21:34 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Объявление лауреатов Национальной литературной премии Большая книга

Զախար Պրիլեպին. «Սերը միակ բանն է, որի մասին գրելն ինձ հետաքրքիր է»

© Sputnik/ Владимир Песня
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Զախար Պրիլեպինի ստեղծագործություններն արդեն թարգմանվել են 22 լեզվով։ Ներկա պահին նրա վեպերից մեկը թարգմանվում է հայերեն։ Ռուս հայտնի գրողը համաձայնել է պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի.Sputnik. Գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Զախար Պրիլեպինի ստեղծագործություններն արդեն թարգմանվել են 22 լեզվով։ Ներկա պահին նրա վեպերից մեկը թարգմանվում է հայերեն։ Ռուս հայտնի գրողը համաձայնել է պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի հարցերին։

«Նովոստի–Արմենիա»– Ձեր, ինչպես նաև Ձեր հասարակական ու գրական գործունեության մասին կարծիքները շատ տարբեր են։ Ձեզ անվանում են և՛ «նոր Գորկի», և՛ «արմատական գրող»։Ինչու՞, ի՞նչ եք կարծում։

Պրիլեպին –
Կարծում եմ, որ յուրաքանչյուր գրող երբևէ հումանիստի, բոլոր երեխաների ու կենդանիների բարեկամի կարգավիճակ չունի։ Ցանկացած գրականություն չափազանց բարդ բաների մասին է։ Ասել այն մասին, որ գրականությունը պետք է պատշաճ, խորը բարոյական լինի, ինչպես օճառաջուրը, նշանակում է ժխտել գրականությունը։ Գրականությունը միշտ համոզմունքների, հայացքների բախում է, ծայրահեղականության սահմանին գտնվող մի բան։

«Նովոստի–Արմենիա»– Դուք ազգային–բոլշևիկյան կուսակցության անդամ եք։ Ձեզ չի՞ վախեցնում անվանումը, չէ՞ որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո բոլշևիկյան կուսակցությունը վարկաբեկվեց։

Պրիլեպին–
Ես ազգայնամոլ չեմ, ես, ավելի շուտ, դեմ եմ ռուս ազգայնամոլներին և նրանց հետ մշտական տարաձայնության, վեճի և դիմակայության մեջ եմ գտնվում։ Ես նրանց հետ շատ քիչ ընդհանուր բան ունեմ։ Ազգային–բոլշևիկյան կուսակցությունը, որպես գաղափարախոսություն, ստեղծվել է 1922–23թթ.–ին ռուս փիլիսոփա Նիկոլայ Ուստրյալովի կողմից։ Նա ազգային–բոլշևիզմը հանել է Ալեքսանդր Բլոկի, Սերգեյ Եսենինի, Ալեքսեյ Տոլստոյի ռուսական գրականությունից։ 1994թ.–ին շատերի մոտ սխալ պատկերացումներ ի հայտ եկան։ Այսօր այդ կուսակցությունը կոչվում է «Ուրիշ Ռուսաստան»։

«Նովոստի–Արմենիա»– Ծանո՞թ եք հայ գրականությանը։ Որպես անթոլոգիաների ստեղծող` ձեզ չի՞ գրավում հայ ժամանակակից գրողների և բանաստեղծների թարգմանությունների անթոլոգիայի ստեղծման գաղափարը։

Պրիլեպին–
Զուտ հիպոթետիկ առումով։ Չեմ կարող ասել, որ հայ գրականության մասնագետ եմ։ Ընթերցել եմ հայ գրողների ստեղծագործությունները դեռ երիտասարդ ժամանակ, երբ բանասիրական ֆակուլտետի ուսանող էի։ Շատ հզոր բանաստեղծ է Սիամանթոն, ծանոթ եմ Հակոբ Հակոբյանի, Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի ստեղծագործություններին։ Սակայն հայկական գրականության մասին իմ պատկերացումը սահմանափակվում է Արծաթե դարաշրջանով։

«Նովոստի–Արմենիա»–  Դուք մի անգամ ասել եք, որ գրողն աղբ արտադրելով է դառնում նյութապես անկախ։ Դուք նյութապես ապահովվա՞ծ եք։

