14:49 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Очередь

Գործարարների և ձեռներեցների համար. ինչպիսի՞ հարկեր կլինեն Հայաստանում

CC BY 2.0 / Kelly B / MIB
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
24210

Հայաստանում ուզում են նվազեցնել եկամտահարկը, իսկ օղու ակցիզը` թանկացնել։ Բայց օրինագիծը նաև այլ փոփոխություններ է առաջարկում հարկերի գրեթե բոլոր տեսակների դեպքում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ֆինանսների նախարարությունը բազմաթիվ անգամ մանրամասն մեկնաբանել է հարկային բարեփոխման նախագիծը։

Իշխանությունն առաջարկում է  նվազեցնել մեր եկամտահարկը և բիզնեսի շահութահարկը։ Այսինքն մենք ավելի քիչ հարկեր ենք վճարելու։ Իսկ որպեսզի բյուջեն չտուժի, ցանկանում են բարձրացնել օղու և ծխախոտի ակցիզը, ինչպես նաև ավելացնել նոր ակցիզ՝ քաղցր խմիչքի համար։ Բացի այդ, կբարձրացնեն ռեստորանների և թանկարժեք ավտոմեքենաների հարկը։

Բայց սկսենք հարցից, որը շատերին է հետաքրքրում․ պե՞տք է արդյոք հարկ վճարել փողերից, որոնք փոխանցում են արտասահմանում գտնվող հարազատները։ Առաջին պատասխանը՝ ոչ, պետք չէ։ Այդ փողերը մեր հարազատներն արդեն վաստակել են և դրանց համար հարկեր են վճարել այլ երկրում։

Հիմա անցնենք օրինագծերի փաթեթին։

Եկամտահարկ

Այժմ այն կազմում է 23 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ստանում են ամսական 150 հազար դրամ և 28 տոկոս աշխատավարձի այն մասի համար, որը գտնվում է 150 հազարի և 2 միլիոն դրամի միջև։ Իսկ նրանք, ովքեր գտնվում են բուրգի գագաթին (ամսական 2 միլիոն դրամ և ավելի) վճարում են 36 տոկոս։ Բայց նման աշխատողները ընդամենը 0,3 տոկոս են։

Բարեփոխումների ընդունման պարագայում բոլորը կվճարեն 23 տոկոս։ Եթե չհաշվենք այն 0,3 տոկոսին, ապա կշահի միայն 210 հազար մարդ, այսինքն վարձու աշխատողների այն խումբը, որոնց աշխատավարձի չափը 150 հազարից և երկու միլիոնի միջակայքում է։ Իսկ դա բոլոր աշխատողների մոտավորապես 35 տոկոսն է։ Խոսքը համախառն աշխատավարձի մասին է. հարկերը գանձելուց հետո շատերի աշխատավարձը կկազմի 150 հազարից քիչ։

Բայց ինչու մեծ աշխատավարձից չվճարեն ավելի շատ, իսկ փոքր աշխատավարձից՝ ավելի քիչ։ Եթե հարկը միանման լինի, այդ դեպքում (ֆինանսների նախարարության կարծիքով) գործատուներն ավելի ազատ կբարձրացնեն աշխատավարձերը, եթե նման հնարավորություն լինի։ Մեկ այլ հարց է՝ կլինի՞ արդյոք։

Շահութահարկ

Առայժմ այն կմնա 20 տոկոսի մակարդակում, սակայն մի քանի տարի անց այն ցանկանում են նվազեցնել մինչև 18 տոկոսի։

Բայց ինչո՞ւ բիզնեսը պետք է ավելի քիչ վճարի իր շահույթից, քան մենք՝ մեր աշխատավարձից, որովհետև գործարարերը հարկ են վճարում շահաբաժնից (5 տոկոս)։ Իսկ 18+5 կլինի 23 տոկոս։ Այսինքն այնքան, որքան վճարելու ենք մենք։

Այդ դեպքում բիզնեսի համար մեկ կլինի՝ աշխատավարձ վճարի օրինական կերպով, թե ստվերային (թղթերով ձևակերպելով որպես շահույթ)։

Ամեն դեպքում երկու դեպքերում էլ նա կվճարի նույն 23 տոկոսը հարկը։

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկ վճարում է փոքր բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը (այսինքն վաճառքի և ծառայությունների հասույթը) չի գերազանցում 115 միլիոն դրամը։

Բիզնեսին հանգստացնելու համար իշխանությունները հավաստիացնում են, որ 115 միլիոն նշաձողը չի փոխվի, և պետք չէ անհանգստանալ։ Ճիշտ է, արտադրության համար հարկը նախկինի նման ավելի բարձր կլինի (3,5 տոկոս), քան առևտրի համար։ Այստեղ այն կազմում է 5 տոկոս՝ մինչև 1,5 տոկոս նվազելու հնարավորությամբ։ Գործնականում, ֆինանսների նախարարության տվյալներով, այն նվազում է մինչև 2,4-2,5 տոկոս։ Բայց ամեն դեպքում առևտրականներն ավելի քիչ հարկ են վճարում, քան արտադրողները։

Թե ինչո՞ւ է պետք աջակցել արտադրության մեջ ներդրողներին, բացատրելու կարիք չկա։ Միայն նշենք, որ արտադրության մեջ ներդրումները միջինում երեք  անգամ ավելի շատ աշխատատեղ են ստեղծում։ Այդ մոտավոր գնահատականն արվել է Հայաստանում ՓՄՁ ոլորտի վիճակագրական տվյալների հիման վրա (10-50 աշխատակից ունեցող ձեռնարկությունների օրինակով)։

