14:44 24 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը

Էրդողանի փառքի ծարավը. «քաղաքական աղավնին» ցանկանում է նոր Աթաթուրք դառնալ

© REUTERS /
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
9410

Թուրքիայի նախագահը փորձում է ի դեմս իր անձի միավորել երկու հակադրություններ` ազգայնականությունը և իսլամիզմը, դրանով հանդերձ խամրեցնել Աթաթուրքին կամ համեմատվել նրա հետ։

Դավիթ Գալստյան, Sputnik

Բազմազգ Թուրքիան ավելի ու ավելի է ընկղմվում իսլամով համեմված ազգայնամոլության ագրեսիվ ճիրաններում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին ելույթը երկրում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների ևս մեկ ակնառու բանբեր է։

Ելույթ ունենալով Մերսինում ցույցերից մեկի ժամանակ` Էրդողանը մատներով պատկերել է «Գորշ գայլեր» ծայրահեղ աջակողմյան կազմակերպության խորհրդանիշը։

«Ուր ենք հասել», — այդպես է դրան արձագանքել թուրքահայ պատգամավոր Կարո Փայլանը։

Էրդողանի արմատականությունը նորություն չէ, նա միշտ շեշտը դրել է կրոնի վրա։ Դեռ 1997թ.-ին նա ավելացրել է իր տողերը («Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները` մեր սաղավարտները, մինարեթները` մեր սվինները և հավատարիմ զինվորները») 20-րդ դարի սկզբի պանթուրքիստ Զիա Գեկալպայի պոեմի մեջբերման մեջ։

Դրա համար մեղավոր է ճանաչվել բռնություն սանձազերծելու և կրոնական կամ ռասայական ատելություն սերմանելու մեջ։

Նա իշխանության գլուխ բարձրացավ կրոնական կարգախոսներով, որոնք մինչև հիմա պարբերաբար օգտագործում է։ Իսլամական հռետորությունը պահպանելու օրինակ էր այն, որ Էրդողանը 2017թ.-ի դեկտեմբերին խոստացավ իսմական աշխարհը «ոտքի հանել» Իսրայելի դեմ Թրամփի պատճառով (դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշման ֆոնին)։

Դրանից մեկ ամիս առաջ նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի հայտարարությունը թագավարությունը չափավոր իսլամի պատվար դարձնելու մասին (իբն Սալմանն ավելի ուշ պատասխանել էր, որ Թուրքիան Իրանի հետ միասին համալրում է «չարի եռանկյունու» մի մաս)։

Սակայն վերջին շրջանում Էրդողանը փորձում է իր անձի շուրջ միավորել անցյալում երկու հակադրությունները` կրոնը և ազգայնամոլությունը։

Դեռ 2014թ.-ին ընտրություններում ձայն հավաքելու համար ռասիստական հայտարարություններ էր հնչեցրել հայերի ու վրացիների հասցեին։

«Ինձ անվանել են վրացի։ Ներեք ինձ այս խոսքերի համար, բայց նրանք ավելի վատ բան են ասել` նրանք ինձ հայ են անվանել», — այդ ժամանակ ասել էր Էրդողանը։

Անցած տարիների ընթացքում Էրդողանը շարունակել է այդ գիծը։ Զարմանալի չէ, որ Թուրքիայում ազգայնականության աճին զուգահեռ տոհմածառը ստուգելու համակարգի գործարկումն իսկական իրարացնում է առաջացրեց, ի վերջո այդ երկրում տարբեր տվյալներով՝ երկրի բնակչության 40 տոկոսն այլ ազգությունների ներկայացուցիչներ են։

Որոշ հասարակական գործիչներ և լրագրողներ հանդես են եկել գրանցամատյաններ բացելու դեմ` նշելով, որ իրավիճակը կարող է անկանխատեսելի սոցիալական հետևանքներ ունենալ։

Չէ՞ որ Մուսթաֆա Քեմալի ստեղծած և այդ սկզբունքներով մինչև հիմա գործող պետությունը հիմնվել է այն համոզմունքի վրա, որ թուրքական ինքնությունը «աղտոտված չէ ռասայական փոքրամասնություններով», ինչը բարեկամացրել է քեմալիստներին նացիստների հետ: Այս մասին գրում է Independent-ը։

Այս «բացահայտումների» հետ կապված ազգայնական տրամադրությունների աճը լիովին կարող է ձեռնտու լինել Էրդողանին և նրա համախոհներին, քանի որ նրանց համար երկրի էթնիկ պատկերը գաղտնիք չէ։ Իզուր չէ, որ տոհմածառը ստուգելու համակարգը հայտնվել է պաշտոնական կայքում։

Հասկանալու համար, թե ինչպիսի անհեթեթության է հասել Էրդողանի ազգայնականությունը, բավական է դիտել հոլովակը, որում նա փոքրիկ աղջկան հարցնում է, թե նա պատրա՞ստ է արդյոք մահանալ Թուրքիայի համար։

«Նրա գրպանում Թուրքիայի դրոշն է… Եթե նա մահանա, նրան դրոշով կծածկեն՝ Աստծո կամքով», — ասում է Էրդողանը, որի որդիները, ի դեպ, չգիտես ինչու չեն ծառայել բանակում։

Էրդողանն Աֆրին կուղարկե՞ր այս աղջկան, եթե դա նրան ինչ-որ դիվիդենտներ բերեր…

Վերջին շրջանում զինվորական համազգեստով կամ ազգայնական բանաստեղծություններ արտասանող երեխաներն ավելի հաճախ են հայտնվում Թուրքիայի նախագահի միջոցառումներում։

