14:36 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Հայ զինվոր

Արցախի հարցում Իտալիան կկարողանա՞ բացել «կույր դիտորդների» աչքերը

© AFP 2018 / Karen Minasyan
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
7310

ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը կարող է լինել այն պակասող օղակը, որի պատճառով կազմակերպությունը ոչ բավարար ադեկվատությամբ արձագանքեց Եվրոպայի` աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ազգամիջյան բախումներին։ Հնարավոր է` Իտալիան ավելի ազնիվ ու արդար դատավոր լինի նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։

Արման Վանեսքեհյան, Sputnik

ԵԱՀԿ-ն միայն գործիք է այդ կազմակերպությունը ստեղծած երկրների ձեռքում

Եթե խոսենք ԵԱՀԿ-ի նշանակության մասին` որպես մի հարթակի, որում աշխարհաքաղաքական հարցեր են լուծվում, ապա կազմակերպությունն իրեն շատ վատ չի դրսևորել։

Հասկանալի է, որ Դոնբասում, Մերձդնեստրում կամ Արցախում տեղի ունեցող հակամարտությունների վիճող կողմերը միշտ դժգոհ են լինելու կազմակերպության վերաբերմունքից։ Քանի որ այն բացահայտորեն փորձում է գործել՝ ելնելով «և՛ մեզ, և՛ ձեզ» սկզբունքից, ինչը ոչ միշտ է ճիշտ ու արդար։ Ավելի ճիշտ՝ գրեթե միշտ սխալ է ու անարդար։

Եվ «ԵԱՀԿ կույր դիտորդների» մասին հայտնի արտահայտությունն այդ կազմակերպության գործունեության օբյեկտիվ բնութագիրն է։

Մյուս կողմից՝ անցած դարի ութսունականներից սկսած` Եվրոպայում Արևմուտքի սադրած ազգամիջյան հակամարտություններն ի սկզբանե ենթադրում էին, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը հարյուր տոկոսով համոզված է լինելու, որ ինքն է իրավացի։

Եվ իսկապես դժվար է աշխատել այդպիսի պայմաններում՝ անել հնարավոր ամեն բան, որպեսզի իրավիճակը չհատի սահմանը, թույլ չտալ, որ այն բացահայտ զինված առճակատման վերածվի։ Երբեմն նույնիսկ անհնար է։

Հատկապես երբ այս կամ այն ազգամիջյան հակամարտությունը եվրոպական տարածաշրջանում ազդեցության համար պայքարող գերտերությունների աշխարհաքաղաքական գործիքն է դառնում։

Այնպես որ պետք է ընդունենք, որ գլոբալ քաղաքականության մեջ ԵԱՀԿ-ից պետք չէ հրաշքներ ակնկալել։

Հարցն այն չէ, որ Գերմանիան վատն է

Մյուս կողմից էլ, իհարկե, լավ կլիներ, որ կազմակերպությունն ազնիվ ու արդար աներ այն, ինչ կարող է անել։ Այդ առումով շատ բան կախված է նրանից, թե ով է ԵԱՀԿ նախագահը ինչպես Եվրոպայում ընդհանուր քաղաքական վիճակի, այնպես էլ կոնկրետ ազգամիջյան հակամարտության զարգացման այս կամ այն փուլում։ 

Հիշենք, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում, օրինակ, հակամարտող կողմերի բախումը առավելագույնս սրվեց (ընդհուպ մինչև ռազմական գործողություններ) հենց 2016 թվականին, երբ ԵԱՀԿ նախագահը Գերմանիան էր։

Այն ժամանակ կազմակերպությունն իրեն ամենալավ ձևով չդրսևորեց՝ չկարողանալով ազնիվ ու արդարացի գնահատել ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը։ ԵԱՀԿ-ն չկարողացավ դադարեցնել ռազմական գործողությունները, փոխարենը դա արեց Ռուսաստանը, որին ամենաշատն է մտահոգում Հարավային Կովկասի կայուն վիճակը։

Սակայն հիմա խոսքն այդ մասին չէ։ Այդ տարի ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Գերմանիան, հետևաբար՝ ԵԱՀԿ-ն, մտահոգված էր Ուկրաինայով, ու ղարաբաղյան կարգավորմանը ասես մատների արանքով էր նայում։ Այդ հանգամանքից օգտվեցին այն ուժերը, որոնք աշխարհաքաղաքական շահերից դրդված` շահագրգռված էին, որ Հարավային Կովկասում զինված բախում լինի։

Պետք է խոստովանել, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունն ամենահաջող տարբերակը չէր։ Հարցն այն չէ, որ Գերմանիան վատն է, իսկ 2017 թվականին նախագահած Ավստրիան` լավը։

Չենք խոսում նաև այն մասին, որ հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահի պաշտոնը ստանձնած Իտալիան կկարողանա հրաշք գործել, ու ղարաբաղյան գործընթացը կտրուկ կընթանա օբյեկտիվ ու արդար հունով։ Պարզապես քաղաքականության մեջ այդպես չի լինում․ բոլորին է հայտնի։ 

Ղարաբաղյան կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն, միևնույնն է, ոչ մի ճակատագրական որոշում չի կայացնելու։ Հակառակը՝ մտավախություն կա, որ այս տարի կազմակերպության դերը միջազգային ասպարեզում կնվազի։

Պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ-ն միայն գործիք է այդ կազմակերպությունը ստեղծած երկրների ձեռքում։ Իսկ հիմա, կարծես, այն պահն է, երբ գերտերությունների դիմակայությունը սրվելու է։

Նշանակում է, որ միջազգային քաղաքական ասպարեզում հակամարտող խաղացողներից յուրաքանչյուրը «վերմակն իր կողմն է քաշելու»։ Ու ավելի դժվար կլինի ընդհանուր հայտարարի գալ ցանկացած հարցի, այդ թվում նաև՝ ղարաբաղյան կարգավորման շուրջ։

Միակ հույսը ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոյի այն հայտարարությունն է, որում նա ասում է` կազմակերպությունն ավելի ակտիվ է աշխատելու սառեցված հակամարտությունների վրա ու անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի ղարաբաղյան կարգավորման հարցում իրենց ջանքերն ավելացնեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։

Պետք է նաև հաշվի առնել, որ ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունն ու կազմակերպությանը կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը դրական են գնահատել սառեցված հակամարտություններին ավելի շատ ուշադրություն դարձնելու իտալական կողմի մտադրությունը, իրենց երկրների կողմից էլ հնարավոր աջակցություն են խոստացել։

Կարելի է ենթադրել, որ այս տարի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն ավելի կկարգավորվի։ Թեկուզ միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը նշանակում է, որ սահմանի վրա կավելանա դիտորդների քանակը, և նրանք ավելի ուշադիր կհետևեն շփման գծի իրավիճակին։

Նույնիսկ կարող է այնպես պատահել, որ ԵԱՀԿ-ն հրադադարի խախտման կոնկրետ դեպքերն անաչառ գնահատելու ուժ կգտնի իր մեջ, իրերն իրենց անուններով կկոչի և կնշի նաև հենց նրա անունը, ով առաջինն է կրակ բացում։

Գլխավոր թեմաներ