Աշխարհ
© Sputnik / Karen Yepremyan

«Սուսերով պարը» Տոկիո հասավ․ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը էկրան կբարձրանա Ճապոնիայում

Ստանալ կարճ հղումը

Մեծ կոմպոզիտորի մասին ֆիլմի ռեժիսորը Յուսուպ Ռազիկովն է, գլխավոր դերակատարը՝ Համբարձում Կաբանյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմը` «Սուսերով պարը», հուլիսի վերջին Ճապոնիայում մեծ էկրան կբարձրանա։ Տեղեկությունը Facebook-ի էր էջում հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը։

«Անհավանական է։ Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու DMH studio-ի աջակցությամբ, կցուցադրվի Ճապոնիայում։ Շնորհակալություն բոլորին ու առանձին Տիգրան Մանսուրյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսեսյանին և Շուշանիկ Միրզախանյանին։ Հաջողություն հայտնենք ճապոնացի դիստրիբյուտորներին, ու թող հնարավորինս շատ հանդիսատես դիտի ֆիլմը», - գրել է Դիշդիշյանը։

Ֆիլմը նվիրված է Խաչատրյանի գլուխգործոցի՝ «Գայանե» բալետի «Սուսերով պարի» ստեղծմանը։ Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում 1942 թվականի աշնանը Պերմում, որտեղ Խաչատրյանը հայտնվել էր տարհանման մեջ Լենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի (Մարիինյան թատրոն) հետ։ Հենց այստեղ «Գայանեի» վերջին փորձից առաջ նա տնօրինությունից հրահանգ է ստանում բալետի` արդեն պատրաստի վերջին հատվածի համար ևս մեկ պար ստեղծել։  Ու մի քանի ժամվա մեջ կոմպոզիտորը գրում է այդ երաժշտությունը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին։

Ֆիլմի ռեժիսորը Յուսուպ Ռազիկովն է, գլխավոր դերակատարը՝ Համբարձում Կաբանյանը։ Այլ դերերը մարմնավորել են Սերգեյ Յուշկևիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլյին-կրտսերն ու անցած տարվա հունիսին մահացած Ալեքսանդր Կուզնեցովը։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է։

Դե Նիրոն և դի Կապրիոն օգնում են մարդկանց և գայթակղիչ առաջարկ անում երկրպագուներին

Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին երկու փուլով՝ առաջինը՝ Ռուսաստանում, երկրորդը՝ Հայաստանում՝ այդ թվում նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում և Խոր Վիրապ վանքում։