11:09 14 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.73
  • GBP596.06
  • EUR525.36
  • RUB7.42
Զբոսաշրջիկներ

ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը. որտեղի՞ց ծայրահեղականներ անվտանգ ՀՀ–ում

© Sputnik / Asatur Yesayants
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
459220

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել` կոչ անելով Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոնություն դրսևորել արձակուրդների շրջանի նախաշեմին։ Տարօրինակ է ոչ միայն հայտարարությունը, այլ այն, թե ինչու է այն հայտնվել հենց հիմա։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ինչպես նշվում է հայտարարությունում, «տոնական օրերին Հայաստանում ավանդաբար աճում է հանցավորության մակարդակը»։ Ընդ որում` ամերիկացի դիվանագետներն իրենց երկրի քաղաքացիներին զգուշացնում են բավական կոնկրետ բաների մասին։ Եվ, ուշադրությո'ւն, ոչ միայն գրպանային և բնակարանային գողությունների մասին, որոնք միգուցե տոնական օրերին իսկապես ավելի հաճախ են տեղի ունենում։

Ամերիկյան դեսպանատան ուղերձում լիովին կոնկրետ խոսում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և մարդկանց մասին, որոնք համակված են Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ։

Հետաքրքիր է` ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը։ Ի՞նչ կապ ունի մեր երկիրը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ ծայրահեղական գաղափարախոսության մասին կարող է խոսք լինել, եթե խոսքը Հայաստանի մասին է։

Ամերիկյան դեսպանատան հայտարարության մի հատվածի բառացի թարգմանությունն այսպես է հնչում. «Ծայրահեղականների ուշադրության կենտրոնում սովորաբար գտնվում են առևտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, աղոթելու համար տարածքները, տրանսպորտային հանգույցները, որտեղ լինում են զբոսաշրջիկներ»։

Ինչի՞ կամ ո՞ւմ մասին է կոնկրետ խոսվում հայտարարությունում` հրապարակված ԱՄՆ դեսպանատան կողմից։ Ի՞նչ առեղծվածային ծայրահեղականներ և միջազգային ահաբեկչական կազմակերպություններ են հայտնաբերել Երևանում։

 Չէ՞ որ վերջերս  International SOS խոշորագույն բժշկական և զբոսաշրջային ծառայությունը Հայաստանը ճանաչել է զբոսաշրջության համար ամենաանվտանգ երկրներից մեկը և անվտանգության մակարդակով 8–րդը հենց ամերիկացի զբոսաշրջիկների համար։

Մի՞թե ամերիկյան դիվանագետները նկատի ունեն Իրանին մոտ լինելը, որի հետ Հայաստանը բավական ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի, և միայն նրանք` ամերիկացիները, այդ երկիրը համարում են դժոխքի ծնունդ և ահաբեկչության բույն։ 

Կամ ԱՄՆ–ի դիվանագետներն այդքան վախեցա՞ծ են Ֆրանսիայից ստացվող տեղեկատվությունից, որտեղ օրերս վնասազերծել են միջազգային հանցավոր կազմակերպություն, որի մեջ մտել են հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ։

Ինչպե՞ս ամերիկյան նոր դեսպանին (և նրա ամբողջ թիմին) պատմել ժամանակին հայկական ռադիոյի  հայտնի անեկդոտներից մեկը հայի, վրացու և թուրքի (ադրբեջանցու) մասին...

Կատակը մի կողմ, սակայն բավական լուրջ ենթատեքստ կա, քանի որ ԱՄՆ–ն աշխարհում առաջիններից մեկն է ողջունել Հայաստանում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունը։

Ամերիկան առաջիններից մեկն է պաշտոնապես ողջունել և աջակցել օրերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցել է 11 կուսակցություն և տարաբնույթ միավորումներ` սկսած լիբերալից վերջացրած ազգային–հայրենասիրականով։ Միգուցե նրանցից մի քանիսին են նկատի ունեցել ամերիկացները` նշելով «ծայրահեղական գաղափարախոսությամբ համակված մարդկանց մասին»։

Հասկանալի է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն ամեն տարի նման հայտարարություններ է ուղարկում ամբողջ աշխարհի իր դեսպանատներին։ Նրանք արդեն իրենք են որոշում, ելնելով երկրի իրողություններից, արժե՞ արդյոք հրապարակել այդ հայտարարությունը։

Սակայն Հայաստանում ամերիկյան դեսպանատունը նախկինում երբեք չի փորձել այդպես վախեցնել իր քաղաքացիներին, որոնք որոշել են տոներին մեկնել «էկզոտիկ» Հայաստան։

Վերջին շրջանում Ատլանտյան օվկիանոսի այն կողմից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է։ Ընդ որում, ոչ թե էթնիկ հայերի (նրանք միշտ այցելել են իրենց հարազատներին ու մտերիմներին), այլ  ԱՄՆ այլ ազգություն ունեցող քաղաքացիների։ Եվ նման հայտարարությունն իսկապես կարող է լրջորեն անդրադառնալ զբոսաշրջային հոսքի վրա։ Չէ որ լավ հայտնի է, որ ԱՄՆ–ի բնակիչները շատ լուրջ են վերաբերվում այն ամենին, ինչ նրան ասում են երկրի պաշտոնյաները։

Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) արձագանքը, որը սովորաբար բավական զուսպ է պաշտոնական Վաշինգտոնին քննադատելու մասով։ Սակայն հիմա նույնիսկ ANCA ղեկավարությունը, ինչպես ասում են, չի դիմացել։

Իր հայտարարությունում ANCA–ն տարակուսանք է հայտնել` կապված տարածված հայտարարության հետ և հարց է տալիս, թե ինչու են ամերիկացի դիվանագետները հիշեցնում իրենց քաղաքացիներին երկրում արձակուրդների շրջանում հանցավորության աճի մասին, որը ամերիկյան պետդեպարտամենտի տվյալներով մոլորակի ամենաանվտանգ վայրերից մեկն է ամերիկացի ճանապարհորդների համար։

«Էլ ավելի անհասկանալի է այն փաստը, թե ինչու է դեսպանատունը խնդրել ամերիկացիներին զգոնություն դրսևորել «սպառնալիքների հարցում, որոնք բխում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից և առանձին անձանցից», որոնք բոլոր հայտնի տվյալներով ոչ միայն բացակայում են Հայաստանում, այլ նաև պատմականորեն ներկայացված չեն եղել այնտեղ», – ասվում է ANCA–ի հայտարարության։

Ըստ թեմայի

Իրա՞ն․ ամերիկյան նավթային հսկաների հեռանալը չի վերաբերում միայն Ադրբեջանին
Իրանը բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ է կատարել
Ահաբեկչություն Իրանում. մեքենա է պայթել, կան զոհեր
Իրանը ողջունել է Հայաստանում բարեհաջող կայացած ԱԺ արտահերթ ընտրությունը
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