05:52 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Վերլուծություն
Ստանալ կարճ հղումը
53210

Հին ստատուս քվոն արմատապես «կոտրված» է, նորը դեռ չի հաստատվել, ձևավորումը տեղի է ունենում, ինչպես ասում են, «պիեսի ընթացքում»։ 2020 թվականի ավարտին հենց այսպիսի նախնական եզրակացություն կարելի է անել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը վերլուծելիս։

ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik-ի համար

Այստեղ նորից անհանգիստ է։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրումից հետո հրադադարն առաջին անգամ խախտվեց։ Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մոտակայքում բախումներ եղան։ Ու թեև շուտով ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ միջադեպը կասեցվել է, իրավիճակը` կարգավորվել, այդուհանդերձ իրադրությունը նախկինի պես մտահոգիչ է։ Որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումը։ Կարո՞ղ ենք ասել, որ փխրուն հաշտությունը վտանգված է, ու նոր մարտական գործողությունների վերականգնումն ավելի իրական է, քան բազմամյա հակամարտության խաղաղ կարգավորման առաջխաղացումը։

Հին հակամարտություն ու քաղաքական–աշխարհագրական նոր դասավորություն

Այս հարցերի պատասխանները փնտրելիս սկզբում պետք է անդրադառնալ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթին, որը լրագրողներն ու անգամ փորձագետները սկսել են հրադադարի համաձայնագիր անվանել և այն դիտարկել որպես մի փաստաթուղթ, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծմանը։ Մինչդեռ իրականում համատեղ հայտարարության (հենց այդպես է կոչվում սկզբնաղբյուրը) տեքստում խաղաղության հաստատման մասին խոսք չկա։ Փաստաթուղթն արձանագրում է ռազմական հակամարտության դադարը, ինչն ինքնին կարևոր է, սակայն Ղարաբաղի հետագա ճակատագիրը հայտարարության տեքստում միայն ուրվագծային տեսք ունի։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց իրավիճակը զգալիորեն փոխել իր օգտին։ Դա չէր կարող չարտացոլվել եռակողմ փաստաթղթում, որը տեղ-տեղ զգալիորեն տարբերվում է «նորացված Մադրիդյան սկզբունքներից», որոնք տարիներ շարունակ ծառայել են որպես բանակցությունների յուրօրինակ սահմանադրություն։ Օրինակ՝ «սկզբունքները» հստակ տարբերակում էին բուն Լեռնային Ղարաբաղն ու դրա շուրջ Հայաստանի զբաղեցրած շրջանները։ Փաստացի խոսքը երկու հարցի մասին էր՝ այդ շրջանները (նաև փախստականների) Բաքվին վերադարձնելու ու Ղարաբաղի վիճելի կարգավիճակը որոշելու։

Նոյեմբերին ստորագրված փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչինչ չի խոսվում, իսկ որոշ կետեր կարծես մի շարք շրջանները Բաքվին վերադարձնելու ժամանակացույց լինեն։ Բայց խնդիրն այն է, որ բանակցությունների քսանվեց տարիների ընթացքում հստակ տարբերակում էին Ղարաբաղը, որը հասկացվում էր որպես խորհրդային ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող տարածք, ու նրա շուրջ գտնվող յոթ շրջանները։ Ընդ որում՝ շրջաններն իրենց հերթին բաժանվում էին երկու անհավասար մասի՝ 5 գումարած 2 հարաբերակցությամբ։ Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցք հանդիսացող տարածքները դիտարկվում էին որպես բանակցությունների հատուկ կետ։ Սակայն 2020 թվականի աշնանային պատերազմի ընթացքում բանակցային նախկին սխեմաները տապալվեցին։ Ու տարածքային սահմանազատումը եղավ ոչ թե ԼՂԻՄ–ի ու յոթ շրջանների գծերին համապատասխան, այլ այդ թվում նաև նախկին խորհրդային ինքնավար մարզի տարածքով։ Շուշին, Հադրութի, Մարտունու ու Մարտակերտի շրջանի գյուղերն անցան ադրբեջանական ուժերի հսկողության տակ։ Միաժամանակ նոր սահմանագծումը քանոնով չի արվել, ու մի շարք բնակավայրեր հայտնվել են անկլավային վիճակում։

