04:05 20 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.27
  • GBP645.47
  • EUR552.06
  • RUB7.57
Դուշամբե. ԱՊՀ երկրների ղեկավարների նիստ

Բաքվի դիլեման. սպասե՞լ հարմար պահի, թե՞ անցնել ակտիվ գործողության

© Sputnik / Михаил Метцель/ТАСС/POOL
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
543 0 0

Փաշինյանը ցանկանում է ավելի շատ վերահսկողություն ունենալ Ստեփանակերտում, որտեղից եկած ցանկացած առարկություն նա ընդունում է որպես պոտենցիալ մարտահրավեր։ 2019թ–ին այդ հարցը Հայաստանի կառավարության համար կհայտնվի առաջնահերթությունների շարքում։

Սերգեյ Մարկեդոնով. ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

2018թ–ին Հարավային Կովկասում տեղի են ունեցել բազմաթիվ նշանակալի իրադարձություններ։ Ամփոփենք տարին ըստ տարածաշրջանային գործընթացների արդյունքների։

Կովկաս 2018. միջանկյալ վերջնագիծ

Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Երեկվա ընդդիմադիրը ղեկավարում է կառավարությունը։ Դրանից քիչ ավելի վաղ Հանրապետության նոր նախագահ էր դարձել Արմեն Սարգսյանը։ Ու թեև այսօր Հայաստանում նախագահն այդքան մեծ լիազորություններ չունի, նոր թիմի իշխանության գալու դժվարին րոպեներին նրա միջնորդական ջանքերը շատ գնահատվեցին։

Ադրբեջանում և Վրաստանում կայացան նախագահական ընտրություններ։ Եվ եթե Իլհամ Ալիևի հաղթանակն ամենևին էլ անակնկալ չէր, ապա «Վրացական երազանքի» աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հաղթանակ տարավ արտահերթ ընտրությունների միայն երկրորդ փուլում և ինտրիգը պահպանվեց մինչև քվեարկության ավարտը։

Ու, չնայած տարածաշրջանի աշխարհաքաղաքական ֆոնը զգալի փոփոխություն չի կրել, բոլոր ռիսկերը պահպանվել են։ ԱՄՆ–ը զգալիորեն ակտիվացել է այստեղ. դա կարևոր է Վաշինգտոնի հետ Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։

Նախկինի պես ամենավտանգավոր կետերը մնում են Արցախյան առաջնագիծն ու Հայաստան–Ադրբեջան սահմանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը, Սալոմե Զուրաբիշվիլին և Բիձինա Իվանիշվիլին, Իլհամ Ալիևը կարող են տոնել հաղթանակը և ապագայի լավատեսական ծրագրեր կառուցել։ Բայց այդ ապագան պահանջում է խնդիրների լուծում և սուր մարտահրավերների դիմագրավում։

Հայաստան. թեստ Փաշինյանի համար

2018թ–ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի շարժումն աննախադեպ աջակցություն ստացավ։ «Իմ քայլի» առաջնորդն ինքնաբավ ինստիտուտ է։ Փաշինյանը կարող է ունենալ ցանկացած կարգավիճակ, բայց բոլորին պարզ է` Հայաստանում ուրիշ ոչ ոք թիվ մեկ քաղաքական գործիչ չէ։

Դա կարող է նրա համար ստեղծել և՛ նոր հնարավորություններ, և՛ վտանգավոր գայթակղություններ։ 2019թ–ին Փաշինյանը պետք է ապացուցի, որ քաղաքական Օլիմպոսում իր հայտնվելը պատահական չէր, նա մեկ ժամով խալիֆ չէ, այլ լուրջ պետական գործիչ, որն ի վիճակի է համակարգային փոփոխություններ կատարել երկրում։ Նրա հանդեպ դժգոհությունը կաճի, եթե նոր թիմը սխալներ գործի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։

Թեև Փաշինյանի կառավարչական թիմը նոր կարելի է անվանել միայն վերապահումներով։ Իշխանության շարքերն են անցել նաև կադրային բյուրոկրատիայի այն ներկայացուցիչները, որոնք կարիերա են արել մինչև «թավշյա հեղափոխությունը», բայց իրենց ապագան կապել են  Փաշինյանի հետ։