Փորձագետները համոզված են, որ Էրդողանը չի հրաժարվել պանթուրքիզմի քաղաքականությունից, հակառակը, նրա ախորժակն ավելի է մեծացել։ Նման վարկածներից մեկի համաձայն՝ նա ցանկանում է մինչև 2023թ.-ը կառուցել նոր Թուրքիա` նոր սահմաններով։

Այս ֆոնին իշխանություններն աշխատում են Էրդողանի անձի պաշտամունք ստեղծել, և նրան վիրավորելու համար կարող են հետապնդել ոչ միայն քաղաքական գործիչներին, ինչպես եղել է թուրք պատգամավորի դեպքում, այլ սովորական քաղաքացիներին: Հիշենք, որ նախագահի մասին ավտոբուսում «անհարգալից» զրույցի համար ձերբակալել էին թուրք կնոջը ։

Փորձագետները համոզված են, որ Էրդողանի ազգայնամոլության դրսևորումներն առանձին օղակներ չեն, որոնք ծառայում են այս կամ այն կարճաժամկետ նպատակներին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Թուրքիայի առաջնորդի վերջին ժեստը պետք է դիտարկել ոչ միայն գալիք ընտրությունների տեսանկյունից, այլ նաև ընդհանուր ներքաղաքական գործընթացների։

«Պետք է հաշվի առնել «Արդարություն և զարգացում» (Էրդողանի գլխավորած) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների նախընտրական կոալիցիան։ Բայց դա նաև փոփոխությունների ցուցիչ է, որոնք տեղի են ունենում գաղափարական ոլորտում», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` դա ազգայնամոլության նոր տեսակի հերթական դրսևորում է, որի հիմքում ընկած է ազգայնականության և իսլամի սինթեզը։

Թուրքագետն ուշադրություն է դարձրել նրան, որ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքագիտական, հասարակական և փորձագիտական քննարկումների հիմքում ընկած են Էրդողանին Աթաթուրքի հետ ասոցացնելու փորձերը։

«Էրդողանը փորձում է իր յուրահատուկ տեղը զբաղեցնել պատմության էջերում` որպես նոր Թուրքիայի ստեղծող։ Նա ցանկանում է եթե չխամրեցնել, ապա Մուսթաֆա Քեմալին հավասարազոր տեղ զբաղեցնել, դառնալ Աթաթուրքից հետո երկրորդը», — ասաց Հովսեփյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ուշադրություն հրավիրեց 2019թ.-ի ընտրություններում հաղթանակի առաջնային նպատակի վրա։

«Նա պետք է ապահովի ուժերի համախմբումը, իսկ առանց ազգայնական օղակների չի կարող դա անել», — ասաց Բոզոյանը։

Միաժամանակ Բոզոյանը հիշեցրեց, որ Էրդողանը, որն իսլամամետ գործչի համբավ է ունեցել, գլխավորել է իշխանությունը` որպես «քաղաքական աղավնի», որը պետք է թուլացներ Աթաթուրքի կողմից սահմանված աշխարհիկ համակարգը։

Էրդողանը թույլ աջակցություն է ունեցել, նա պետք է թուլացներ Աթաթուրքի դրած հիմքերը, և նա սկսել է օգտագործել խաղաղասիրական կարգախոսներ։ Թուրք առաջնորդը թույլ է տվել մարդկանց չթաքցնել էթնիկ ծագումը։ Քրդերին հիմնարար ազատություններ են շնորհել (20-30 տարի առաջ քրդերը նույնիսկ ռադիո չունեին)։

Էրդողանը կրճատել է նաև ազգայնամոլների ազդեցությունը` կտրուկ թուլացնելով բանակի և ավելացնելով կրոնի դերը, բայց հետո նրա քաղաքականությունը փոխվել է։

«Հիմա նա փորձում է հենվել ազգայնական օղակների և Աթաթուրքի գաղափարախոսության վրա` վերևում դնելով իր անձը։ Դա շատ վտանգավոր է, քանի որ Էրդողանի օգտագործած հռետորությունը նման է 30-ական թթ.-ին Հիտլերի խոսքերին», — ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` նոր միտում է, երբ պետական մակարդակում արտահայտվում են գաղափարներ, որոնք նախկինում հնչել են միայն ակադեմիական մակարդակում։

Հիշեցնենք, որ «Գորշ գայլերը» թուրքական Ազգայնական շարժում ծայրահեղ աջակողմյան կուսակցության երիտասարդական մարտական թևն է, որը ներկայացված է երկրի խորհրդարանում։

Կազմակերպությունը հարում է պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարներին։ Կազմակերպության գրոհայինները մեղադրվել են մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների մեջ, այդ թվում` Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի դեմ մահափորձի։ 1990-ական թթ.-ից կենտրոնացել են քրդական շարժումների և էթնիկ կրոնական փոքրամասնությունների դեմ պայքարի վրա։

Նրանց նպատակն է Մեծ Թուրան ստեղծել թուրքական ազգային ավանդույթների, մշակույթի և հասարակարգի հիման վրա։ «Գորշ գայլերը» ցանկանում են միավորել թուրք ժողովուրդներին մեկ մեծ պետության մեջ` Անկարա մայրաքաղաքով։

Հաջողություն գրավելու համար խմբավորման անդամները կարող են նմանակել գայլի ոռնոցը կամ հատուկ ձևով դասավորել մատները. ճկույթը և ցուցամատը պարզում են վերև, իսկ միջնամատը, անանուն մատը և բութ մատը միացնում են այնպես, որպեսզի կողքից նայելիս նման լինի գայլի գլխի։

Գլխավոր թեմաներ