22:34 20 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.50
  • GBP629.90
  • EUR551.07
  • RUB7.36
Անգելա Մերկելը և Նիկոլ Փաշինյանը. Բեռլին, 1 փետրվարի 2019 թ.

«Բազմավեկտոր» Փաշինյանը Բեռլինում. աշխարհաքաղաքական շրջադարձ նախատեսված չէր

© Photo / official site of the Prime minister of RA.
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
16901

Որքան էլ արևմտյան առաջնորդները ոգեշնչված խոսքեր ասեն ազատության արժեքների մասին, գործնականում դրանք բխելու են realpolitik-ի տրամաբանությունից։

Սերգեյ Մարկեդոնով` ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա գրավել է քաղաքական գործիչների և փորձագետների ուշադրությունը։ Բեռլինում ՀՀ վարչապետը հանդիպել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, ԳԴՀ նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի (նա ընդհանուր առմամբ ութ տարի ղեկավարել է Գերմանիայի ԱԳՆ–ն) և Բունդեսթագի ներկայացուցիչ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Բայց այցի նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է ոչ միայն և ոչ այդքան բանակցությունների հագեցած ժամանակացույցով։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև չդադարող առճակատման պայմաններում միջազգային ասպարեզում երրորդ երկրների ցանկացած գործողություններ առաջին հերթին դիտարկվում են որպես «ձգողականության բևեռների» որոնումներ։ Նույնիսկ եթե գործնականում ամեն ինչ ավելի բարդ է, և խոսքը միայն հավասարակշռված արտաքին քաղաքականության ձգտելու մասին է։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի օրինակը չափազանց կարևոր է։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում կան շատ մարդիկ, որոնք հակված են անցած տարվա «թավշյա հեղափոխության» մեջ տեսնել Երևանի շրջապտույտը դեպի Եվրամիություն և ԱՄՆ: Իմաստ չունի կրկնել բոլոր փաստարկները, որոնք հավաքվել են այդ տեսակետի օգտին. դրանք հայտնի են։

Սակայն Փաշինյանն իշխանավարման ամբողջ ընթացքում, այդ թվում` արևմտյան քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ այդ վարկածի օգտին փաստարկներ ունենալու տեղիք չի տվել։ Բավական է հիշել, թե ինչպես է 2018թ–ի հուլիսին Բրյուսել կատարած երկօրյա այցի ժամանակ (ի դեպ, դա եղել է Հայաստանի վարչապետի առաջին փորձը եվրոպական ուղղությամբ) ոչ վաղ անցյալի բողոքի զանգվածային ակցիաների առաջնորդը Euronews–ին տված հարցազրույցում հայտարարեց, որ իր երկիրը նոր իշխանության օրոք նույնպես կմնա «Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը»։

Հավելենք, որ Եվրոպական միության հետ գործընկերության նկատմամբ հետաքրքրություն (հատկապես տնտեսական) Երևանը դրսևորել է մինչև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը։ «Կոմպլեմենտարիզմ» տերմինը, որը ենթադրում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, մտել է Հայաստանի ակտիվ քաղաքական բառապաշար նախագահ Ռոբերտ Քոչարյանի` գործող վարչապետի գլխավոր հակառակորդի օրոք։ Հենց այդ պատճառով Հայաստանի քաղաքական գործիչների և դիվանագետների ցանկացած բանակցություններ արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ հայտնվում են ուշադրության կենտրոնում։

Գերմանական կապեր Երևանի համար

Գերմանիայի հետ հարաբերություններում կան մի քանի կարևոր նրբություններ։ Բացատրեմ. ԳԴՀ–ի համար Կովկասը և մասնավորապես Հայաստանն արտաքին քաղաքական գերակայություն չեն։ Գերմանացի հայտնի փորձագետ Ռոլանդ Գյոտցի կարծիքով` այդ տարածաշրջանը «իր բավական սահմանափակ ռեսուրսային ներուժով առանցքային չէ» Բեռլինի համար։ Սակայն Գերմանիան Եվրամիության փաստացի առաջնորդն է, և անվտանգության հարցերը նրա համար հետաքրքրություն են ներկայացնում «եվրոպական հարևանության» համատեքստում։ Նրա խոսքը (և, իհարկե, գործողությունները) հատուկ նշանակություն ունեն Եվրամիության ներսում խնդիրների ավելանալու և Դոնալդ Թրամփի օրոք Եվրամիության և ԱՄՆ–ի միջև բարդ հարաբերությունների պայմաններում։