Հավանաբար «Իմ քայլը» դաշինքի առաջնորդի համար 2019թ–ի ամենասուր հարցը կդառնա տնտեսական հստակ ծրագրի բանաձևումը, ոչ թե միայն մենաշնորհը վերացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու մասին բարի ցանկություններ արտահայտելը։

Նրա համար չափազանց կարևոր կլինեն Արցախի հետ փոխհարաբերությունները, գրագետ արտաքին քաղաքականության կառուցումը՝ բազմամյա չլուծված հակամարտության մեջ երկրի ներգրավված լինելու պարագայում։ Ղարաբաղում հրաժարականների շարքը պատահականություն չէ։ Փաշինյանը ցանկանում է ավելի շատ վերահսկողություն ունենալ Ստեփանակերտում, որտեղից եկած  ցանկացած առարկություն նա ընդունում է որպես պոտենցիալ մարտահրավեր։ 2019թ–ին այդ հարցը Հայաստանի կառավարության համար կհայտնվի առաջնահերթությունների շարքում։

Բացառված չէ, որ բախվելով խորհրդարանական կառավարման բարդությունների հետ, Փաշինյանը կգնա սահմանադրական փոփոխությունների. դա նրա «պահուստային տարբերակն է», եթե խնդիրներն ավելանան։ Այս թեմայով անհրաժեշտ խոսքերը նա արդեն բերանից է ասել։

Ու թեև տարեսկզբին ոչ ոք իր հայտնիությամբ չէր կարող համեմատվել Փաշինյանի հետ, արժե ուշադրություն դարձնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետագծի վրա։ «Մարտի 1–ի գործը»  հասարակության ուշադրությունը սևեռեց ՀՀ երկրորդ նախագահի վրա։ PR-ի տեսանկյունից նախկին նախագահը առայժմ ծայրահեղ քայլեր չի արել։ Եվ նոր թիմի խնդիրների ավելանալուն  զուգահեռ «տառապյալի» լուսապսակը կարող է խաղալ իր դերը` ըստ էության լրացուցիչ խթաններ հաղորդելով Փաշինյանի գլխավոր  ընդդիմադիրին։

Ադրբեջան. ոչ հանրային քաղաքականություն և արցախյան քննություն

Առաջին հայացքից թվում է, որ հենց Ադրբեջանն է տարածաշրջանի առավել կայուն պետությունը։ Սակայն այստեղ նույնպես կան բարդություններ. երկրում գործընթացների զգալի մասը ծավալվում է կուլուարներում, բայց դա չի նշանակում քաղաքական ինտրիգների բացակայություն։ Ադրբեջանն անցնում է վերնախավերի փոփոխման բարդ փուլ, և պետության առաջին դեմքի համար չափազանց կարևոր է, որ «հղկման» գործընթացը տեղի ունենա առանց թերությունների։

Ինչո՞ւ է «ղարաբաղյան քննությունը» հիշատակվում ադրբեջանական համատեքստում, չէ որ Հայաստանի համար դա նույնպես կարևորագույն հարց է։ Տարբերությունն այն է, որ Երևանը դեմ չէ առկա ստատուս քվոյին. այդ Բաքուն է ձգտում փոխել այն իր օգտին։ Չափազանց շատ են հայտարարությունները հաջողությունների մասին։ Իսկապես, ռազմական բյուջեն աճում է, ռազմատեխնիկական կոոպերացիան` զարգանում, դրանում ներառվում են նորանոր երկրներ, ներառյալ ՀԱՊԿ անդամները։

Բաքուն իրեն տուժած կողմ է համարում և հատուցում պահանջում անցած պարտությունների համար։ Վտանգե՞լ առկա ձեռքբերումները, տարիներով հաստատված կայունությունը ստատուս քվոն վերացնելու համար, թե՞ սպասել հարմար պահի, որը կարող է չգալ։ Խաղադրույքները բարձր են։

Ըստ թեմայի

Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ
«Հարձակում իրերի էության վրա». երբ խոսեց Կաթողիկոսը
Զինակոչիկներով ավտոբուսի պատմության հետքերով. երբ անպատժելիությունը սովորություն է դառնում
Պրիգոժինի հայկական կոշիկները, կամ ինչպես հասկանալ, որ պետությունը ճիշտ են կառավարում
«Անգլուխ Նիկոլը». Հայաստանին «թավշյա բաճկոննե՞ր» են սպասում
Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Իլհամ Ալիև, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