Բայց այստեղ ևս մի խնդիր է ծագում։

Հենց այն պատճառով, որ արտադրության մեջ ներգրավված են ավելի շատ մարդիկ, նրանց պետք է ավելի շատ աշխատավարձ վճարել։

Եվ լիմոնադի, ստվարաթղթի կամ կոշկի արտադրամասերը չեն գրանցում աշխատողներին, որպեսզի չգերազանցեն շրջանառության հարկի նշաձողը և չընկնեն ԱԱՀ-ի տակ։

Միկրոբիզնես

Օրինագիծը ստեղծում է նոր ռեժիմ առանց հարկերի՝ միկրոբիզնես։

Հիմա Հայաստանում հարկեր չեն վճարում ինքնազբաղվածություն ունեցող աշխատողները (օրինակ, կոշկակարները)՝ տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառությամբ և ընտանեկան բիզնեսը (որի մեջ ընդգրկված են միայն ընտանիքի անդամները)՝ տարեկան մինչև 18 միլիոն դրամ շրջանառությամբ։ Հիմա առանց հարկերի «անձրևոցի» տակ կմտնեն մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ ձեռնարկությունները։ Բայց Երևանում առևտուրը հարկերից չի ազատվի։

Այնուամենայնիվ, այդ ռեժիմը կօգնի շատերին։ Այստեղ կմտնեն մոտ 2000 ինքնազբաղվածներ և ընտանեկան բիզնեսի 2800 սուբյեկտներ։

Գույքահարկ

Կավելանա թանկարժեք ավտոմեքենաների բնապահպանական հարկը։

Ավելի քան 300 ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական վճարումները կաճեն երեք անգամ ( տարեկան 50-150 դրամ մեկ ձիաուժի համար)։

Հայաստանում նման մեքենաները կազմում են ընդհանուր թվի 2 տոկոսը։ Ֆինանսների նախարարության գնահատականով՝ տարեկան հարկը մեծ մուտքեր չի ապահովի՝ 300-350 միլիոն դոլար։

Բայց պետությունը կասի իր խոսքը․ ով լավ է ապրում, թող ավելի շատ հարկեր վճարի։

Ավելի բարդ է անշարժ գույքի հետ կապված հարցը։ Առայժմ գույքահարկը ցածր է, և թանկարժեք անշարժ գույքի տերերն ակնհայտորեն ավելի քիչ են վճարում, քան կարող են։ 2019թ-ին նախարարությունը հանդես կգա նոր առաջարկներով։

Ակցիզ

Ավարտենք «ամանորի» հարկով՝ ակցիզով։ Այն ցանկանում են բարձրացնել Եվրամիության քաղաքականությանը համապատասխան։ Բայց դա անում են «կովկասյան ակցենտով»․ սիգարետի, օղու և գարեջրի հարկը կբարձրացնեն, իսկ գինու հարկը՝ ոչ։

Չէ որ ալկոհոլի 85 տոկոսը, որը խմում են Հայաստանում, թունդ ալկոհոլ է, 10 տոկոսը գարեջուր է և միայն 5 տոկոսը՝ գինի, նշում են ֆինանսների նախարարությունում։

Այժմ օղու ակցիզը կազմում է 73 տոկոս, բայց մեկ լիտրի համար 725 դրամից ոչ պակաս։ 2019թ-ից այն արդեն կդառնա 84 տոկոս, և 835 դրամից ոչ պակաս մեկ լիտրի համար։ Սիգարետի դեպքում այն կկազմի 15 տոկոս, բայց 7 275 դրամից ոչ պակաս հազար հատի համար (չշփոթել տուփի հետ)։ 2019թ-ին  կլինի նույն 15 տոկոսը, բայց հազար հատի համար 8 370 դրամից ոչ պակաս։

Ակցիզ կսահմանեն ոչ միայն սովորական սիգարետի համար, այլ նաև էլեկտրոնային։

Բացի այդ, առաջարկում են ակցիզ սահմանել շաքարի բարձր պարունակությամբ խմիչքների համար (ավելի քան 5 տոկոս)։ Ճիշտ է, հարկը համեմատաբար ցածր կլինի՝ 10 տոկոս, բայց մեկ լիտրի համար 30 դրամից ոչ պակաս։

Այս «քաղցր» կետով կցանկանայինք ավարտել զրույցը։ Բայց այստեղ էլ չի հաջողվի զերծ մնալ վերապահումներից։

Առաջին հերթին միկրոբիզնեսը, որը կազատվի հարկերից, ամեն դեպքում պետք է վճարի իր շահույթից 5 տոկոս։

Երկրորդ և սա արդեն վերաբերում է գրեթե բոլորին. առայժմ հստակ չէ՝ կբարձրանան արդյո՞ք կուտակային կենսաթոշակային վճարները աշխատավարձի 2,5 տոկոսից կրկին մինչև 5 տոկոս։

Քննարկումները կշարունակվեն նոր տարում՝ ակցիզավորված օղիով տոներից անմիջապես հետո։

Ըստ թեմայի

Բացի բանանի գնից, մեզ ոչինչ չհասավ. հայկական ու ֆրանսիական հեղափոխությունների 3 կետերը
Հարկային օրենսդրության փոփոխման հիմքում արդար հարկման մեխանիզմի ներդրումն է.Արման Պողոսյան
Ինքնահայտարարագրվեք, քանի ուշ չէ. ՊԵԿ–ը զգուշացնում է շոուբիզնեսի ներկայացուցիչներին
Ջանջուղազյան. «Մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»
Պողոսյան. «Եթե արտերկրից եկող տրանսֆերտները հարկվեն, ապա ոչ ամբողջությամբ»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