քան երեք հազար գերի եզդիներ փրկվեցին, բայց ահաբեկիչների ձեռքերում դեռ մի քանի հազար մարդ կա, որոնց մեծ մասը կանայք և աղջիկներ են: Sputnik-ի թղթակիցը խոսել է ճամբարում ապրող եզդիների հետ, որոնք պատմել են, թե ինչ են ապրել ԻՊ-ի գերության մեջ և ինչպես են կարողացել փախչել:

Էթնիկ եզդի Աբդուլլահ Շիրինը, որի բազմաթիվ հարազատները հայտնվել են Իսլամական պետության գերության մեջ, պատմել է, թե ինչպես է մասնակցել եզդիներին գերությունից փրկելու գործողություններին, որը կազմակերպել է Իրաքի Քրդստանի ղեկավարությունը:

«Այսօրվա դրությամբ ես 334 մարդու եմ փրկել: Նրանցից շատերը Սիրիայում էին: Ես ինքս եզդի եմ, Սինջարից: ԻՊ-ի զինյալներն առևանգել էին իմ հարազատներից շատերին: Նրանցից 26-ը դեռ ԻՊ-ի ձեռքերում են: Հազարավոր եզդիների գերեվարել են Սինջար քաղաքում իրականացված ջարդի ժամանակ: Գերիների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Ես որոշեցի միանալ փրկարարական խմբերին որպես կամավոր», — ասել է Շիրինը:

Նրա խոսքով, բացի Իրաքի քրդական տարածաշրջանային վարչության (KRAI) ներկայացուցիչներից, ոչ ոք ոչինչ չի արել եզդիներին փրկելու համար:

«Եվրոպան, որը խոսում է մարդու իրավունքների նվիրվածության մասին, և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը ոչինչ չձեռնարկեցին», — ասել է Շիրինը:

Եզդի Հուսեյն Բոզանն էլ պատմել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները եզդի տղամարդկանց, կանանց ու երեխաներին առանձին խմբերի են բաժանել:

«Իմ որդիներից երեքը մի տեղում հայտնվեցին, իսկ երկու աղջիկներս` մյուսում, ինձ կնոջս հետ երրորդ խումբ տարան, որովհետև մենք տարեց էինք: Մեկ շաբաթվա գերությունից հետո ես կարողացա փախչել: Ահաբեկիչները կնոջս ազատ արձակեցին, որովհետև նա շատ տարեց էր: Երեք տղաներիս և երկու աղջիկներիս ճակատագրի մասին որոշ ժամանակ ոչինչ չգիտեի: Դուստրերիցս մեկը 17 տարեկան էր, մյուսը` ընդամենը 7: Մի քանի ամիս առաջ կրտսեր աղջիկս փրկվեց Ռաքքայում, իսկ ավագը` Մոսուլում: Բառերով հնարավոր չէ փոխանցել, թե ինչ զգացի, երբ նորից գրկեցի նրանց», — պատմել է Բոզանը:

Նրա երեք որդին դեռ ԻՊ-ի ձեռքերում են: Լսել է, որ ահաբեկիչները սպանել են նրանց, բայց չի ուզում հավատալ լսածին:

Sputnik- ին տված հարցազրույցում Ռաքքայի ազատագրման գործողության ընթացքում փրկված 9-ամյա Լ.Մ.-ն խնդրել է ցույց չտալ իր դեմքը։

«Եթե ինձ ճանաչեն ԻՊ-ի զինյալները, նրանք կսպանեն գերության մեջ գտնվող եղբայրներիս ու հարազատներիս», — ասել է նա:

Նա ընդամենը 6 տարեկան է եղել, երբ հայտնվել է իսլամականների ձեռքում։ Նրան բաժանել են ընտանիքից և բանտ ուղարկել հորեղբոր աղջկա հետ:

«Բանտում ուրիշ եզդիներ էլ կային, բոլորիս ստիպեցին իսլամ ընդունել: Ասում էին` կսպանեն նրանց, ովքեր Ղուրան չեն կարդում և չեն աղոթում: Բոլորի անունները փոխեցին, ինձ Ֆաթիմա անունը տվեցին: Բանտում 3 ամիս անցկացնելուց հետո աղջիկներից շատերին, այդ թվում` ինձ, Ռաքքա ուղարկեցին»,- պատմել է աղջիկը:

