13:29 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
1808 0 0

Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին, նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։

ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիա համար

Հայաստանի քաղաքական օլիմպոսում փոփոխություններ են կատարվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր խորհրդական ունի՝ Վաղարշակ Հարությունյանը։ 2018թ-ի վերջերին և 2019թ-ի սկզբին նրա անունը ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվում էր որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ Յուրի Խաչատուրովի հավանական փոխարինող։ Բայց այն ժամանակ լուրերը գործնական լուծումների չվերածվեցին։ Իսկ այսօր Հարությունյանն առանձնահատուկ պաշտոնյա է դարձել Հայաստանի իշխանական հիերարխիայում։

Հետխորհրդային պետություններում հաճախ ոչ թե նախարարական պորտֆելների տերերն են վճռորոշ դեր խաղում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում, այլ հենց առաջին դեմքերի խորհրդականները։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել օգտվել Հարությունյանի փորձից։ Եվ առհասարակ ի՞նչ կարևորություն ունի կադրային այս որոշումը ՀՀ ներքին քաղաքականության, Երևանի ու Մոսկվայի ռազմավարական հարաբերությունների համար։

Ոչ սովորական նշանակում

Յուրաքանչյուր նորանշանակ պաշտոնյա (իսկ երկրի ղեկավարի գլխավոր խորհրդականը՝ հատկապես) պաշտոն է ստանում արդեն իսկ որոշակի համբավ ունենալով։ Եթե անդրադառնանք Վաղարշակ Հարությունյանի կենսագրությանը, կտեսնենք, որ նրա «բեքգրաունդը» տարբերվում է «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանական կաբինետները զբաղեցրած նոր պաշտոնյաների կենսագրություններից։

Նոր գլխավոր խորհրդականի կյանքի ուղին կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի շրջանի։

Առաջինը խորհրդային բանակի սպայի կարիերան է, շատ առումներով, ինչպես կասեին նախկինում, տիպիկ կարիերա` երբեմնի միացյալ երկրի քաղաքացիների համար։ Ծնվել է Ջավախքում (Վրաստանի ԽՍՀ-ի կազմում հայաբնակ շրջան), ավարտել Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարանը, այնուհետև դարձել է ռազմածովային նավատորմի սպա, ծառայել Հեռավոր Արևելքում։ Հավանաբար նրա կարիերան այդպես էլ կշարունակվեր մինչև ծովակալի կոչում, եթե չսկսվեր վերակառուցումը, դրա հետ նաև՝ խորհրդային զինված ուժերի «ազգայնացումը»։

Այն պահից, երբ Հայաստանը ինքնուրույն պետություն դարձավ, Հարությունյանը մասնակցեց երկրի ուժային կառույցների ստեղծման գործին։ Ոչ միայն ռազմական ենթակառուցվածքի, այլև Ներքին գործերի նախարարության։

90-ականների ընթացքում նա տարբեր պաշտոններ ստացավ ԱՊՀ անդամ երկրների Միացյալ զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունում ու Հայաստանն էր ներկայացնում ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդում։ Հիշեցնեմ՝ ՀԱՊԿ-ը` որպես կազմակերպություն, հայտնվեց 2003 թվականին, բայց Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որը ստորագրեցին Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, ուժի մեջ էր մտել 1994 թվականին։ Այսպիսով՝ Հարությունյանը մասնակցեց եվրասիական անվտանգության հիմքի ձևավորմանը։

Այսօր այդ կառույցի արդյունավետության վերաբերյալ շատ հարցեր կան, որոնք ևս մեկ անգամ հնչեցին 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական իրադարձությունների ժամանակ։ Բայց ինչևիցե, մենք արձանագրում ենք փորձն ու իրազեկվածությունը։

1999 թվականին Հարությունյանը կարիերայի նոր գագաթնակետի հասավ և ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց։ Բայց նա երկար չպաշտոնավարեց։ Այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնություններից հետո գեներալը դարձավ հասարակական ու ընդդիմադիր գործիչ։

Երբ աղբյուրների բազան ավելի հասանելի դառնա, պատմաբանները դեռ պետք է գնահատական տան այդ վիճաբանության պատճառներին ու այն ժամանակվա նախարարության դերակատարությանը (թերևս ինչպես բոլոր այլ բարձր պաշտոնյաների դերակատարությունը) 1999 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մեջ։

Սակայն ինչպիսի վարկածներ էլ շրջանառվեն, մի բան ակնհայտ է` գեներալ Հարությունյանի կարիերայի հեռանկարը տևական ժամանակով կասեցվեց։ Նրան զրկեցին զինվորական կոչումից, թեև այդ կոչումը հետագայում վերականգնվեց։

Չնայած ընդդիմադիր գործունեության փորձին, նախկին նախարարին դժվար է քաղաքական առումով ծայրահեղական անվանել։ Գեներալը հետևողական էր այն հարցում, որ Հայաստանը ռազմավարական ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի։ Նա հաճախ է մասնակցել Մոսկվայում անցկացվող տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ համաժողովներին, որտեղ կշռադատված գնահատականներ է հնչեցրել ընդհանուր առմամբ Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանի թիմի համար, իհարկե, խիստ դրական է Ռոբերտ Քոչարյանի օրոք ընդդիմադիր լինելու փաստը։ Վարչապետը խորհրդանշական գիծ քաշելու հնարավորություն է տեսնում հետխորհրդային Հայաստանի երկրորդ գլխի անցյալի տակ, որը նա գնահատում է բացասական լույսի ներքո։