Պրիլեպին–
Ոչ, ես կատակել եմ։Նշանակություն չունի, թե ինչ եմ ասել հարցազրույցի ժամանակ։ Ռուսաստանում ամենահարուստները «կանանց համար նախատեսված վեպեր» գրողներն են։ Չեմ կարող ասել, որ նրանք միայն աղբ են արտադրում։ Դոնցովան և Շիլովան ավելի շատ են վաստակում, քան Ակունինը։ Սա անհաղթելի իրավիճակ է։ Պարադոքս է. իմ վերջին վեպը` «Օթևանը», Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդեն մեկ տարի է` ամենավաճառվող գիրքն է։ Սակայն Ռուսաստանում իմ ստեղծագործությունները զիջում են կանանց համար նախատեսված վեպերին։ Թեև եթե չունենայի չորս երեխա, կկարողանայի ապրել միայն գրականությունից ստացած եկամտով։

«Նովոստի–Արմենիա»– Դուք տարբեր վայրերում եք աշխատել, եղել եք անվտանգության աշխատակից, Հատուկ նշանակության ջոկատի ստորաբաժանման հրամանատար եք եղել, 1996 և 1999թթ.–ին մասնակցել եք Չեչնիայում տեղի ունեցած ռազմական գործողություններին։ Հետո միայն, ինչպես ներկայացված է ձեր ինքնակենսագրության մեջ, նյութական պայմանները բարելավելու համար զբաղվել եք լրագրությամբ։ Կյանքի և մասնագիտական հարուստ փորձը ձեզ դարձրել են գրո՞ղ, թե՞ հոգով լինելով ստեղծագործ մարդ` Դուք փորձ եք ձեռք բերել։

Պրիլեպին–
Առաջին տարբերակը։ Վեց տարի աշխատել եմ Հատուկ նշանակության ջոկատում, զբաղվել տարբեր գործունեությամբ, հետո ծնվեցին երեխաներս։ Սկսեց գումարս չբավարարել։ Ես չէի պատրաստվում գրող դառնալ։ Երբ 30–ամյակիս նախաշեմին սկսեցի գրել առաջին վեպս, կարծում էի, թե այն կլինի իմ միակ վեպը։ Պարզապես ուզում էի ծառ տնկել, տուն կառուցել, գիրք գրել։ Իսկ հետո հանկարծ պարզվեց, որ այդ ամենը կարող է գումար բերել։ Ես հոգով գրող չէի։ Այո, երիտասարդ ժամանակ գրել եմ բանաստեղծություններ և շատ պոեզիա կարդացել։ Երևի այդ ժամանակ էլ  որոշակի զգացողության, լեզվական ժառանգության հիմք է դրվել։ Իսկ հետո տարիներ անց այդ ամենը վերածվեց գրելու ունակության։

«Նովոստի–Արմենիա»–  Դուք նշել էիք, որ սկսել եք «սիրո մասին վեպ գրել, սակայն աստիճանաբար այն վերածվել է Չեչնիայի մասին վեպի` որպես կյանքիս ամենաուժեղ փորձ, ինչպես ասվում է, ինչ անում ես, մեկ է Կալաշնիկովի ինքնաձիգ է ստացվում»։ Ինչու՞, ձեզ չի՞ հետաքրքրում սիրո թեման։

Պրիլեպին–
Ոչ, ինձ շատ է հետաքրքրում։ Իմ վերջին վեպը` «Օթևանը», որը հուսով եմ կթարգմանվի հայերեն, սիրո մասին է։ Հուսով եմ, որ այնտեղ լավ է ստացվել և′ կնոջ կերպարը, և′ սիրային գիծը։ Ըստ էության, դա միակ բանն է, ինչի մասին ինձ հետաքրքիր է գրել։ Հատկապես տղամարդու և կնոջ սիրո մասին։ Պատերազմի մասին արդեն շատ եմ գրել։

«Նովոստի–Արմենիա»– 2011թ.–ից Դուք սկսել եք զբաղվել նաև երաժշտական գործունեությամբ։ Գրականության շրջանակը նեղացել՞ էր։