Ղարաբաղյան հակամարտությունը ևս մեկ պարադոքս ունի։ Մի կողմից խոսում ենք հին հակամարտության մասին, որի արմատները տանում են դեպի խորհրդային ուշ շրջան։ Իսկ մյուս կողմից Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ առաքելությունը «երիտասարդ» է. ընդամենը մեկ ամիս առաջ է տեղակայվել։ Մինչ այդ Ղարաբաղում խաղաղապահ չի եղել։ Ո՛չ ռուս, ո՛չ միջազգային։ Այսինքն՝ հրադադարի ռեժիմի հսկողության ավանդույթներ պարզապես չկան։
Ավելի վաղ «ղարաբաղյան ճոճանակը» (բանակցությունների ու միջադեպերի միջև տատանումները) պահվում էր հակամարտող կողմերի «ցամաքային» հավասարակշռության վրա։ Բայց այդ հավասարակշռությունը փոխվեց, իսկ խաղաղապահները կարգավորման նոր գործոն դարձան։ Այն նորմը, որն արձանագրվում էր «բազային սկզբունքներում», ասես «քնած» լիներ ու հիմա «արթնացավ»։

Բայց խաղաղապահները չեն կարող գտնվել ամեն տան ու գյուղի մոտ, շատ բաներ արդեն գործնականում են նրանց պատասխանատվության գոտի դառնում։ Ամենավառ օրինակն այն է, որ նրանք ստանձնեցին (ու փաստացի և՛ Բաքուն, և՛ Երևանն ընդունեցին դա) պատմական ժառանգության պաշտպանության գործառույթը։ Համատեղ հայտարարության տեքստում այդ մասին առանձին կետ չկար։ Արդյունքում տեղի է ունենում այն, ինչը զինվորականներն անվանում են տարբեր տարրերի «հարթեցում»։ Ղարաբաղյան հակամարտության դեպքում դրանք ռուս խաղաղապահներն են, ադրբեջանցի զինվորականներն ու ուժայինները, Լեռնային Ղարաբաղի կառույցների ներկայացուցիչները։

Հաղորդակցության արդյունավետ փոխգործակցության, արձագանքման ու միջադեպերի կանխարգելման հասնելը բարդ գործընթաց է։ Այդ ճանապարհին անխուսափելի են բախումները։ Ժամանակ է պետք, որպեսզի վիճելի հարցերի չեղարկման, սպառնալիքների ու նոր մարտական գործողությունների վերականգնումը կասեցնելու պրակտիկա հաստատվի։

Ամեն դեպքում երեք պետությունների համատեղ հայտարարության տեքստը «պատմության վերջը» չէ։ Նոր խնդիրներ են առաջանում։ Հրադադարը խաղաղության հասնելու նոր հնարավորություն է տալիս, բայց հարյուր տոկոսով չի երաշխավորում։

Կարգավորման արտաքին գործոններ

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղում խաղաղապահ գործողության նշանակությունն ու նոր ստատուս քվոյի ձևակերպումը չեն սահմանափակվում միայն վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների գոտիով։ Այդ սյուժեները լայնորեն քննարկվում են և՛ Երևանում, և՛ Բաքվում, նույնիսկ այն պետությունների մայրաքաղաքներում, որոնք անմիջականորեն սահմանակից չեն Կովկասյան տարածաշրջանին։ Այս շարքում մենք կարող ենք հիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեկնաբանությունը, թե «ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են», որը ՌԴ պաշտպանության նախարարությունը շատ արագ հերքեց։ Նաև շահարկումներ եղան նրանց «ուշանալու» թեմայով։ Բաքվում պաշտոնական մակարդակով կողմ են ռուս խաղաղապահ առաքելությանը։ Սակայն փորձագետների ու ընդդիմադիր գործիչների շրջանում կան նաև քննադատական գնահատականներ «չավարտված հաղթանակի» ու իրենց տարածքում օտար զինվորականների ներկայության վերաբերյալ։ Այդ տրամադրություններն այսօր մարգինալ են թվում։ Բայց դրանք կան, ու դրանք պետք է հաշվի առնել։
26 տարի շարունակ Բաքուն ու Երևանը բանակցությունների սեղանի շուրջ փորձում էին մրցակցել Մոսկվայի ուշադրության համար։ Հնարավոր է՝ նման ալգորիթմ է կիրառվելու նաև խաղաղապահ առաքելության շուրջ։ Հատկապես, եթե դեկտեմբերյան միջադեպը կրկնվի։