Սակայն Հարությունյանը նման չէ ՀԿ-ների երիտասարդ առաջնորդներին։ Ո՛չ կարիերայի առումով, ո՛չ սերնդի։ Ու ռուսերենը նրա համար ոչ թե այլ օտար լեզուների պես պարտադիր սովորած լեզու է, այլ մայրենի։

Նա իր համար նոր ոլորտներ բացահայտելու կարիք չունի, ինչպես անում են Transparency International-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, երբ ծանոթանում են ազգային անվտանգության սեկտորի ու Մոսկվայի հետ հարաբերությունների բոլոր նրբություններին։ Վաղինակ Հարությունյանն այս հարցերին ծանոթ է ոչ թե լսելով, այլ որպես պրակտիկայով իր գործին տիրապետած մարդ։

Պրոֆեսիոնալիզմի պահանջարկ

Բայց ինչո՞ւ «հիմա ու այստեղ» պահանջարկ գտավ ռազմական փորձով մարդը, ոչ թե քաղաքացիական ակտիվիստը։

Այս հարցի պատասխանը շատ առումներով մակերեսային է: Հայաստանը հուլիսին անցավ ռազմական հերթական էսկալացիայի միջով, որը Արցախի քառօրյա պատերազմից հետո ամենախոշորն էր։

 

Այս անգամ էպիկենտրոնը ոչ թե ղարաբաղյան շփման գիծն էր, այլ հայ-ադրբեջանական սահմանը։ Զինված հակամարտության պոռթկումից հետո կողմերը դեռ դիվանագիտական երկխոսության չեն հանգել։ Իսկ չորս տարի առաջ նման անցումը գրեթե ակնթարթային եղավ։

Մենք որոշակի կադրային փոփոխություններ ենք տեսնում նաև Բաքվում։ Պաշտոնից ազատվել է արտգործնախարարությունը երկար տարիներ ղեկավարած Էլմար Մամեդյարովը։ Եվ հիմնականում հենց բանակցությունների վարման մեղմ ոճի համար։ Ուժեղանում է նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի դերակատարությունը։

Այդ պատճառով Երևանը փորձում է ուժեղացնել իր աշխատանքի ոչ միայն ռազմական, այլև ռազմադիվանագիտական ուղղությունը (հաշվի առնելով Հարությունյանի փորձը ԱՊՀ կառույցներում)։ Հասկանալի է, որ դա չի լուծի ՀԱՊԿ-ի համակարգային խնդիրները, սակայն ինտեգրացիոն այդ համակարգում, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկխոսությունում որոշ ջանքեր կգործադրվեն։

Չէ՞ որ «Պոլիշինելի գաղտնիքն» այն փաստն է, որ Հայաստանի իշխանության նոր թիմում ոչ բոլորն են վստահություն առաջացնում Մոսկվայում։ Սա ոչ թե լավ է կամ վատ, այլ իրականություն է։ Բայց ներկայիս համատեքստում հայկական կառավարությունը փորձում է որևէ կերպ արձագանքել այդ իրականությանը։

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն փորձում են պայքարել Ռուսաստանի ու նրա ղեկավարության վրա ազդեցություն ձեռք բերելու համար։ Եվ չափազանց կարևոր է, երբ այդ մրցակցության մեջ հայտնվում են անձինք, որոնք կարող են դրական ընկալվել Մոսկվայում։ Հատկապես, որ գեներալ Հարությունյանին չի կարելի եվրաատլանտյան ընտրության կողմնակից համարել։

Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նոր իշխանության կառավարող թիմը ձևավորվել է ոչ միայն զանգվածային հավաքների կազմակերպիչներից, լրագրողներից, դրամաշնորհ ստացողներից ու տարբեր հիմնադրամների ակտիվիստներից։ Նախարարների կաբինետում տեղ են գտել նաև դիվանագետները (Զոհրաբ Մնացականյան) և ուժային բլոկում փորձ ձեռք բերած մարդիկ (Դավիթ Տոնոյան)։

Կարծում եմ՝ գնալով շեշտը դրվելու է այն մարդկանց վրա, որոնք մասնագիտորեն հասկանում են այս կամ այն ոլորտը։ Որքան ավելի շատ են երեկվա ընդդիմադիրները ընկղմվում պետական ամենօրյա գործունեության մեջ, այնքան դա ավելի ակնհայտ է դառնում։

Չէի անտեսի նաև ֆոնային գործոնները, թեև դրանք այստեղ երկրորդական դերակատարություն ունեն։ Բելառուսական իրադարձությունների ֆոնին, որոնք արդիականացրել են զանգվածային բողոքների հետևանքով հետխորհրդային պետությունում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, Հայաստանի ղեկավարությունը ձգտում է ցույց տալ, որ իշխանությունը կարող է փոխվել, իսկ պաշտպանության ու անվտանգության ոլորտի առաջնահերթությունները՝ պահպանվել։ Խորհրդանշական առումով Հարությունյանի նշանակումը դրա մասին է վկայում։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Ըստ թեմայի

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը
Փաշինյանը գտավ գլուխկոտրուկի բանալին. հետհեղափոխական ոճի յուրահատկությունները
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