06:14 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
348 0 0

Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցան, և հաղթողի անունն արդեն հայտնի է։ Հիմա որոշ գնահատականներ տալու ժամանակն է։ Փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծել է նախընտրական արշավի առանձնահատկությունները, դիտարկել է Արցախում իշխանության փոխանցման հարցերը։

Մոսկվայի ՄՀՊԻ (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնով – Sputnik Արմենիայի համար

Լեռնային Ղարաբաղում ընտրապայքարն ավարտված է։ Երկրորդ փուլում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Ընտրություններում նրա հաջողությունը կարելի էր առանց դժվարության կանխատեսել դեռ մինչև ընտրարշավի վճռորոշ օրը։ Եվ դրա համար մի քանի պատճառ կար։

Հարությունյանի երկրորդ փուլը. գումարելի հաղթանակներ

Նախևառաջ հարկ է նշել, որ առաջին փուլի ավարտից հետո ԼՂՀ-ում քարոզարշավը գործնականում դադարեցվեց։ Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակից Մասիս Մայիլյանը դեռևս ապրիլի 5-ին իր կողմնակիցներին կոչ արեց բոյկոտել նախատեսվող քվեարկությունը։

Մայիլյանը դադարեցրեց իր արշավը, «երրորդ ուժերի» մոտ լրացուցիչ պահուստային ձայներ գտնելու փորձեր չարեց։ Ավելին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մայիլյանի գործընկեր Սամվել Բաբայանը հանդես եկավ հայտարարությամբ, որը կարելի էր գնահատել իբրև այս քաղաքական համագործակցության մեջ տարաձայնությունների առկայություն։ 

«Ընտրությունների արդյունքները դատական կարգով բողոքարկելու բոլոր հիմքերը կան։ Սակայն, գիտակցելով համավարակի հետ կապված ներկայիս իրավիճակի ողջ վտանգը, ինչպես նաև Ղարաբաղի առաջ դրված մարտահրավերները, և արհեստական ցնցումներից խուսափելու համար մենք պատրաստ ենք հաշտվել տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ»,-հայտարարել է նա։

Բաբայանը դժգոհել է ընտրությունների որակից (ինչը ընդհանուր կետ է շատ ղարաբաղյան ընդդիմադիրների ելույթներում), բայց միաժամանակ զգուշացրել է ԼՂՀ-ի ներքաղաքական ապակայունացման վտանգավորության մասին։ Արդյունքում նա կոչ է արել իր կողմնակիցներին ինքնուրույն որոշել ապրիլի 14-ի ընտրություններին իրենց մասնակցության հնարավորությունը։

Նշենք նաև, որ չնայած բոյկոտելու կոչերին, Մայիլյանն իր թեկնածությունը չի հանել. նրա ազգանունը նշված էր քվեաթերթիկներում։ Չնայած բոլոր այս շրջադարձերին, նրա օգտին 5428 մարդ է քվեարկել։

Սակայն Հարությունյանի հաջողությունը չի կարելի բացատրել միայն նրա մրցակցի բռնած դիրքով։ Դեր է խաղացել նաև այն, որ ԼՂՀ-ի բազմաթիվ բնակիչներ, ունենալով նախագահական ընտրությունների իրենց նախընտրած թեկնածուն, չեն ցանկացել ձայն տալ երկրորդ փուլում հայտնվածներին։ Եվ ընդհանրապես չեն ցանկացել մասնակցել ապրիլի 14-ի քվեարկությանը։

Արցախում նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը. Սարգսյանն արդեն շնորհավորել է

Իրավիճակը սրում է նաև այն, որ խորհրդարանական ընտրությունները որոշակիորեն ցրել են ակտիվությունը։ Նույն Բաբայանը ներկայացված է եղել նաև այնտեղ, բայց քանի որ նրա բնակության ժամանակահատվածի ցուցանիշը չէր բավականացնում, չէր կարող հավակնել նախագահի պաշտոնին։ Շարունակելով ընդդիմության թեման՝ իշխանության ընդդիմադիրները (իսկ նրանք Հարությունյանին դիտարկում էին իբրև Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանի փոխարինող) այդպես էլ չկարողացան միասնական ճակատ ստեղծել։ Մայիլյանն այդպես էլ բազմազան ընդդիմադիր ուժերի միավորողը չդարձավ։ Եվ դժվար է պնդել, որ ուզում էր դառնալ այդպիսին։ 

