10:13 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
армия оборона Карабах граница военнослужащий НКР

Հայկական կողմին կարող է ձանձրացնել Ադրբեջանին զսպելու հանգամանքը

© АРКА
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
Հրանտ Մելիք-Շահնազարյան
518 0 0

Այն, որ բանակցային գործընթացն ու իրավիճակը սահմանում իրար չեն համապատասխանում, կարծես, այլևս ակնհայտ է: Ավելին՝ փաստ է, որ զարգացումները մարտադաշտում և բանակցային գործընթացում ուղիղ հակադիր են միմյանց, գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում ողջ գիշեր լարված է եղել: Համաձայն Արցախի Պաշտպանության բանակի մամլո հաղորդագրության, ադրբեջանական զինված ուժերը գնդացիրներից զատ օգտագործել են նաև 60 միլիմետրանոց ականանետներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 120 արկ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գիշերն անցկացրել է առաջնագծում: Հայ-ադրբեջանական սահմանի գրեթե բոլոր հատվածներից ստացվող լուրերը վկայում են այն մասին, որ իրավիճակը ծայրահեղ լարված է ու պայթունավտանգ:

Սահմանային զարգացումների տրամաբանությանը միանգամայն հակառակ գործընթացներ են տեղի ունենում դիվանագիտական հարթակներում: Վերջին օրերի լրահոսը լեցուն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր այցերի, հանդիպումների և հայտարարությունների մասն լուրերով: Բոլորը միաբերան պնդում են, թե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ակտիվացնելու հարմար նախադրյալներ կան. Անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները պետք է ինտենսիվացնել՝ վստահեցնելով, որ այդ հարցում կարող են առաջընթաց ապահովել:

Այն որ բանակցային գործընթացն ու իրավիճակը սահմանում իրար չեն համապատասխանում, կարծես, արդեն ակնհայտ է: Ավելին՝ փաստ է, որ զարգացումները մարտադաշտում և բանակցային գործընթացում ուղիղ հակադիր են միմյանց. որքան ակտիվանում են միջնորդներն, այնքան ավելի վտանգավոր է դառնում իրավիճակը սահմանում: Դատելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների նախաձեռնող կողմն Ադրբեջանն է՝ կարելի է հանգել այն եզրակացության, որ հենց պաշտոնական Բաքուն է խոչընդոտում բանակցային գործընթացին: Մեծ հաշվով, Ալիևի վարչակազմը չի էլ թաքցնում, որ դժգոհ է հայկական կողմի հետ հանդիպումների արդյունքներից և որ իր սպասելիքները շատ ավելին են, քան առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները: Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջատիրությունը բազմիցս բարձրաձայնվել է այդ պետության ղեկավարի կողմից՝ ողջ Արցախից բացի ներառելով նաև ՀՀ որոշ տարածքներ…Բաքվի հաշվարկներն իրականում անհիմն չեն: Իրենց գործողություններում ադրբեջանական կողմն առաջնորդվում է երկու հիմնական ցուցիչներով՝ ա) ինչպիսի՞նն է հայկական կողմի արձագանքն ադրբեջանական սադրանքների հանդեպ և բ) ինչպե՞ս է միջազգային հանրությունը՝ հատկապես Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, պատրաստվում հետագայում ևս ապահովել Հարավային Կովկասի անվտանգությունն ու կանխատեսելիությունը: Երկու կարևոր այս գործոնների համադրումն Ադրբեջանի համար դառում է սահմանում իրավիճակը լարելու կամ հարաբերական անդորր պահպանելու որոշման նախադրյալ: Սրանով է պայմանավորված վերջին երկու տարիների սրված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում: Բաքվում հասկացել են, որ Ուկրաինայի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերսկսված աշխարհաքաղաքական մրցակցությունը խափանել է նաև Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցությունը Հարավային Կովկասում: Եթե նախկինում Կրեմլն ու Սպիտակ տունը համաձայնեցնում էին իրենց քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ապա 2013 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի ռազմատենչ ցանկությունները զսպող այդ գործոնն այլևս չէր աշխատում: Ինչ վերաբերվում է հայկական կողմի արձագանքին, ապա, արդար լինելու համար պետք է փաստել, որ Երևանի ջանքերը՝ ո՛չ ռազմական և ո՛չ էլ դիվանագիտական տեսանկյունից, բավարար չեն կայուն խաղաղություն պահպանելու համար: Ալիևի վարչակազմն առաջնագծում իրեն վստահ է զգում զուտ այն պատճառով, որ կարող է վերահսկել լարվածության աստիճանը: Վտանգի մեծացման դեպքում Բաքուն պարզապես դադարեցնում է ռազմական ակտիվությունը՝ վստահ լինելով, որ դա կբերի նաև հայկական զինուժի գործողությունների դադարեցմանը: Հայկական կողմից նախահարձակ գործողությունների վտանգ Ադրբեջանը երբեք չի զգացել և դա թույլ է տվել Բաքվին իր հարմար ցանկացած պահի սրել իրավիճակը սահմանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կրկին խաղաղության կողմնակից ձևանալ: Ահա ռազմաքաղաքական այս իրավիճակն է, որ հետզհետե բերել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս փուլին՝ տալով Ադրբեջանին անպատիժ և անկաշկանդ գործելու հնարավորություն: Բանը հասել է անգամ նրան, որ ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ Հայաստանի դիրքերն անմիջապես այն բանից հետո, երբ Մոսկվայում տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է հենց հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունն ու անհրաժեշտությունը:

Ադրբեջանը, իհարկե, հենց այնպես չէ սրում իրավիճակը սահմանում: Բաքուն նման վարք դրսևորելու արտաքին և ներքին բնույթի շատ պատճառներ ունի: Եթե մի կողմ դնենք ադրբեջանական պահանջատիրության մաքսիմալիզմը, այսինքն` նրանց ստրատեգիական նպատակները, որոնք, ի դեպ, հասկանալի պատճառներով անիրականանալի են, ապա միևնույն է կարելի կլինի վստահ ասել, որ Ադրբեջանն այսօր ունի նաև մարտավարական խնդիրներ, որոնցից կարևորագույնը հայկական պետությունների հետ սահմանում իրավիճակը լարելու մշտական հնարավորություն ունենալն է: Դա թույլ է տալիս Ալիևի վարչակազմին իր քաղաքական զինանոցում մշտապես ունենալ պատերազմի վերսկսման սպառնալիք, որը հաճախ խիստ արդյունավետ կիրառվում է ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ ներքաղաքական խնդիրներ լուծելու ընթացքում: Ադրբեջանը խիստ հետևողական է այդ հնարավորությունը պահպանելու իր քաղաքականության մեջ և միշտ սրում է իրավիճակը սահմանում այն ընթացքում, երբ զգում է տարածաշրջանում իրավիճակի փոփոխման իրական վտանգ: Դրանով էին պայմանավորված ադրբեջանական զինված ուժերի ակտիվությունը 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, այս տարվա սկզբին և հիմա: Բաքվի մտահոգությունների ներկայիս հիմնական պատճառը միջազգային միջնորդների «Վեցյակի» և Իրանի միջև ձեռքբերված պայմանավորվածություններն են: Ադրբեջանում տեսան Իրանի միջուկային խնդրի հաղթահարման գործում ռուս-ամերիկյան համագործակցության բարձր արդյունավետությունը և վախեցան այդ համագործակցության հետագա զարգացումների հեռանկարից: Ալիևի վարչակազմին հատկապես կարող էր մտահոգել Ջեյմս Ուորլիքի՝ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցի այն միտքը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց հետ խնդիրներ չունեն Հարավային Կովկասում, և որ մեր տարածաշրջանի զարգացումները միավորում են երկու տերություններին: Ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահի ականջների համար սա իր հնարավորությունները սահմանափակող երկու հիմնական գործոններից մեկի՝ տարածաշրջանում ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնում է նշանակում: Եվ քանի դեռ այդ գործընթացը տրամաբանական ավարտին չի հասել, Բաքուն փորձում է հնարավորինս ավելի խճճել իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ բանակցությունների մասին ցանկացած զրույց վերածելով անիմաստ նախաձեռնության: Մինչ ինչ-որ բան նորից կփոխվի և Ադրբեջանը նորից ակտիվ գործելու հնարավորություն կստանա:

Իրականում, Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը խիստ պարզ է և հեշտ հաշվարկելի: Պարզ են նաև այն մեխանիզմները, որոնք կարող են զսպել Բաքվի ռազմական ակտիվությունը: Բայց ամեն ինչ հանգում է, այսպես կոչված, քաղաքական կամքին և բազմաչարչար երկակի ստանդարտներին: Պաշտոնական Երևանը, որն ունի Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու համար անհրաժեշտ բավարար ռազմական ներուժ, շարունակում է հիմնական շեշտադրումներն անել դիվանագիտական ճանապարհով հարցի լուծման վրա: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջում է միջնորդներից և միջազգային հեղինակավոր կազմակերպություններից հավասարության նշաններ չդնել հայկական և ադրբեջանական կողմերի միջև ու հստակ մատնանշել տարածաշրջանի անվտանգության հիմնական սպառնալիքները: Մատնանշել ու դատապարտել, դատապարտել ու կանխել: Մինչ այս պահը խնդիրը կիսով չափ է լուծված. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև եվրոպական քաղաքական հանրությունը, արդեն իսկ դատապարտել է Ադրբեջանին՝ պահանջելով մնալ բանակցային գործընթացի տրամաբանության շրջանակներում: Բայց դատապարտմանը դեռևս չի հետևել ադրբեջանական ռազմատենչության կանխումը:

Այս իրավիճակում կրկին առաջ է գալիս ռազմական հակադարձման ճանապարհով Ադրբեջանին զսպելու անհրաժեշտություն, ինչն էլ անում է հայկական կողմը: Բայց ամեն ինչ կախված կլինի պատասխան գործողությունների ծավալներից: Կբավարարի՞ արդյոք հայկական բանակի համբերությունը բանակցային նոր փուլի համար, ցույց կտա ժամանակը: Այս պահին պարզ է միայն այն փաստը, որ նույն այդ բանակցությունների կամ, այսպես կոչված, հնարավորությունների պատուհանի, շարունակականությունը ապահովվում է բացառապես ՀՀ զինված ուժերի շնորհիվ:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Գլխավոր թեմաներ