03:17 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Անիմե Fairy tail

Դեռահասների նոր հետաքրքրությունը կամ ճապոնական անիմեն հասել է Հայաստան

© Reddit
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
Լիլիթ Հարությունյան
4821

Ճապոնական անիմեն տարեցտարի ավելի լայն լսարան է նվաճում` ներխուժելով այլ երկրներ։ Հայաստանը բացառություն չէ. դեռահասները հաճույքով են դիտում ոչ մանկական մուլտֆիլմեր` դրանցում գտնելով խորը փիլիսոփայական իմաստ և կեցության հարցերի պատասխաններ։

Ճապոնական անիմե

Անցած դարի սկզբին ճապոնացի կինոռեժիսորները սկսեցին առաջին փորձերը` մուլտիպլիկացիայի արևմտյան տեխնիկայի հետ, բայց անիմեն` որպես ժանր, որոշակի հաջողությունների է հասել միայն 1970-ականներին։ Այսօր այն լայն տարածում ունի աշխարհում և համառորեն թափանցում է Հայաստան։ Փորձենք պարզել` դա լավ է, թե վատ…

Ըստ փորձագետների` ճապոնական անիմեն հայտնի է, որովհետև, ի տարբերություն այլ երկրների մուլտֆիլմերի, այն նախատեսված է ավելի հասուն լսարանի համար։ Հանուն արդարության պետք է ասել, որ անիմեի ժանրային բազմազանությունը շատ մեծ է։

Ամբողջ աշխարհում ճապոնական մուլտֆիլմերի տարածվածությունը չէր կարող անտարբեր թողնել մշակութաբաններին, սոցիոլոգներին և, իհարկե, հոգեբաններին։ Ընդհանուր առմամբ, նրանց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Մամուլում հրապարակված հոդվածները և հետազոտությունները մեծամասամբ կրում են քննադատական բնույթ։ Չնայած դրան` ցանցում կարելի է գտնել ահռելի քանակությամբ բլոգեր և հարթակներ` նվիրված անիմեին, որոնց մասնակիցներն այս ժանրի բազմամիլիոն երկրպագուներն են։

«Բազմագույն իրականություն»

Վերջին շրջանում Հայաստանում ավելի հաճախ կարելի է հանդիպել դեռահասների, որոնք տարված են անիմեով։ Ընդ որում, նրանցից շատերը նաև սկսում են հետաքրքրվել Ծագող արևի երկրով, նրա մշակույթով և պատմությամբ, ինչպես նաև լեզվով։

14-ամյա Աիդայից փորձեցինք պարզել, թե նրան և իր ընկերուհիներին հատկապես ինչով են գրավում ճապոնական մուլտֆիլմերը։

«Գրավիչ սյուժեով։ Այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, գույներն այնքան վառ են։ Հերոսների հետ անընդհատ տեղի են ունենում անսպասելի իրադարձություներ, հետաքրքիր արկածներ։ Այնպիսի տպավորություն է, որ դու հայտնվում ես այլ աշխարհում, որտեղ ամեն ինչ գունավոր է և ուշագրավ։ Դրա հետ համեմատած` մեր աշխարհը տաղտկալի է թվում», — ասում է Աիդան, որը խոստովանեց, որ անցած ամռան ընթացքում դիտել է շուրջ 200 մուլտֆիլմ։

«Ես, օրինակ, սկսեցի բասկետբոլի գնալ «Բասկետբոլ Կուրոկոն» դիտելուց հետո։ Աղջիկն այնքան է տարվել այդ մուլտֆիլմի հերոսներով, որ ցանկացել է կյանքում զգալ դա։ Իմ ընկերներից շատերը սկսել են ուսումնասիրել ճապոներեն, ես էլ մի քանի բառ գիտեմ», — պատմում է Աիդան։ Նրա խոսքով` տղաները նախապատվություն են տալիս մարտաֆիլմերին և դետեկտիվներին, իսկ աղջիկները` ռոմանտիկային և ֆենթեզիին։

Նա նաև հավելեց, որ իրենց դասարանի կեսը ճապոնական մուլտֆիլմեր է դիտում։ Մեր այն դիտողությանը, որ այդ ժանրի ֆիլմերում հաճախ հանդիպում են բռնության և դաժանության տեսարաններ, իսկ դրանցից շատերը «18+» կարգին են դասվում, Աիդան պատասխանեց, որ նա և իր ծանոթները նման մուլտֆիլմեր չեն դիտում։