Իհարկե, չի կարելի խուսափել նաև կորոնավիրուսի թեմայից։ Համավարակը ընտրարշավի իրական, ոչ պաշտոնական մասնակիցը դարձավ։ Երկու փուլերի արանքում այն կողմնակի թեմայից վերածվեց ղարաբաղյան կյանքի իրականության։ Ապրիլի 7-ին ԼՂՀ-ում հայտնաբերեցին առաջին վարակվածին։ Արդեն ապրիլի 12-ին վարակվածների թիվը հասավ 6-ի։

Նույն օրը Բակո Սահակյանը հանդես եկավ ղարաբաղցիներին ուղղված կոչով և հայտարարեց մեկամսյա արտակարգ դրության ռեժիմ հաստատելու մասին։ Արտակարգ դրության պարետ նշանակվեց ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Այդպիսով, ընտրարշավի վերջին՝ «լռության օրը» և քվեարկության ամսաթիվը արտակարգ դրության մեջ ընկան։ Դա չէր կարող հասարակական ակտիվության վրա ազդեցություն չունենալ։

Մյուս կողմից՝ անգամ ընդդիմությունը հայտարարեց նոր ռազմավարության և փողոցային ակցիաներից (իբրև իրենց կողմից ոչ լեգիտիմ համարվող ընտրությունների դեմ բողոքի գլխավոր ձևից) հրաժարվելու մասին։ Առաջ անցնելով նշենք, որ արտակարգ դրության փաստարկը ընդդիմադիրները դեռ կօգտագործեն, երբ այլ ժամանակներ gան և համավարակի վտանգն անցնի։

Լեգիտիմությունը՝ իբրև գլխավոր խնդիր

Եվ այսպես, ԼՂՀ-ն նոր նախագահ ունի՝ Արայիկ Հարությունյանը։ Բակո Սահակյանը, որը ղեկավարում էր Ղարաբաղը նախորդ 13 տարում, շուտով կդադադարի պաշտոնավարել։ Հանրապետությունում նաև խորհրդարանի նոր կազմ է հայտնվել, որտեղ նորընտիր ղեկավարի կողմնակիցները մեծամասնություն են կազմում։ Կարելի՞ է արդյոք քաղաքական տարանցումը բարեհաջող ավարտված համարել։

Եթե խոսում ենք Ղարաբաղի քաղաքական Օլիմպոսում դեմքերի փոփոխության մասին, ապա պատասխանը դրական է, բայց մի վերապահումով. Հարությունյանը փորձելու է հեռու մնալ նախկին ղեկավարությունից։ Եվ ոչ այն պատճառով, որ անշնորհակալ է ուզում գտնվել իր նախորդի հանդեպ, այլ միանգամայն կառուցողական նպատակով։

Նախևառաջ, հանրության մեջ հեռացող ղեկավար կազմից թե՛ դժգոհություն, թե՛ որոշակի հոգնածություն է կուտակվել։ Եվ նոր ղեկավարը պետք է ինքն իրեն հեռու պահել նախկինների սխալներից։ Երկորդը՝ նոր իշխանությունը լեգիտիմության խնդիր է ունենալու։ Ընդ որում՝ բազմազան խնդիրներ։

Ակնհայտ է ցածր մասնակցության հարցը։ Երկրորդ փուլում ընտրատեղամասեր են գնացել ընտրողների ընդամենը 44,9 տոկոսը։ Համեմատության համար՝ 2020թ․-ի մարտի 31-ին ներկայացել էին գրանցված ընտրողների մոտ 73 տոկոսը։ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին այդ սահմանը 70,6 տոկոս էր, 2012թ․-ի նախագահական ընտրություններին՝ 73 տոկոսից մի փոքր ավել։