Ռուսական գործողությանը դրական են վերաբերվում նաև Թեհրանում։ Տարիներ շարունակ Իրանը հետևողականորեն առաջ էր տանում այն գիծը, որ Ղարաբաղում ցանկացած արտաքին ներկայություն (այդպիսին չէր համարվում Ռուսաստանի, բուն Իրանի և Թուրքիայի ներգրավումը) ողջունելի չէ։ Այդ կապակցությամբ Թեհրանի արձագանքը Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղակայմանը կանխատեսելի էր։ Սակայն եթե այնտեղ ռուսների կողքին ամերիկացիներ կամ եվրոպացիներ հայտնվեին, այլ իրավիճակ կլիներ։

Մեկ այլ թեմա է Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան փորձում է խորհրդանշական կերպով ամրապնդել իր նոր դերակատարությունը Կովկասյան տարածաշրջանում։ Այստեղ հրապարակային հայտարարություններից մինչև Ադրբեջանում ռազմական ներկայության իրավական արձանագրում հսկայական հեռավորություն կա։ Սակայն Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումն այն կետը չէ, որն Անկարան այժմ պատրաստ է վիճարկել։ Թեև թուրքերի մասնակցությամբ մոնիտորինգային կենտրոնի առկայությունը որոշակի հակասություններ է ստեղծում։

Արևմուտքի երկրները (նախևառաջ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) այսօր ակնհայտորեն աուտսայդերների տեսք ունեն։ Բայց այդ վիճակը չպետք է ինքնահանգստացման հանգեցնի։ Նահանգներում նախագահական ընտրությունները նոր են անցկացվել, իսկ Վաշինգտոնի ու Անկարայի հակասությունները չեն վերացել։ Ինչպես չի վերացել Ջո Բայդենի անբավարարվածությունն այն հարցում, որ հայ-ադրբեջանական հակամարտության գործում Ռուսաստանն առաջնային դերակատարություն ունեցավ։ Բայդենը դա ցուցադրեց նախընտրական բանավեճերի ժամանակ։

Իսկ Ֆրանսիայում ընտրությունները դեռ նոր պետք է անցկացվեն։ Եկող տարի հենց նախագահի աթոռի հիմնական թեկնածուները կսկսեն «մարտով հետախուզություն» անցկացնել հինգ տարվա գլխավոր իրադարձությունից առաջ։ Առաջիկա բանավեճերում բավականին մեծ ուշադրություն կհատկացվի թուրք-իսլամական թեմային։ Ոչ թե Ղարաբաղը, այլ Մոսկվայի ու Անկարայի հետ հարաբերությունները ներկայիս աուտսայդերներին կդրդեն, որ վերանայեն իրենց այսօրվա դրությունը։ Կարծում եմ՝ այստեղ արդեն ցանկացած բացթողում ու Ղարաբաղում «ցամաքային» ցանկացած միջադեպ մեղսագրվելու է։ Իսկ առայժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է նոր կոնֆիգուրացիա ձևավորվում կոնֆլիկտային տարածաշրջանում։ Եվ ինչ–որ բան հուշում է, որ սա հեշտ գործընթաց չի լինելու։

Ըստ թեմայի

Ի՞նչ տարբերակ էր առաջարկվել 1997-ին ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար
Հայաստանն ունեցել է պատերազմի ընթացքում Ղարաբաղը ճանաչելու բոլոր հիմքերը. Նալբանդյան
ՌԴ–ն ամեն ինչ անում է Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար. Զախարովա
Բելգիայի արտգործնախարարին մտահոգում են Ղարաբաղի բնակիչների հետ կապված մի շարք հարցերը
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