09:29 13 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP608.05
  • EUR549.84
  • RUB7.31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Տանուլ տվեց Սիրիան, կձախողի Իրանում. ինչպե՞ս վրեժխնդիր կլինի Թրամփը

© AFP 2018 / SAUL LOEB
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
10330

ԱՄՆ–ը ևս մեկ տարով երկարաձգեց Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։ Այդ պատժամիջոցները կապ չունեն Իրանում միջուկային տեխնոլոգիաների զարգացման հետ։ Դրանք առաջինը կիրառվել են 1995 թվականի մարտի կեսից և պետք է կասեցվեին ընթացիկ տարվա մարտի 15-ին։ Սակայն ԱՄՆ նախագահը այլ որոշում կայացրեց, և պատժամիջոցները երկարաձգվեցին ևս մեկ տարով։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ամերիկացիներն օգտագործում են իրենց ամենաազդեցիկ զենքը` պատժամիջոցները

Եվ դա հարկավոր էր սպասել, քանի որ Վաշինգտոնի վարչակազմը Թրամփի նախագահության առաջին իսկ օրից հայտարարել էր, որ բավարարված չէ գերտերությունների կողմից ստորագրված (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) այսպես կոչված «իրանի միջուկային համաձայնագրի» պայմաններով։

Եվ որքան էլ ամերիկացիների եվրոպացի դաշնակիցներն ու համախոհները ջանք գործադրեն համոզելու իրենց անդրօվկիանոսյան գործընկերներին, որ ստորագրված համաձայնագրի պայմանները բավարարում են իրենց պահանջներին, իսկ Իրանը պահպանում է համաձայնագրի պայմանները, ԱՄՆ-ն անդրդվելի է։

ԱՄՆ նախագահը սպառնում է 120 օրը լրանալուց հետո դուրս գալ «Իրանի միջուկային համաձայնագրից» (այդ օրվանից արդեն մոտ մեկ ամիս է անցել)։ Իսկ դա նշանակում է, որ ամերիկացիներին կհետևեն նաև ԱՄՆ-ի քողարկմամբ գործող եվրոպական գերտերությունները։ Այսինքն իրանական ՀԳՀԾ-ն (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր) վերջնականապես կձախողվի։

Սակայն Թրամփի կողմից երկարաձգած և մեծ հաշվով ՀԳՀԾ-ի հետ կապ չունեցող «Իրանի նկատմամբ կիրառվող ազգային արտակարգ դրությունը» հերթական անգամ բացահայտում է Մերձավոր Արևելքում ամերիկացիների արտաքին քաղաքական ռազմավարության հիմնական ուղղվածությունը։

Եվ այդ ռազմավարական վեկտորի շրջանակում հիանալի կերպով տեղավորվում է այն, ինչ ԱՄՆ-ն անում է վերջին տարիներին տարածաշրջանում։ Հերթական անգամ պարզ է դառնում, որ ամերիկացիներին օդի պես անհրաժեշտ են հակաիրանական պատժամիջոցները, որոնք նրանց համար Մերձավոր Արևելքում մնալու հերթական առիթն են, այն բանից հետո, երբ Սիրիայում օրինական իշխանությանը գահընկեց անելու կամ երկիրը մասնատելու ամերիկյան ծրագիրը ձախողվեց։

Իրականում ծրագիրը ձախողվեց այն օրը, երբ Կրեմլում որոշում կայացվեց օգնել Բաշար Ասադին միջազգային ահաբեկչության դեմ նրա պայքարում, և երբ ռուսական ռազմատիեզերական ուժերը ուղարկվեցին Սիրիա հստակ ռազմական խնդիր լուծելու համար։

Այսօր, այդ բազմաչարչար երկրի ողջ տարածքով իրականացրած ռազմական գործողությունների քարտեզին նայելով, կարելի է համոզվել առնվազն մեկ բանում` Սիրիան դիմակայեց միջազգային ահաբեկչության ճնշմանը։ Պաշտոնական Դամասկոսին այդ հարցում օգնեցին Ռուսաստանն ու Իրանը։

Իրանցիներն ամերիկացիներին թույլ չտվեցին Սիրիայում իրենց պայմանները թելադրել, իսկ Վաշինգտոնին հենց դա է հունից հանում։