Անիմեում բռնության և էրոտիկայի տեսանների առատությունն առաջացնում է հոգեբանների և ծնողների լուրջ մտահոգությունը։ Ավելին, անիմեում կա պոռնոգրաֆիկ ուղղվածություն ` «խենտայ», ինչպես նաև «յաոյ» և «յուրի», որոնք ներկայացնում են միասեռական հարաբերությունները։

Ցանցի որոշ օգտատերեր նույնիսկ կազմում են վարկանիշներ, որոնք այդպես էլ կոչվում են` «Ամենաայլասերված անիմե» կամ «Ամենադաժան և արյունալի անիմե», դրանք ազատ տեղադրված են YouTube-ում։ Արժե՞ արդյոք ասել, թե որքան դիտումներ են հավաքում նման հոլովակները։

Այն հարցին, թե որ մուտլֆիլմն է ավելի նախընտրելի` խորհրդայինը, թե՞ ճապոնականը, Աիդան պատասխանում է, որ միանշանակ անիմեն, եթե այն հետաքրքիր է։

Նրա կարծիքով հայկական կամ խորհրդային մուլտֆիլմերը չափազանց «դանդաղ» են։ Նա իր ամենասիրելի անիմացիոն ֆիլմերի շարքում նշում է «Նարուտոն», «Բասկետբոլ Կուրոկոն» և Fairy Tail-ը։ Այդ մուլտֆիլմերը շատ հայտնի են, հավանաբար, բոլորը տեսել են դրանք, որովհետև հեռուստացույցով ցուցադրել են։

«Նարուտոն» պատմում է մի տղայի բարդ ճակատագրի մասին»,- ասաց Աիդան։ Նրա խոսքով` այն ընկերության, հավատարմության, հայրենասիրության, ինչպես նաև կորուստների մասին է։

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Մեզ հետ զրույցում մանկական հոգեբանության մոսկովյան կենտրոններից մեկի ղեկավար, հոգեթերապևտ, կլինիկական հոգեբան Մարգարիտա Նեստերենկոն ասաց, որ անիմեն Ճապոնիայում մուլտֆիլմերի առանձին մշակույթ է։

«Ճապոնական հասարակությունը բավական փակ է և ունի իր յուրահատկությունները` կոլետիվիզմ, տուրք ավանդույթներին և աշխատասիրություն, որը հասնում է աշխատամոլության։ Հենց այդ որակների շնորհիվ ճապոնացիները հասել են գիտատեխնիկական զարգացման բարձրագույն մակարդակի, բայց դրանք հաճախ դառնում են դեպրեսիայի և ագրեսիայի դրսևորման պատճառ», — ասաց նա։

Հոգեբանի խոսքով` անիմեի սյուժեների հիմքում հաճախ ընկած են պատմություններ, որոնք պարունակում են ագրեսիայի, հուսահատության, կարոտի տարրեր, ինչը գրավում է դեռասահներին` անկախ բնակության վայրից։ «Այդ տարիքի ճգնաժամը ենթադրում է ուժեղ զգացմունքների և ապրումների առկայություն, դեռահասը փորձում է գրականության մեջ, ֆիլմերում գտնել իր նման մարդկանց», — ասաց նա։ Նեստերենկոն կարծում է, որ այստեղ գլխավորը հետևել, որ անընդհատ չնայեն։

«Եթե երեխան անընդհատ ֆիլմեր է դիտում, ապա հավանականությունը մեծ է, որ նա իրեն հաճախ կասոցացնի այս կամ այն կերպարի հետ։ Այդ ժամանակ կասեն, որ ֆիլմը վատ է ազդել դեռահասի վրա։ Իրականում, խնդիրը միշտ նրա հոգեվիճակի, մտերիմների հետ հարաբերությունների մեջ է», — ասաց հոգեբանը։

Վերջում կարելի է ասել, որ անիմեն, ինչպես ցանկացած այլ երևույթ, ունի իր դրական և բացասական կողմերը։ Գլխավորը, որ ճապոնական մուլտֆիլմերի և ցանկացած բանի հանդեպ դեռահասների սերը նրբանկատորեն «վերահսկեն» ավելի փորձառու և պատրաստված ծնողները։

Русская версия

Գլխավոր թեմաներ