03:15 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները

Հայ–ռուսական հարաբերությունների «մեխերը»

© Sputnik/ Асатур Есаянц
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
7120

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է հայ–ռուսական հարաբերությունների տարբեր ուղղությունները։

Սերգեյ Մարկեդոնով. Sputnik Արմենիայի համար

Ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում այս տարին հարուստ է կարևոր հոբելյաններով։ 25 տարի առաջ Ռուսաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, իսկ 2017 թվականի օգոստոսին կնշվի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20 տարին։ Հենց այդ փաստաթուղթն է հիմք դարձել Մոսկվայի և Հայաստանի ռազմավարական գործակցության համար։ Այսօր Հայաստանն Անդրկովկասի միակ երկիրն է, որը միաժամանակ ընդգրկված է և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։

Այդուհանդերձ, ՀՀ նախագահի` մարտի 14-15-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի օրակարգը բոլորովին էլ արարողակարգային-հոբելյանական չէր, այլ` գործնական։

Նախագահ Սարգսյանը հաճախ է այցելում Մոսկվա, սակայն ամեն այցելությունն իր «մեխն» ունի։ Այս անգամ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման գլխավոր թեման ոչ թե անվտանգությանն ու ինտեգրացիոն հեռանկարներին վերաբերող ավանդական հարցերն էին, այլ` ներքին քաղաքականության հարցերը։ Եվ պատահական չէ, որ լրագրողներին ներկայացված հայտարարության մեջ ՌԴ նախագահը նախևառաջ հիշատակեց Հայաստանի սահմանադրական փոփոխությունների` ոչ այնքան հեշտ գործընթացը։

Բարեփոխումը համագործակցությանը չի խանգարում

Սարգսյանի այցից երկու շաբաթ առաջ Երևան էր ժամանել Ռուսաստանի Պետդումայի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա անդրադարձել էր ոչ թե Հայաստանի ներքաղաքական մրցակցության հարցերին, այլ` խորհրդարանական դիվանագիտության հետագա կարգավորմանը` հաշվի առնելով այն, որ Ազգային ժողովում ընտրություններից հետո իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինն ավելի մեծ դեր կխաղա արտաքին քաղաքական որոշումների մշակման մեջ, քան նախկինում։

Անշուշտ, Մոսկվային անհանգստացնում է իշխանության հաջորդականության հարցը, ինչպես նաև կիսահանրապետական հանրապետության խաղաղ անցումը կառավարման խորհրդարանական մոդելին։ Այսօր հենց Սերժ Սարգսյանն է որպես Հայաստանի նախագահ մարմնավորում ՌԴ-ի հետ դաշնակցային միությունը։ Բայց եթե դաշնակից երկիրը գլխավորի այլ առաջնորդ, հնարավոր է, որ նա նույնպես անձամբ պատրաստ կլինի ակտիվ փոխգործակցել Ռուսաստանի հետ, և Մոսկվան կշարունակի այն գիծը, որն ուրվագծվել է դեռ 1990-ականների սկզբին։

Ի դեպ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը ստորագրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում, իսկ նա չափազանց բարդ քաղաքական գործիչ է և քիչ խնդիրներ չի ստեղծել վերջին խորհրդային ղեկավարության համար, բայց պրագմատիկորեն ընտրել է ՌԴ-ի հետ մերձեցման ընթացք։ Ակնհայտ է, որ այսօր ՀՀԿ-ի շատ ընդդիմադիրներ պատրաստ են նրան, որ Մոսկվայի հետ հարաբերությունները մնան Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։

Մեկ այլ հարց է, որ նրանցից շատերը վիճում են ռազմավարական միության որակի մասին, քննադատում որոշակի խնդիրները, որոնք գոյություն ունեն` չնայած դրա ակնհայտ դրական կողմերին։ Եվ այդ քննադատությունը նույնպես պետք է հաշվի առնել, եթե Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել իր ներկայությունն Անդրկովկասում և մասնավորապես Հայաստանում։

Միաժամանակ պետք է նշել, որ ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ Պետդումայի խոսնակը, ո՛չ ԱԳՆ ղեկավարն իրենց թույլ չեն տալիս ոչ կոռեկտ գնահատականներ հնչեցնել հայ քաղաքականության այս կամ այն ներկայացուցչի հասցեին։

Սահմանադրական բարեփոխման խաղաղ բնույթը կարևոր է նաև Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ ներքին հակասությունները թուլացնում են երկիրը չլուծված հակամարտության սպառնալիքի և սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ։

