04:25 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայաստան–Լեհաստան հանդիպում

Հայկական ֆուտբոլի տխուր հոկտեմբերը. ի՞նչ և ինչպե՞ս անել այն տոնական դարձնելու համար

© Sputnik/ Asatur Yesayants
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Հոկտեմբերը հայկական ֆուտբոլի համար ծանր հիշողություններ է թողնելու: Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների ելույթներից հետո համարյա բոլորի մոտ հարց ծագեց՝ բա հե՞տո:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Անգամ, եթե ազգային հավաքականը հնարավորություններ ուներ աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու, մեր թիմի 1:6 հաշվով պարտությունը, իրավմամբ, ամոթալի համարվեց, իսկ երիտասարդական էլ հոկտեմբերի 10-ին 0:5 հաշվով պարտվեց Ավստրիայի իր հասակակիցներին:

Երբ Հայաստանի հավաքական թիմերը սկսեցին իրենց ելույթները, դառնալով ՈւԵՖԱ-ի ընտանիքի անդամ, խոշոր հաշվով պարտություններ, իհարկե, գրանցվեցին: Պարզ էր, որ միջազգային մրցասպաերզում փորձի պակասն իր դերը խաղում էր: Աստիճանաբար մեր թիմերը կարողացան խուսափել ջախջախիչ պարտություններից ու սկսեցին նաև հաղթանակներ տոնել: Իսկ  Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը մեկը մյուսի հետևից ծնկի էր բերում հեղինակություններին, չնայած այդ ժամանակ էլ մեր թիմին չհաջողվեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:

Դատելով մեր այդ հավաքականի ելույթներից` հիմա լուրջ նահանջ ենք ապրել` և՛ արդյունքներով, և՛ իհարկե խաղով: 2010-12 թվականների հավաքականը սերդնափոխված թիմ էր, ու այդ թիմի կազմում բոլորը, բացի Յուրա Մովսիսյանից, հայկական ֆուտբոլի դպրոցն անցած ֆուտբոլիստներ էին: Հիմա ինչ է ստացվում, որ մենք չունենք եկող սերունդ: Դե, եթե երիտասարդական ու տարիքային մյուս հավաքականների արդյունքներին նայենք, ստացվում է, որ սերունդ ունենք, բայց կատարողներ չկան:

Մեկ անգամ չէ, որ խոսվել է մանկապատանեկան ֆուտբոլի ռազմավարական նշանակության մասին: Հայաստանում ներկայումս ֆուտբոլի 3-4 ակադեմիա կա:Միթե՞ այդ ակադեմիաներում չկան պատանիներ, որոնց հետ կարելի է հույս կապել: Դե իհարկե կան:  Մենք ալմաստներ ունենք հաստատ, բայց ադամանդ ստանալու համար նրանց հղկել է պետք: Սա է գլխավոր խնդիրը:

2017 թվականին հոկտեմբերի տվյալներով Իսլանդիայի բնակչությունը կազմում է 334 799 մարդ: Ֆուտբոլի Իսլանդիայի առաջնությունում հանդես է գալիս 12 թիմ, որոնք չեն փայլում ակումբային մակարդակով: Եվ այդ երկրի հավաքականը մեկը մյուսի հետևից մասնակցել ու մասնակցելու է Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլին: Իսլանդիայում ֆուտբոլի զարգացման ծրագիր են մշակել, որն աշխատում է: Միգուցե փորձենք ընդօրինակել:

Հայաստանում արդեն փորձեր կատարվել են. արտասահմանցի մարզիչներ հրավիրելով` փորձել ենք բարձրացնել մանկապատանեկան ֆուտբոլի մակարդակը: Եղել են մարզիչներ Իսպանիայից, Հոլանդիայից, Բելգիայից: Նորից նույն բանն է արդյունքում: Ժամանակին հայ մարզիչները շրջում էին քաղաքներով ու գյուղերով` պատանի ֆուտբոլիստներ բացահայտելու համար: Հիմա կա՞ն նման մարզիչներ: Եթե կան էլ, ուրեմն շատ քիչ են, եթե ոչ եզակի:

Հասկանալի է, որ մեր հանրապետության սոցիալ տնտեսական վիճակը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այստեղից էլ շատ մեծ հետևություններ կարելի է անել: Բայց արդյունք ստանալու համար ֆուտբոլն, իրոք, մեծ ներդրումներ է պահանջում: Մեծ ներդրումներ ու մեծ պատասխանատվություն: Մարզիչները, ֆուտբոլիստները, ֆուտբոլային գործիչները պետք է մտածեն միայն ֆուտբոլի մասին և պատասխանատու լինեն յուրաքանչյուր ֆուտբոլիստի, յուրաքանչյուր խաղի ու արդյունքի համար:

Անընդհատ խոսում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը իր տաղանդի, աշխատասիրության, նպատակասլացության ու գործին նվիրվելու շնորհիվ է հասել «Մանչեսթեր Յունայթեդ» ու դեռ  էլի բարձունքներ նվաճելու է։ Եթե այս ամենը գիտենք, ինչու՞  նոր մխիթրայաններ չենք կարողանում դաստիարակել: Նորից կրկնում եմ` տաղանդներ մենք ունենք: Երկար կարելի է քննարկել ու անվերջ խոսել, թե ինչ պետք է անել ու ինչպես: Բայց պետք է հաստատ սկսել, միգուցե, սկզբից…

Գլխավոր թեմաներ