18:05 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ծանրամարտ

Որակազրկում և մեդալներ. ծանրամարտի հայկական տարին

© Mgfso
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
3820

Չնայած այն հանգամանքին, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվեց և չմասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը, մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում նվաճեցին 80 մեդալ, որոնցից 36-ը`ոսկե:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Որակազրկումը ուժի մեջ է մինչև 2018 թվականի աշուն, ինչը մեր մարզիկներին արգելում է մասնակցել միջազգային շատ մրցումների:

2008 և 2012 թվականներին օլիմպիական խաղերում հայ ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերը դրական արդյունք տվեցին, ու  Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան, ութ ազգային ֆեդերացիաների հետ մեկտեղ, որակազրկվեց մեկ տարով: Իհարկե, այս որակազրկումն իր ազդեցությունը կունենա այն մարզիկների վրա, որոնք մեր հավաքականի կազմում բարձր արդյունքների են հասել 2017 թվականին: Սակայն մեր հավքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հավատում է, որ իր սաները առանց մրցումների էլ ամեն ինչ կանեն արդեն 2018 աշնանը աշխարհի առաջնությունում նոր նվաճումների հասնելու համար:

«Ծանրամարտի Հայաստանի հավաքականում հիմնականում երիտասարդ ծանրորդներ են, որոնց տարիքը չի գերազանցում 23–ը: Սա նշանակում է, որ մեր հավաքականն ունի լավ ապագա: Իհարկե, որակազրկումից հետո մասնակցել 2018 թվականի աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը` դժվար է: Բայց մեր մարզիկները ունեն մեծ ներուժ, ու անպայման պայքարելու ենք մեդալների համար»- նշել է Փաշիկ Ալավերդյանը:

Պարզվում է, որ բացի որակազրկումից ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան տուգանվել է նաև 50 հազար ամերիկյան դոլարով: Ստացվում է, որ 2008 և 2012 թվականներին «աչքի ընկած» ծանրորդների պատճառով տուժեցին նաև մեր մյուս մարզիկները: Բայց սա է կանոնակարգը, որով առաջնորդվում է միջազգային ֆեդերացիան: Թերևս, միակ մխիթարությունն այն է, որ մեր ֆեդերացիայի հետ մեկտեղ նույն պատիժը կրելու են ևս ութ երկրներ, որոնք ծանրամարտում պայքարողների թվում են եղել միշտ:

Իհարկե, որակազրկման պատճառով աշխարհի առաջնությանը չմասնակցելը մեր ծանրորդներին զրկեց նոր նվաճումներից: Սիմոն Մարտիրոսյանն, օրինակ, իր նախորդ արդյունքները կրկնելու դեպքում կդառնար աշխարհի չեմպիոն: Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնությունում Մարտիրոսյանը չեմպիոն հռչակվեց երկամարտի 433 կգ արդյունքով, իսկ երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոնի արդյունքը երկամարտում 426 կգ էր: Անահայմում դեկտեմբերի 4-ին 105 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձած իրանցի Ալի Հաշեմին ցույց է տվել 404 կգ արդյունք:

Սիմոն Մարտիրոսյան
пресс-служба Национального олимпийского комитета

Պարզ է դառնում, որ մենք կորցրել ենք առնվազն երեք ոսկե մեդալ, եթե չհաշվենք նաև հավաքականի մեր մյուս ծանրորդներին, որոնք նույնպես կարող էին մեդալներ նվաճել: Այնուամենայնիվ, 2017 թվականը արգասաբեր պետք է համարել մեր հավաքականի համար: Տարբեր տարիքային խմբերում մասնակցելով միջազգային տարբերի կարգի մրցաշարերի` մեր ծանրորդները նվաճել են 80 մեդալ՝ 36 ոսկե, 21 արծաթե և 23 բրոնզե:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը ավարտվում է 2018 թվականի ապրիլին: Հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով ծանրորդն իր լավագույն մարզավիճակին հասնելու համար պետք է մասնակցի 2-3 խոշոր մրցաշարերի: Իսկ զրկված լինելով` մեր ծանրորդները նման հնարավորություն չունեն: 2018 թվականի աշխարհի առաջնությունը արդեն վարկանիշային է 2020 թվականի օլիմպիական խաղերի համար։

«Մեր ծանրորդների համար շատ դժվար է լինելու բարձր արդյունքների հասնելը: Բայց ես հուսով եմ մենք կկարողանանք հաղթահարել այս դժվարին արգելքը»,–կարծում է Ալավերդյանը:

Գլխավոր թեմաներ