Եվ կրկին տնտեսություն և անվտանգություն

Պետությունների ղեկավարների երկկողմ բանակցություններում կարևոր տեղ է զբաղեցրել նաև սոցիալ-տնտեսական խնդիրը։ Հայաստանն արդեն երկու տարի է` Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Սակայն չափազանց կարևոր է ինչպես ինտեգրումը խորացնելու նոր ձևեր գտնելը, այնպես էլ հասարակ մարդու համար այդ ինտեգրման գրավչությունը բարձրացնելը, որպեսզի տեսական մշակումներն ունենան նաև գործնական լրացում։

Նշենք, որ Երևանը պահպանում է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու հետաքրքրությունը, որը դիտարկվում է որպես ասոցացման մասին համաձայնագրի պարզեցված տարբերակ։ Եվ դա նախագահի ներկա թիմի քմահաճույքը չէ։ Հայկական իշխանությունը շահագրգռված է, որ երկրի արտաքին քաղաքականությունը զարգանա եվրոպական և ամերիկյան ուղղությամբ, որպեսզի թույլ չտա ադրբեջանական մենատիրությունը։

Միևնույն ժամանակ, Մոսկվան ձգտում է պահպանել կառուցողական փոխազդեցությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչին զգուշավորությամբ են վերաբերվում Երևանում։ Բոլոր այս սյուժեները բաց քննարկում են պահանջում։ Թեկուզ այն պատճառով, որ թյուրիմացություններ չլինեն, չսաստկանան ֆոբիաներն ու կասկածամտությունը, որոնք հազիվ թե օգնեն Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։

Ռուս-հայկական հարաբերությունների յուրահատուկ ոլորտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է։ Թեև այսօր ակնհայտ է, որ անցած տարվա թեժացման կրկնության հավանականությունը մեծ չէ, բայց առայժմ վաղ է խոսել առաջընթացի մասին։ Այս տարվա փետրվարին շփման գծում նոր սրացում է գրանցվել։ Այն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններից հետո։ Կրկին գործարկվել է «ղարաբաղյան ճոճանակը», երբ բանակցություններին զուգահեռ հակամարտության գոտում միջադեպեր են գրանցվում։

Մարտյան բանակցությունների ընթացքում Մոսկվան հաստատել է անփոփոխ դիրքորոշումը. հետևել ռազմական գործողությունների չվերսկսելու, հրադադարի, բանակցությունների և կողմերի միջև փոխզիջման հասնելու պայմանավորվածություններին։

Միևնույն ժամանակ հնչել է երկու կարևոր դրույթ. Ռուսաստանն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ փոխգործակցությանը ՀԱՊԿ ձևաչափում և ռազմատեխնիկական համագործակցությանը` տարածաշրջանային և միջազգային անվտանգություն ապահովելու նպատակով, այսինքն ձգտում է այնպիսի իրավիճակի, երբ գոյություն ունեցող ստատուս քվոյի ուժային «կոտրումը» և ղարաբաղյան հակամարտության բանակցությունները 2004-2008թթ-ի Հարավային Օսեթիայի ձևաչափ տեղափոխելն անհնար կլինի կամ քիչ հավանական։

Փաստ չէ, որ այդ մտահաղացումների իրագործումը հեշտ ու հանգիստ կիրականանա։ Մոսկվան ու Երևանը ստիպված են հաշվի նստել բազմաթիվ գործոնների հետ` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ «ֆոնային բնույթի», բայց ուժերի հավասարակշռությունը պահպանելու ձգտումը չափազանց կարևոր է այն պայմաններում, երբ հակամարտող կողմերը պատրաստ չեն զիջումների։

Ամենայն հավանականությամբ, նրանց լուրջ դիմադրություն ցույց չի տա Արևմուտքը, որը դեռ հայ-ադրբեջանական հակամարտության` անցած տարվա թեժացման ժամանակ ցուցադրեց, որ պատրաստ է դե ֆակտո ընդունել Ռուսաստանի հատուկ դերը խաղաղ կարգավորման գործընթացում։

Այսպիսով, Սերժ Սարգսյանի այցը հեղափոխական փոփոխությունների չհանգեցրեց, այն ռուսական և հայկական դիվանագիտության համար դարձավ «դիրքորոշումների ճշգրտման» այց։ Չափազանց կարևոր է, որ անցած և նոր բանակցությունների ընդմիջումների ժամանակ գաղափարների գործնական իրագործման տոկոսն ավելի բարձր լինի, որպեսզի Մոսկվան ու Երևանը փոխադարձ օգուտ ունենան։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկել խմբագրության դիրքորոշման հետ

Русская версия

Գլխավոր թեմաներ