16:56 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Арцах, НКР

Լեռնային Ղարաբաղ. բանակցությունների իմիտացիա և բռնության պարույր

© Weltrekordreise
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Ներկայիս իրավիճակը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցությունների ընթացքում մի բան է խոսում, իսկ իրականում բոլորովին այլ բան է անում, իսկ միջնորդներն աչք են փակում դրա վրա, Երևանի համար անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացները կրկին գրավել են միջազգային հանրության ուշադրությունը։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հակամարտությանը մեծ տեղ է հատկացվել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Երևանում և Բաքվում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի բանակցությունների ընթացքում։

Բացի այդ, Ղարաբաղյան հակամարտության գոտում Բաքվում առաջին Եվրոպական խաղերով պայմանավորված հարաբերական լռությունից հետո սահմանում իրավիճակը կրկին սրվել է։ Փոխհրաձգություն է արձանագրվում ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի դիպուկահար զենքից։

Համանախագահների առաջնահերթությունների մասին

Հայկական հասարակայնությունը շատ սուր է արձագանքել «Վեդոմոստիին» ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի տված վերջին հարցազրույցին վերջինիս` Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Թեև Ուորլիքը հիմնականում խոսել է Մադրիդյան սկբունքների մասին, որոնք բանակցային գործընթացի հիմքն են։ Սակայն, հայկական հասարակայնության կարծիքով, ադրբեջանական կողմի` «մկանների ցուցադրման» մշտական փորձերի պայմաններում առաջնահերթ պետք է լինի առաջնային գծում լարվածությունը մեղմելու լուծումների որոնումը։

Բացի այդ, խոսակցությունը միայն հայկական կողմից ակնկալվող փոխզիջումների մասին էր Ադրբեջանի` բանակցային գործընթացում և բարձր մակարդակով հանդիպումներում ստանձնած նվազագույն թվով պարտավորությունների չկատարման փաստի լռեցման ֆոնին։ Օրինակ, ընդհանուր առմամբ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելը չի ազդում բանակցային գործընթացի վրա։ 

Ամերիկացի համանախագահի հարցազրույցում միայն դրական պահն այն էր, որ, ըստ Ուորլիքի, չնայած ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև հարաբերությունների լարվածությանը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում «Մոսկվայի և Վաշինգտոնի հայացքներն իսկապես համընկնում են»։

Ի տարբերություն Ուորլիքի, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի զուսպ էր։ Իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը նա նշել է միայն, որ ժամանակն է ակտիվացնել բանակցային գործընթացը խնդրի լուծման համար։

Փորձագետների հոռետեսությունը

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Ուորլիքի և Լավրովի վերջին հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ԱՄՆ–ի և Ռուսաստանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության շուրջ այս պահին որոշակի չափով իսկապես համընկնում են։ «Այն, ինչ հնչեցրել է Ուորլիքը, ոչ միայն ամերիկյան դիրքորոշումն է, դա նաև բոլոր համանախագահների դիրքորոշումն է։ Սկզբունքորեն, դրանք այն նույն Մադրիդյան սկզբունքներն են»,– ասաց փորձագետը։

Հակոբյանի խոսքով, միաժամանակ, ԱՄՆ–ի նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելն է, մասնավորապես, Հայաստանում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջոցով։ Հենց հակամարտության չկարգավորմամբ և այդ կապակցությամբ Մոսկվայից անվտանգության ոլորտում Երևանի կախվածությամբ է պայմանավորված, ըստ նրա, Վաշինգտոնի պասիվությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հակոբյանն իր հերթին կարծում է, որ Մոսկվան հույս ունի բանակցային գործընթացի առաջխաղացման միջոցով հասնել Բաքվի մասնակցությանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։

Մեկնաբանելով առաջնային գծում իրավիճակի վերջին սրումը` Հակոբյանը չի բացառում խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում հակամարտության արհեստական էսկալացիայի պայմաններում։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը միաժամանակ խոստովանում է, որ չունի որևէ առանձնահատուկ ակնկալիքներ բանակցային գործընթացի առաջխաղացման հարցում, և կատարվող իրադարձություններն արտասովոր չի համարում։ «Առանձնապես ակտիվություն չեմ տեսնում։ Սերգեյ Լավրովը պարզապես հանդիպել է Մամեդյարովի հետ, պետք էր, չէ՞, ինչ–որ բան ասել։ Իսկ Ուորլիքը` դա նրա աշխատանքն է, որևէ նոր բան նա չի ասել։ Կարող է` որևէ մեկին հայտնի չէ՞ Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը։ Ամերիկացի համանախագահներն ըստ ավանդույթի միշտ ավելի ակտիվ են, իսկ Մեթյու Բրայզայի (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ) համեմատ նա առհասարակ լռակյաց է»,– ասաց Մինասյանը։

Երևանն ու Ստեփանակերտը որոշակիություն են պահանջում

Բնականաբար, ներկայիս իրավիճակը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցությունների ընթացքում մի բան է խոսում, իսկ իրականում բոլորովին այլ բան է անում, իսկ միջնորդներն աչք են փակում դրա վրա, հայկական կողմի համար անընդունելի է։ Հատկապես, երբ ագրեսիվ հռետորության ֆոնին Բաքվում միջնորդները խոսում են նախկին ԼՂԻՄ–ի շուրջ ազատագրված շրջանների վերադարձի մասին։ 
Հենց այդ պատճառով պաշտոնական Երևանն ընդգծում է, որ թեև պատրաստ է խելամիտ փոխզիջումների հանուն հակամարտության կարգավորման, սակայն որևէ միակողմանի զիջում չի լինելու։

Կուլուարային զրույցներում իշխանությունների ներկայացուցիչներն ավելի հստակ են խոսում` Ադրբեջանը մի սանտիմետր հող էլ չի ստանա մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը և դրա իրավաբանական ամրագրումը։ Հենց այդ պատճառով էլ վերջին տարիներին ադրբեջանական իշխանություններն անում են ամեն ինչ, որ հասնեն բանակցային գործընթացի ձախողմանը, քանի որ պատրաստ չեն կառուցողական երկխոսության և փողզիջումների, և հենց այդ պատճառով Հայաստանն ու Արցախը հեռոտեսորեն են վերաբերվում բանակցությունների առաջխաղացմանը։

Դատելով Երևանում ՆԱՏՕ–ի «Rose-Roth» խորհրդարանական ասամբլեայի հունիսյան սեմինարի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորի հնչեցրած խոսքերից`միջնորդները նույնպես առանձնապես լավատես չեն։ Դիվանագիտական պայմանականություններից ազատ Ֆորն ասել էր, որ եթե Հայաստանը բանակցություններում հիմնվում է բոլոր երեք` ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա, ապա Ադրբեջանը կենտրոնացած է միայն մեկի` տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Նախկին համանախագահը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի վրա ճնշման մեխանիզմներ չունի։

Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` 2014 թվականին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ կողմերը փաստորեն ընդունեցին, որ Ադրբեջանին ձեռնտու է այս հակամարտության չկարգավորված լինելը։

Նա միաժամանակ վստահ է, որ Ադրբեջանը ոչնչի չի հասնի` ավելացնելով ռազմական ճնշումը Հայաստանի նկատմամբ։

Ի հաստատումն Ֆորի խոսքերի, առաջնային գծում իրավիճակի սրմանն ի պատասխան Երևանից ավելի կոշտ արձագանքեց Ստեփանակերտը, հայտնելով, որ նախկին սահմաններին վերադառնալն անհնար է, և որ նա պատրաստ է կոշտ պատասխանել հակառակորդի ցանկացած սադրանքի։

Այս պայմաններում կարելի է կանխատեսել, որ կողմերն ու միջնորդները կշարունակեն բանակցային գործընթացի իմիտացիան, իսկ առաջնային գծում իրավիճակն ավելի ու ավելի կսրվի։ Հաշվի առնելով Ռուսաստանի Հայաստանի ռազմական միությունը, ինչպես նաև տեխնիկայի քանակական և որակական գերազանցության ոչ բավարար լինելը հարձակողական պատերազմի համար` Բաքուն դժվար թե պատերազմ վերսկսի, կարծում են փորձագետները։

Իրանական գործոն

Իրանը հիմա էլ փորձում է ազդել տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա` հաշվի առնելով Հայաստանի հետ իր բարեկամական կապերը, ինչպես նաև Ադրբեջանում շիիթական մեծամասնությունը։  Սակայն Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումից հետո քաղաքական լծակներից բացի Թեհրանը կստանա նաև տնտեսական հնարավորություններ` խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար։

Եվ Իլհամ Ալիևի խոսքը հուլիսի կեսին կառավարության նիստում այն մասին, որ Ադրբեջանին ոչ ոք պետք չէ, այլ նա է պետք բոլորին, կոչված էր ներշնչել ադրբեջանական հասարակությանը, որ Արևմուտքի վերաբերմունքը երկրի նկատմամբ չի փոխվի։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հարցում Թեհրանի դիրքորոշմանը, ապա, ինչպես հայտնի է, Իրանը կանոնավոր կերպով հիշեցրել է, որ Ղարաբաղին սահմանակից միակ երկիրն է և ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում խաղաղապահ ուժեր տեղակայելու դեպքում հաշվի առնվի նրա դիրքորոշումը։ Ավելի վաղ Իրանն Արևմուտքի հետ հակամարտության պայմաններում բավական բացասական է վերաբերվել իր հյուսիսային սահմանին ՆԱՏՕ–ի երկրներից խաղաղապահներ տեղակայելու հնարավորությանը։ Սակայն իրանաամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է հանգեցնել նրան, որ Իրանի դիրքորոշումը տվյալ հարցում կփոխվի։

Բռնության պարույրը պտտվում է

Ակնհայտ է, որ Բաքուն կփորձի առաջնագծում կրակոցների և դիվերսիաների օգնությամբ շանտաժի ենթարկել Հայաստանին և միջնորդներին, ինչպես նաև հիշեցնել համաշխարհային հանրությանը սառեցված հակամարտության գոյության մասին։ Միաժամանակ նավթի գների անկումը,ինչպես նաև որոշ արտաքին քաղաքական միտումներ, մասնավորապես, Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելը` նրա նավթագազային հնարավորություններով և տարանցիկ պոտենցիալով, կարող են Բաքվի գործություններն ավելի անկանխատեսելի դարձնել։

Անցյալից բռնության պարույրում հայտնվել է ևս մեկ շիվ, և եթե նախկինում կողմերն օգտագործում էին խոշոր տրամաչափի հրազենային զենք, ապա հիմա արդեն սովորական է համարվում ականանետների և նռնականետների կիրառումը։ Բացառված չէ, որ այդ պարույրը կշարունակի պտտվել, և շուտով գործի կդրվի տանկային հրետանին։ Նման պայմաններում անցած տարվա օգոստոսյան արյունահեղ իրադարձությունների նման սրացումները կանոնավոր տեղի կունենան։

Միաժամանակ Մոսկվան Հայաստանին ռուսական զենք առաքելով, բարձրաստիճան զինվորականների` Երևան կատարած այցերով (վերջերս Երևան էր ժամանել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–գնդապետ Իգոր Սերգունը) հասկացնել է տալիս Բաքվին, որ առաջնային գծում իրավիճակի սրման և սպառազինությունների մրցավազքի արդյունքում հայկական կողմի զիջումների հույսն իզուր են։ ՌԴ–ը չի գնա զիջումների տարածաշրջանում իր ռազմաքաղաքական դաշնակցի հաշվին։

Կարո՞ղ են արդյոք ԱՄՆ–ը, ԵՄ–ն և Ռուսաստանը մոռանալ իրենց հակասությունների մասին և արդյունավետ համագործակցություն հաստատել ղարաբաղյան հարցում, և կարելի՞ է արդյոք վերջապես հասնել առաջնային գծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմի ստեղծման և դիպուկահարների հեռացման, ինչի մասին կողմերը բազմիցս խոսել են բարձր մակարդակով հանդիպումներում. ահա երկու գլխավոր հարցերը, որոնց պատասխանները պետք է հնարավորինս արագ ստանալ։

Հայկ Խալաթյան, մեկնաբան` Sputnik-Արմենիայի համար

 

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ



 

Գլխավոր թեմաներ