Նախկինում ԼՂՀ պատմության մեջ ընտրությունների երկրորդ փուլ դեռ չէր եղել։ Եվ 2020 թ․-ի նախադեպը ոգեշնչող չէ։ Ցածր մասնակցության վրա ազդեցություն ունեցած բոլոր գործոններն արդեն նկարագրված են։ Այստեղ լայն շրջանակ է՝ բոյկոտի կոչերից մինչև կորոնավիրուսի տարծման հետևանք հանդիսացող արտակարգ դրություն։ Բայց ինչ էլ լինի, տվյալ փաստարկից ապագայում խուսափելն անհնար է լինելու։

Արցախի «կարանտինային» գյուղի բնակիչները կմասնակցե՞ն ընտրություններին

Առավել ևս, որ խորհրդարանում Հարությունյանի խմբակցությունը ընդդիմադիրներ է ունենալու (նույն «Միասնական Հայրենիք» խմբակցությունն այնտեղ 9 մանդատ կունենա): Արտախորհրդարանական ակտիիվությունը ևս ոչ ոք չի չեղարկել։ Հավանական է, որ իրենց մասին հայտարարելու փորձեր կանեն նաև նրանք, ովքեր ընտրությունների արդյունքում ԼՂՀ ԱԺ-ի պատերից դուրս են մնացել։

Դրա հետ կապված՝ նոր իշխանությունները ստիպված են լինելու նախկինների ժառանգականությունը պահպանելով՝ նրանցից քաղաքական հեռավորություն պահպանել։ Հնարավոր է՝ քաղաքական խաղում առաջատար լինելով՝ իրենց շարքերը գրավեն քաղաքական հակառակորդներից որևէ մեկին։ Հասկանալի բան է, որ ոչ այնքան մոլեռանդ ընդդիմադրի։

Ինչ-որ առումով՝ որքան էլ նման զուգահեռները պայմանական են՝ Հարությունյանը հայտնվելու է այնպիսի իրավիճակում, որում 2008թ․-ին հայտնվել էր Սերժ Սարգսյանը։ Նա նույնպես հարկադրված եղավ փոխել ընդդիմության հանդեպ ռազմավարությունը (Ռոբերտ Քոչարյանի համեմատ) և ապացուցել հայ հասարակությանը, որ ինքը ոչ թե պարզապես նախորդ նախագահի փոխարինողն է, այլ ինքնուրույն քաղաքական գործիչ։ ԼՂՀ-ի նոր ղեկավարը մեծամասամբ (թեև, կրկնում եմ, այստեղ լիակատար նմանություն չկա) նույնպիսի խնդիր է լուծելու։ Նրա համար խիստ կարևոր է սեփական պորտֆոլիո հավաքելը։

Կայունությունն ապակայունացումից լավ է

Ղարաբաղում տիրող իրավիճակը հատուկ տեղ է զբաղեցնում հայկական քաղաքական բանավեճում։ Ինչպիսի վեճեր էլ լինեն ԼՂՀ-ի ճանաչման, Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում նրա մասնակցության մասին, Ղարաբաղի թեման նաև սեփական կշիռն ունի։ Այժմ արդիականացվում է Երևան-Ստեփանակերտ փոխհարաբերությունների հարցը։

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» և Փաշինյանի իշխանության գալուց հետո երկու կարևոր սյուժե է ուրվագծվել։ Մի կողմից՝ Երևանը վախենում էր Ղարաբաղում «հայկական Վանդեի» հայտնվելուց, ինչն իրենից Հայաստանի ցանկացած կառավարության համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում, քանի որ Ղարաբաղը վաղուց ազգային իդեալների և ավանդույթների պահապանի համբավ ունի։

Պողոսյան. «Չարժե Հայաստանից ներազդել արցախյան ընտրությունների վրա, ընտրողն արցախցին է»

Մյուս կողմից՝ նոր իշխանությունների համար, որոնք մինչև 2018 թվականը «արևմտամետների» և իրենց կարիերայով ղարաբաղյան պատերազմի հետ կապ չունեցող մարդկանց համբավ ունեին, կարևոր էր ապացուցելը, որ այս առանձնահատուկ հասարակական-քաղաքական խորհրդանիշի վրա հարձակումներ չեն լինելու։ Իբրև հետևանք՝ ընտրվեց Ստեփանակերտում Երևանի ներկայությունն ամրապնդելու ուղին։