Պրիլեպին–
Դա մարդկանց, էներգիայի հետ աշխատելու լիովին այլ ձևաչափ է։ Այս ամենը շատ է ոգևորում։ Համեմատում եմ դա Հատուկ նշանակության ջոկատում կատարած աշխատանքիս հետ։ Ինձ չէր բավարարում ուրախ տղամարդու խանդավառությունը։ Ես խենթ երաժշտամոլ եմ։ Ցանկանում էի որոշ բան ինքնուրույն վերարտադրել։ Իմ թիմի հետ ստեղծեցինք «Որսորդը» ալբոմը, որից չափազանց գոհ եմ։ Առաջիկա տարում ես գուցե ոչ թե խոսեմ, այլ երգեմ։

«Նովոստի–Արմենիա»– 2012թ.–ից Դուք զբաղվել եք դերասանական գործունեությամբ։ Ընդ որում` ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը բարձր է գնահատել ձեր տաղանդը։ Ի՞նչն է տարել ձեզ կինո։

Պրիլեպին–
Ոչինչ չի տարել։ Ինձ պարզապես ժամանակ առ ժամանակ առաջարկում են նկարահանվել, և ես, խուլիգանությունից ելնելով, զբաղվում եմ դրանով։ Ես, իհարկե, դերասան չեմ, սակայն մյուս կողմից ինձ հաջողվում է բավականին դյուրին ներկայացնել այս կամ այն կերպարը։ Մարմնավորել եմ տաքսիստի, մարդասպանի, բանաստեղծի կերպարներ։ Ինձ այդ հարցում հատուկ վերաբերմունք է ցուցաբերվում, քանի որ չեն ստիպում անգիր անել տեքստը։ Ես այն ընթացքում եմ հորինում։ Ինձ այդ ամենը զվարճացնում է, քանի որ սա նոր փորձ է։

«Նովոստի–Արմենիա»–  Հաճախ եք հումանիտար առաքելության նպատակով այցելում Ուկրաինայի հարավ–արևելք։ Այդ ամենն արտացոլվու՞մ է ձեր ստեղծագործություններում, ինչի՞ վրա եք աշխատում այժմ։

Պրիլեպին–
Հիմա ոչինչ չեմ գրում։ Լիցքավորվում եմ տարատեսակ էմոցիաներով։ Գրականությունը չի ստեղծվում սկզբունքով` գնացիր, տեսար և միանգամից գրեցիր։ Ես ապրել եմ Դոնբասում ընդհանուր առմամբ երկու–երեք ամիս, սակայն դրա մասին չեմ գրելու, քանի որ պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի այդ ամենը հանդարտվի գլխումս։ Ես Չեչնիայի մասին սկսեցի գրել տասը տարի հետո։ Ես չեմ գրում «գրառումներ` պատուհանից»։ Այսօր զբաղվում եմ երաժշտությամբ և հրապարակախոսությամբ։

«Նովոստի–Արմենիա»–  2015թ.–ի ապրիլին «Օթևան»  վեպը առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամենավաճառվող գրքերի վարկանիշում` Pro-Books.ru կայքի տվյալներով։ 2014թ.–ի հոկտեմբերին Դուք ներառվել եք տարվա հարյուր մարդկանց ցանկում` «Ռուսկի ռեպորտյոր» ամսագրի տվյալներով։ Նոյեմբերին զբաղեցրել եք ութերորդ հորիզոնականը Ռուսաստանի ամենահեռանկարային քաղաքական գործիչների ցանկում, որը կազմել է Սոցիալ–տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ 2015թ.–ի ապրիլին Դուք արդեն հայտնվել եք նմանատիպ ցանկի հինգերորդ հորիզոնականում։ Կյանքը հաջողվե՞լ է։

Պրիլեպին– 
Այս ամենը շատ ակնթարթային է։ Ես հորիզոնական չէի փնտրում այդ վարկանիշում։ Գիրքը չի կարող միշտ հայտնի լինել։ Որոշակի կարգավիճակի հասնելու համար շատ ժամանակ է հարկավոր։ Ես գոհ եմ, որ մայրս գոհ է։ Նա հավաքում է հոդվածներ, ռեպորտաժներ, ֆիլմեր։ Մնացած ամեն ինչը կարող է քշել միջանցուկ քամին։ –0–

Գլխավոր թեմաներ