Աշխարհ
© AFP 2020 / Daniel Leal-Olivas

Հայտնի է դարձել արքայազն Հարրիի ամուսնության օրը

Ստանալ կարճ հղումը

Հարսանեկան արարողությունը տեղի կունենա ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակչի օրը, այնպես որ բրիտանացիները դժվար ընտրության առջև կկանգնեն. ի՞նչ նայել հեռուստացույցով։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանիայի հանրության կողմից սիրված արքայազն Հարրին և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը կամուսնանան 2018 թվականի մայիսի 19-ին։ Այդ մասին հայտնել են Քենսինգտոնյան պալատի Twitter–ի պաշտոնական միկրոբլոգում։

«Թագավորական Մեծություն Ուելսի արքայազն Հարրին և միսս Մեգան Մարքլը կամուսնանան 2018 թվականի մայիսի 19-ին։ Այսօրվա հայտարարությունը լրացումն է հարսանիքի օրվա և անցկացման վայրի (Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի մատուռ) վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարության», – գրված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ` նոյեմբերի 27-ին, արքայազն Հարրին և Մարքլը հայտարարել էին իրենց նշանադրության մասին։ Իսկ հարսանեկան արարողությունը տեղի կունենա ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակչի նույն օրը։

Անգլիայի եկեղեցում ամուսնանալու համար, բողոքական Մարքլը պետք է կատեխիզացիա անցնի։ Բացի այդ, աղջիկը հանուն ամուսնության որոշել է զոհաբերել դերասանական կարիերան։ Նա նաև մտադիր է բրիտանական քաղաքացիություն ստանալ։

Հարսանիքի բոլոր ծախսերը թագավորական ընտանիքն իր վրա է վերցրել։

Քենսինգտոնյան պալատի ներկայացուցիչը երկու օր առաջ հայտարարել էր, որ արքայազն Հարրիի հարսնացուն հրավեր է ստացել թագավորական ընտանիքի հետ նշել Սուրբ Ծնունդը Սանդրինգեմ կալվածքում` Նորֆոլկում։ Դա ավանդույթների խախտում է, քանի որ ավանդույթի համաձայն` միայն թագավորական ընտանիքի անդամների ամուսիններն են ներառվում թագուհի Եղիսաբեթ II «մտերիմների կազմում»։