Եթե Իրանն, ասենք, Սիրիայում ծավալվող իրադարձություններում աչքի չընկներ «հակաամերիկյան» քաղաքականությամբ, ի չիք դարձնելով ահաբեկչական այն կազմակերպությունների ռազմական հաղթանակները, որոնք 2014 թվականին արդեն Դամասկոսի սահմաններին էին հասել, ապա ամերիկացիներն այսօր կանսային իրենց եվրոպացի դաշնակիցներին, թե իբրև Իրանը կատարում է «միջուկային» պայմանագրի բոլոր պահանջները, այլևս միջուկային զենք չի արտադրում և չարժե ճնշել Թեհրանին (և ողջ համաշխարհային հանրությանը) այն բանի համար, որ բացի միջուկայինից, իրանցիները նաև բալիստիկ զենքի ծրագիր են մշակում։ Իրականում ամեն ինչ հասկանալի է և թափանցիկ։

Պատժամիջոցները, որոնց նախաձեռնողը ամերիկացիներն են, ծանր են նստում առաջին հերթին նրանց եվրոպացի գործընկերների վրա։ Իսկ Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Բրիտանիան ուզում են համագործակցել Իրանի հետ, առևտուր անել` էներգակիրներ, քիմիական արդյունաբերության արտադրանք գնել, և այնտեղ բարձր տեխնոլոգիաներ ու ժամանակակից տեխնիկա վաճառել` ինքնաթիռներ, ավտոմեքենաներ և այլն։

Սակայն Իրանը ոչ միայն չհրաժարվեց իր դաշնակցից` ընտրված և լեգիտիմ նախագահ Բաշար Ասադից, այլև աջակցեց նրան ուժերի ներածին չափով։ Այնպես որ վերջինս ոչ միայն դիմադրեց, այլև այսօր գրեթե վերջանական հաղթանակ է տարել այն ուժերի նկատմամբ, որոնց սատարում էին ամերիկացիները։

Ավելին` ԻՊ-ի (կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) դեմ պայքարում Դամասկոսին օգնելով` իրանցիները նաև շատ կարևոր աշխարհաքաղաքական խնդիր լուծեցին` ցամաքային ճանապարհ ունեցան` ելք դեպի Միջերկրական ծովի ափ։ Ինչն ամերիկացիները չէին կարող հանդուրժել, քանի որ այնտեղ Իսրայելի հետ սահմանն է, որին Թեհրանին մոտ թողնել չի կարելի։ Սակայն խնդիրն անգամ դա չէ։

Այլ այն, որ հենց փակվի սիրիական Ղութայում խրամատավորված ահաբեկիչների համար նախատեսված ծուղակը (իսկ այդ օրվան, կարծես թե, իսկապես հաշված օրեր են մնացել), ամերիկացիները կփակեն Սիրիայի տարածքում տեղակայված իրենց ռազմական ճամբարներն ու կայանները։ Իսկ Վաշինգտոնը դա չի կարող թույլ տալ, չէ՞ որ այդ դեպքում նրանք տանսյակ տարիներով կլքենն տարածաշրջանը, որը նրանց համար կարևոր է և անհրաժեշտ։

Այդ պատճառով էլ թիրախում է հայտնվել Իրանը, որի հետ պայքարը կարող է վճռական դառնալ, և ամերիկացիները, որոնց Սիրիա ոչ ոք չէր հրավիրել, կարող են այդ հանգամանքն օգտագործել այնտեղ մնալու համար։ Դերը, որն այս ամենում խաղաց Իրանը, այնքան մեծ է, որ Միացյալ Նահանգները դա պարզապես կուլ տալ չեն կարողանում։

Ամերիկացիների տրամաբանությունը շատ պարզ է, կարելի է նույնիսկ ասել` պարզունակ

Իրականում Սիրիայում ամերիկացիները հետևողականորեն զրկվեցին իրենց բոլոր դաշնակիցներից, որոնց միջոցով հույս ունեին փոխել կառավարության վերաբերմունքը Արևմուտքի և կոնկրետ ամերիկացիների նկատմամբ։

Սկզբում սիրիական բանակը ռուսական ՌՏՈՒ-ի և իրանական ցամաքային կամավորական զորամիավորների օգնությամբ հաղթեց ԻՊ-ին։

Ամերիկացիները հույս էին կապում ԻԼԻՊ-ի հետ այն առումով, որ սկզբում նրանք ինքնուրույն կկարողանան լուծել այդ երկրի օրինական իշխանության հարցերը։ Եվ միայն հետո Սիրիայի տարածք ներխուժած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերն առանց որևէ մանդատի կամ օրինական իշխանության կողմից հրավերի կսկսեն պայքարել միջազգային ահաբեկչության դեմ, որն այդ փուլում գործում էր ի դեմս ԻՊ-ի։