Մյուս կողմից, հենց Գերմանիան է 2014թ–ի իրադարձություններից հետո նշել է Ռուսաստանի հետ «սովորականի պես» գործ ունենալու անհնարինությունը։ Բայց Բեռլինը նաև ամեն կերպ ցուցադրում է, որ շահագրգռված է Մոսկվայի հետ կետային գործակցությամբ, հատկապես էներգետիկայի հարցերում։ Գերմանական ղեկավարությունը, Անդրկովկասում ռազմավարական նպատակ հռչակելով տարածաշրջանի երկրների հետ գործընկերության խորացումը, ՆԱՏՕ–ի անդամ երկրների շարքում առավել հոռետեսորեն է նայում դաշինքին Վրաստանի անդամակցության հեռանկարներին։ Նոր հայկական իշխանությունների հետ և՛ Անգելա Մերկելը, և՛  նրա թիմի ներկայացուցիչները պատրաստ են գործակցել։

2018թ–ի օգոստոսի 24–ին Մերկելի այցը Երևան սկիզբ դրեց Հայաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի անձնական կապերի հաստատմանը։ Երևանի և Բեռլինի միջև գործակցության համար դաշտն ուրվագծված է։ Ի տարբերություն վրացի և ուկրաինացի քաղաքական գործիչների` Փաշինյանը չի դրել «Ռուսաստանից պաշտպանության» հարց և միանգամից նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը երկրի համար գերակա է։

Փաշինյանի «բեռլինյան դրույթները»

Գերմանիայում Փաշինյանը շատ է խոսել Հայաստանի ներքաղաքական գործերի մասին։ Սակայն չի կարելի չտեսնել այդ սյուժեների հստակ կապը նրա երկրի արտաքին քաղաքական դիրքորոշման հետ։ Այսպես, վարչապետը նշել է, որ «մեր հեղափոխությունը չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և չի եղել որևէ արտասահմանյան ուժ, որը մասնակցել է և ներքաշվել մեր ներքաղաքական գործընթացի մեջ»։

Փաշինյանն արդեն առաջին անգամ չէ, որ փորձում է Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իրադարձություններն տարանջատել այն երևույթից, որը փորձագետները և քաղաքական գործիչներն անվանում են «գունավոր հեղափոխություն»։ Նրա խնդիրն է տեղ հասցնել այն միտքը, որ Հայաստանում կատարված ներքաղաքական փոփոխություններն ավտոմատ կերպով չեն հանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխությունների։

«Մենք չենք փորձում նստել երկու աթոռի վրա, մենք նման նպատակ չունենք։ Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնեմ, որ հենց այդ հարցի շուրջ ծագեց ուկրաինական ճգնաժամը։ Երևանն ընդգծում է, որ նման խաղերն իրեն չեն հետաքրքրում, թեև Եվրամիության հետ կոոպերացիան տարածաշրջանային մեկուսացման (չորս սահմաններից երկուսը փակ են), Արցախի չկարգավորված հակամարտության և տնտեսական խնդիրների պայմաններում կարևոր է։

Փաշինյանն առանձին խոսել է Գերմանիայի և Եվրամիության կողմից ժողովրդավարությանն աջակցելու մասին։ Անգելա Մերկելը գնահատել է դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները որպես ժողովրդավարական։ Ո՞րն է նման գնահատականների կարևորությունը երկու երկրների հարաբերությունների համար։

Որքան էլ արևմտյան առաջնորդները ոգեշնչված խոսքեր ասեն ազատության արժեքների մասին, գործնականում դրանք բխելու են realpolitik-ի տրամաբանությունից։ ԳԴՀ–ին պետք են Ադրբեջանի հետ հարաբերությունները, ուստի Մերկելը անցած տարի Կովկաս կատարած այցի ժամանակ ընդունել էր Բաքվի պահանջը չներառել  պատվիրակության կազմում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերին, որը մինչ այդ այցելել էր Արցախ։

Սակայն այդ թեմայի շուրջ բանավեճը գերմանական հասարակությունում ազդում է քաղաքական որոշումների ընդունման վրա։ Հիշենք թուրքական ուղղությամբ Բեռլինի որոշ նախաձեռնությունները։ Հայաստանի ղեկավարությունը դրա հետ կապված հուսով է, որ «արժեքների բանավեճը» արցախյան հիմնախնդրի կարգավորումը քննարկելիս կօգնի ԳԴՀ և ԵՄ ներսում համակրանք ձևավորելուն։ Հավանաբար այդ հույսերը շատ առումներով միամիտ կթվան, բայց դրանք կան, թեև ընդհանուր առմամբ Եվրամիությունը պասիվ է հայ–ադրբեջանական հակամարտության լուծման մեջ։ Եվ առաջիկայում այդ ճանապարհին փոփոխություններ չեն նախատեսվում։

Ըստ թեմայի

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ցանկություն հայտնել կրկին հանդիպելու
Արցախյան հիմնախնդիր. սպասե՞լ արդյոք արագ կարգավորման
Բաքվի դիլեման. սպասե՞լ հարմար պահի, թե՞ անցնել ակտիվ գործողության
Նոր հաղթաթղթեր օպոնենտներին. ինչի՞ տեղիք տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Անգելա Մերկել, Հայաստան, Գերմանիա

Գլխավոր թեմաներ