Փաշինյանը պետք է սեփական ղարաբաղյան կապիտալը հավաքեր, որն արդեն ունեին Քոչարյանն ու Սարգսյանը։ Այստեղից էլ՝ որդու զինվորական ծառայությունը Ղարաբաղում, հաճախակի այցերը Ստեփանակերտ, հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է»։ Միաժամանակ, ընտրությունների ընթացքում Երևանը փորձում էր ցույց տալ իր կապ չունենալը ԼՂՀ-ի ներքին շարժերի հետ։

Բուն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը ոչ միայն հաստատվեց մարտի 16-ին, այլև ապրիլի 13-ին երկարացվեց ևս մեկ ամսով։ Բայց դրա հետ մեկտեղ Երևանը չէր ձգտում իր ունեցած վարչական ռեսուրսն օգտագործել ԼՂՀ-ի գործերին խառնվելու համար՝ հանուն ընտրություննեի չեղարկման կամ հետաձգման։

Հստակ տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀ ղեկավարությունն ուզում է հետևել «կայունությունն ապակայունացումից լավ է» ալգորիթմին։ Եվ այստեղ արժե նշել, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արայիկ Հարությունյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորեց, նախքան Ղարաբաղի ԿԸՀ-ն կհայտարարեր ընտրությունների վերջնական արդյունքները։ Հասկանալի է, որ իշխանության ներկայիս կառույցում երկրի առաջին դեմքը նախագահը չէ, այլ վարչապետը, բայց ինքն իրենով՝ նման քայլը խորհրդանշական է։

Հենց այստեղ տեղին է հիշել լեգիտիմության մասին։ Ենթադրվում է, որ Փաշինյանի համար քաղաքական գործիչը, որն այդ առումով որոշակի խնդիրներ ունի, ավելի ձեռնտու է, քան նախագահը, որը նույն մասնակցության պարագայում կստանար ձայների 90 տոկոսը։ Եվ ահա այստեղ շատ կարևոր է հեռանալ Հայաստանում և Ղարաբաղում քաղաքականության և քաղաքական գործիչների մասին կարծրատիպային ընկալումից։

Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում կայացած ընտրությունների արդյունքների մասին

Շատերին թվում էր, որ Մայիլյանը գաղափարապես մոտ է Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նոր ղեկավարությանը։ Վստահ չեմ, որ օտար լեզուների իմացությունն ու Արևմուտքի ներկայացուցիչների հետ շփումը նման համեմատության համար միակ համընդհանուր չափանիշն է։ 

Շատ ավելի կարևոր է մեկ այլ բան. ԼՂՀ ներկայիս իշխանության ընդդիմախոսները քննադատում էին նրանց հենց Երևանին ավելորդ զիջողականության, ինչպես նաև բուն ղարաբաղյան հետաքրքրությունները մոռանալու համար(ինչպես արտաքին աշխարհում բանակցությունների, այնպես էլ ներքին քաղաքականության հարցերում)։

Իսկ քաղաքական գործիչը, որը լեգիտիմության որոշակի խնդիրներ ունի (որոնք, նշենք, անհաղթահարելի չեն), չի սկսի Երևանի հետ իր հարաբերությունները (համենայն դեպս առաջին րոպեներից) կառուցել առճակատման ձևով։ Հակառակը, այնտեղից եկող օգնությունը (այն էլ շարունակվող համավարակի պայմաններում) շատ կարևոր կլինի։

Թերևս հենց այդ հաշվարկով էին Հայաստանի ղեկավարները ընտրական բախումների ժամանակ որոշակի հեռավորություն պահպանում Ղարաբաղի ներքաղական հարցերից։

 

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Ըստ թեմայի

Ով կշահի Արցախում համապետական ընտրությունները հետաձգելուց. քաղտեխնոլոգի կարծիքը
Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը
«Մտադիր չեմ որևէ տեղ մեկնել»․ Մայիլյանը հերքել է Ստեփանակերտից մեկնելու մասին լուրերը
թեգերը:
Նախագահ, Մասիս Մայիլյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ

Գլխավոր թեմաներ