Երբ ահաբեկչական խմբավորումը սկսեց պարտություն կրել սիրիական բանակի կադրային զորամիավորումների կողմից, ամերիկացիները նույնիսկ բացահայտեցին իրենց` չկարողանալով գաղտնի պահել ԻԼԻՊ-ի վերնախավում ունեցած իրենց կապերը։ Այդ մասին վերջերս բացահայտ խոսեց հայտնի իրանցի գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանին, որը ԻՀՊԿ-ի «Էլ Քուդս» (նախատեսված էր Իրանի սահմաններից դուրս ռազմական և գաղտնի գործողություններ իրականացնելու համար) հատուկ ստորաբաժանման հրամանատարն է։

Նա ոչ միայն կապի, այլև աջակցության մեջ է մեղադրում ամերիկացիներին, որը վերջինս ցուցաբերում էր ԻԼԻՊ-ի վերնախավին։ Այժմ համաշխարհային ԶԼՄ-ներում իրանական թերթերի հրահրմամբ կրկին 2-3 տարվա վաղեմության լուսանկարներ են հայտնվել։ Դրանցից մեկում, օրինակ, պատկերված է ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր Ալ Բաղդադին հայտնի ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հետ։

Նման լուսանկարներ և այլ վավերագրական փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկացիներն օգնել են ԻԼԻՊ-ին, Սուլեյմանին շատ ունի։ Ամերիկացիները նրանց օգնում էին նաև գումարով և ծանր զրահատեխնիկայով և հրազենով։ Հնարավորություն էին տալիս Թուրքիային նավթ վաճառել, որը այն ժամանակ իր համար գրավիչ տեղ գտավ համաշխարհային հանրությունից ծածուկ պահվող սխեմայում։

Սակայն սխեման վերջնական չաշխատեց, և «մեղավոր» էին դրանում հենց ռուսական ՌՏՈՒ-ն և Իրանի կամավորական ջոկատները։ Հիշեք, գործը հասավ նրան, որ երբ սիրիական կադրային զորամիավորումները արդեն դուրս էին գալիս Դեյր էզ Զորից, այնտեղ ԻԼԻՊ-ցիներին օգնության հասան (պարզ չէ թե ինչպես) ջոկատներ` իբրև թե ամերիկացիների կողմից շրջապատված Ռաքայից։ Իսկ հետո, երբ գործը հասավ ԻՊ ջոկատների վերջնական ջախջախմանը, նույն ամերիկացիներն էին դուրս բերում ահաբեկչական կազմակերպության վերնախավի անդամներին (ու նրանց ընտանիքներին)։ Ասում են, Աֆղանստան էին հասցնում…

Այնուհետև ամերիկացիները խաղադրույք էին կատարում այսպես կոչված սիրիական ընդդիմության քուրդ մարտական խմբավորումների, ջոկատների, Ջեբհաթ ան Նուսրա, Ահրար աշ Շամ և դրանց նման այլ ահաբեկչական խմբավորումների վրա, որոնց, մեծ հաշվով, ամենասկզբից ամերիկացիները պաշտպանում էին։

Քուրդ մարտական զորամիավորումները մնացին Սիրիայի հյուսիսային շրջաններում` Թուրքիայի հետ սահմանին, իսկ Ջեբհաթ ան Նուսրային (որի մի մասը ժամանակին վերածվեց Ահրար աշ Շամի) և մնացյալ ահաբեկչական կազմակերպություններին այսօր փորձում են վերջնականապես ջախջախել ու վերացնել Ղութայում։

Իսկ ամերիկացիները մնում են առանց համախոհների, որոնց վրա կարելի է հույս դնել ոչ թե Բաշար Ասադին գահընկեց անելու համար, այլ Սիրիան մի քանի մասի բաժանելու։ Սակայն դա չի հաջողվում. իսկ ո՞վ է մեղավոր։

Դե, իհարկե, Ռուսաստանն ու Իրանը, որոնք օգնեցին պաշտոնական Դամասկոսին, և որոնց ամերիկացիներն անպայման կփորձեն պատժել։ Այն պատճառով, որ լուրջ հարված են հասցրել գերտերությունների աշխարհաքաղաքական շահերին։

Սա է Իրանի և պատժամիջոցների (որոնք ամերիկացիները փաթաթում են ամբողջ աշխարհի և առաջին հերթին իրենց եվրոպական գործընկերների վզին) նկատմամբ ԱՄՆ վարքագծի ողջ տրամաբանությունը։

Գլխավոր թեմաներ