Հաճախ էին ծեծում: Ինչ-որ ժամանակ անց աղջիկներն արդեն չէին արտասվում, որովհետև արցունքների համար ավելի դաժան էին ծեծում:

Նրան վերավաճառել են 3 անգամ: Սկզբում հայտնվել է Աբդուլսելամ անունով զինյալի մոտ, որը ծագումով Չեչնիայից է եղել:

«ԻՊ-ի այս էմիրի տանն ինձ չեն բռնաբարել: Նա ինձ ասում էր. «Ես քեզ վաճառելու եմ, երբ մեծանաս, դու ամուսնանալու ես»: Աբդուլսելամը ինձ վաճառեց Աբու Բեքիր անունով մի զինյալի: Նրա մոտ միառժամանակ մնալուց հետո ինձ տեղավորեցին հորեղբորս դստեր հետ, որին գերության մեջ էին պահում Ռաքքայում: Մեզ հետ դաժան էին վարվում, նրանք կարեկցանքի զգացողություն չունեին», — ասել է աղջիկը:

Նա պատմել է նաև, որ ԻՊ-ի զինյալները ստիպել են մարդկանց խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր դիտել: Ասել են, որ սպանում են բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ են փոխանցում փեշմերգայի ջոկատներին:

«Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես մի կնոջ սպանեցին, դանակով կրծքին հարվածեցին հենց Ռաքքայի փողոցում», — ասել է Լ.Մ.-ն:

Նրան հաջողվել է փախչել Ռաքքայի ազատագրման գործողության ժամանակ: Հասել է մոտակա գյուղը, դիմել է սիրիական ժողովրդավարական ուժերին, որոնք աղջկան տարել են Դահուկի ճամբար` ընտանիքի մոտ:

«Այնտեղ իմացա, որ իմ եղբայրները դեռ ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքերում են, իսկ հարազատներիցս ոմանք սպանված են», — ասել է աղջիկը:

3 տարի առաջ ստեղծված Եզդիների փրկարարական կենտրոնի ղեկավար Հուսեյն էլ-Քաիդին Sputnik- ին տված հարցազրույցում պատմել է, որ մինչ օրս կենտրոնի իրականացրած գործողությունների ընթացքում փրկվել են 3157 գերի եզդի, սակայն 3200-ը դեռ ԻՊ-ի ձեռքերում են:

«Մեր կենտրոնը հիմնադրվել է 2014 թ. հոկտեմբերին, Իրաքի քրդական տարածաշրջանային վարչության (ԻՔՏՎ) վարչապետ Նեչիրվան Բարզանիի հրամանով: Կենտրոնը ստանում է ԻՔՏՎ-ի աջակցությունը և իրականացնում է գողացված մարդկանց, հիմնականում եզդիների փրկության գործողություններ։ Մենք չունենք որևէ այլ կազմակերպություն, որը զբաղվում է առևանգվածների փրկությամբ: Մենք օգնություն ենք խնդրել Իրաքի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կենտրոնական կառավարություններից, բայց նրանցից ոչ մեկը մեզ չի օգնել», — ասել է Էլ-Քաիդին:

Կենտրոնի ղեկավարը նշել է, որ գերիների մեջ կան նաև այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, սակայն ճնշող մեծամասնությունը եզդիներ են: Նրա տվյալներով, ԻՊ-ն ընդհանուր առմամբ 6417 եզդու է գերեվարել:

«Մենք փրկեցինք 3157 մարդու, որոնցից 1121 կին էին, ավելի քան 1700-ը` երեխա, 335 տղամարդ: Մեր տեղեկություններով, ԻՊ-ի ձեռքում դեռևս 3200 մարդ կա։ Մենք այս մարդկանց տանում ենք իրենց տները կամ տեղաբաշխում ենք փախստականների համար նախատեսված ճամբարներում: Նրանցից շատերը հոգեբանական ծանր վիճակում են, աջակցության ու դեղերի կարիք ունեն: Մենք իսկապես համաշխարհային հանրության օգնության կարիքն ունենք», — ասել է Էլ-Քաիդին:

Դահուկի ճամբարում գտնվող եզդիներից շատերը հրաժարվել են խոսել Sputnik-ի թղթակցի հետ, քանի որ դեռ թարմ է ողբերգության հիշողությունը: