15:12 20 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.09
  • GBP624.17
  • EUR554.26
  • RUB7.37
Ваагн Овнанян

Վահագն Հովնանյան. կյանքը մարտահրավեր է... Don’t give up!

© Sputnik / Асатур Есаянц
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
3467 0 0

Հովնանյանի մասին երկար կհիշեն` որպես հումորի նուրբ զգացումով մարդու, ով մինչև վերջին օրերը շարունակել է Մարդ մնալ` բառի ամենաիսկական իմաստով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի– Sputnik. Նախօրեին 83 տարեկան հասակում մահացել է հայ ժողովրդի ամենամեծ զավակներից մեկը` ամերիկացի միլիարդատեր Վահագն Հովնանյանը։

Նա սոսկ գործարար չէր, ով կարողացել էր բազմաթիվ բնակելի թաղամասեր կառուցել ԱՄՆ–ում և Հայաստանում, այլ անչափ բարի մարդ, ումից կարելի էր շատ բան սովորել։

Հովնանյանի մասին երկար կհիշեն` որպես հումորի նուրբ զգացումով մարդու, ով մինչև վերջին օրերը շարունակել է Մարդ մնալ` բառի ամենաիսկական իմաստով։ Նա միշտ պատրաստ էր օգնել նրանց, ովքր նրա աջակցության կարիքն ունեին։

Տարիների հետ կուտակված իմաստություն


Հովնանյանը կարծում էր, որ մարդն «այն անփոխարինելին է, ով հետաքրքիր է դարձնում քո օրը»։

«Առանց շրջապատող մարդկանց կյանք չկա։ Հայերին չի բավարարում հենց մարդկային շփումը և ուրախությունը»,– ասում էր նա։

Հովնանյանը նաև նշում էր, որ կյանքում ամեն ինչի համար անհրաժեշտ է  ժամանակը գտնել, և յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ոչ միայն սպասել, այլ նաև զարգանալ։

«Գիտե՞ք, որքան երկար եք պահում բանջարեղենն աղաջրի մեջ, այնքան համեղ է ստացվում թթուն»,– նշում էր նա;

Գոլֆը պարզապես խաղ չէ

Լինելով Հայաստանի Գոլֆի ազգային ասոցիացիայի հիմնադիրը և նախագահը` Հովնանյանը կարծում էր, որ դաշտում կարելի է հանդիպել շատ մարդկանց, ովքեր ժամանակի հետ հարազատ են  դառնում։

«Կյանքը մարտահրավեր է, և դաշտում խաղը մարդկանց մեջ արթնացնում է հաղթանակի հասնելու զգացումը»,– ասում էր նա։

Հենց այդ պատճառով գործարարը համարում էր, որ գոլֆը ոչ միայն դաշտ է խաղի համար, այլև հարթակ, որտեղ ձեռք են բերվում պայմանավորվածություններ առաջիկա գործարքների մասին, քննարկվում են պայմանագրերի պայմանները։

Նա նշում էր, որ գոլֆ խաղալու ժամանակ չկան հեռախոսներ կամ լսող սարքեր, մարդիկ գալիս են խաղալու և սկսում քննարկել փառահեղ բիզնես գաղափարներ։

Հովնանյանը տալիս էր խորհուրդներ, որոնք կապված էին ոչ միայն խաղի և խաղացողների հետ։

«Բոլորին կասեմ` don't give up (մի հանձնվիր)։ Առաջին հարվածը շատերի մոտ չի ստացվում, բայց դա վշտանալու առիթ չէ։ Ցանկացած դեպքում չի կարելի կորցնել հույսը և հավատը»,– սա հնչում էր որպես պայքարի կոչ։

Մի քիչ պատմություն


Մինչ օրս Հովնանյանները համարվում են ԱՄՆ–ում և նրա սահմաններից դուրս ամենաազդեցիկ և հայտնի հայ ընտանիքներից մեկը։

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ.–ին։ Նրա հայրը ծագումով Սեբաստիայից էր (Արևմտյան Հայաստան), իսկ մայրը Մալաթիայից էր (ժամանակակից Թուրքիայի տարածք)։

Հովնանյանների ընտանիքը ստիպված էր լքել հայրենիքը, որպեսզի փրկվի Հայոց ցեղասպանությունից և հիմնվել Իրաքի Քիրքուք քաղաքում։ Հենց այստեղ Վահագնի հայրը սկսում է նավթարդյունահանող ընկերության շինարարության հետ կապված գործունեություն։ Սակայն Հուլիսյան հեղափոխությունից հետո ընտանիքը կրկին ստիպված էր տեղահանվել և 1958թ.–ին տեղափոխվում է ԱՄՆ–ի Նյու Ջերսի քաղաք։

Հենց այնտեղ Վահագնը և նրա եղբայրներ Հրայրը և Ժիրայրը սկսել են իրենց հաջողակ ձեռնարկատիրական կարիերան` 1959թ.–ին հիմնելով Hovnanian Enterprises, Inc. շինարարական ընկերությունը։ Մի քանի համատեղ գործունեությունից հետո եղբայրները որոշել են առանձնացնել բիզնեսը։

Հովնանյանը Հայաստանի մեծ սիրահար էր և նվիրել է իրեն հայկական մշակույթի և ժառանգության պահպանման և աջակցության գործին, անկախ Հայաստանի վերածննդին։

Կնոջ` Հասմիկ Պարիս Հովնանյանի հետ, նրանք հսկայական ավանդ են ունեցել մշակույթի, արվեստի և կրթության զարգացման մեջ, երկար տարիներ զբաղվել են բարեգործությամբ։ Հովնանյանը Ռիջֆիլդում Հայ առաքելական եկեղեցու Սբ. Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ էր։

1995թ.–ին Հովնանյան ամուսինները հանդես են եկել Վենետիկի բիենալեին Հայաստանի մասնակցության նախաձեռնությամբ և ձեռնամուխ եղել առաջին հայկական տաղավարի համար միջոցներ հավաքելուն։ Հովնանյանները կազմակերպել են Վենետիկի միջազգային պարահանդեսի անցկացումը, որտեղ հավաքվել են ողջ աշխարհի ավելի քան 250 հայեր` Հայաստանի ելույթին միջազգային ասպարեզում աջակցելու համար։

Հայ երիտասարդ նկարիչների և ստեղծագործական խմբերի աջակցության համար ստեղծվել է Kantz հիմնադրամը, և ավելի քան 100 երիտասարդ հայ արտիստներ ֆինանսական աջակցություն են ստացել` կերպարվեստի և կատարողական արվեստի ոլորտում կարիերան շարունակելու համար։

2000թ.–ի մայիսին Հովնանյանը հիմնել է «Սայաթ Նովա» երգի համահայկական մրցույթը` Հայաստանի բանաստեղծ–երգահաններին և կոմպոզիտորներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար, իսկ 2002թ.–ի մայիսին` «Վահագնի» մրցանակը` կատարողական, գրական, գեղարվեստական և կերպարվեստի ժանրերի ներկայացուցիչների օգնության համար։

1990–ականների վերջին նա Երևանի արվարձանում գնել է տարածք, որը հիշեցնում էր հսկայական աղբանոց, և այդ վայրում կառուցել «Վահագնի» նորաոճ բնակելի թաղամասը։ Ավելի ուշ Հովնանյանը նշել է, որ իր որոշումը շատերի համար զարմանալի էր, նույնիսկ քննադատություն է հնչել իր հասցեին։

«Այստեղից բացվում է Արարատ լեռան հիանալի տեսարան։ Ես որոշել եմ` իմ տունը կառուցվելու է այս վայրում։ Շատերը համոզում էին, որովհետև այստեղ միայն քարեր են։ Բայց, ինչպես տեսնում եք…»,– ասել է Հովնանյանը։

Գլխավոր թեմաներ