21:18 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

ԱՆ–ն հորդորում է ցուցարարների չխանգարել «Շտապբուժօգնության» աշխատանքին

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7 0 0

Շտապբուժօգնության մեքենանաները ստիպված են կանչերը սպասարկելիս շրջանցել Բաղրամյան պողոտան, ինչը խախտում է ծառայության նորմալ աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1–Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը հորդորում է Երևանի Բաղրամյան պողոտայի ցուցարարներին չխանգարել «Շտապբուժօգնության» աշխատանքը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Երեկ ժամը 22։25-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված կանչը սպասարկելու նպատակով բրիգադը նշված հասցե է հասել 22։34-ին։ Սակայն ծայրահեղ ծանր վիճակում 87 տարեկան կնոջը հիվանդանոց հասցնելու համար շտապբուժօգնության մեքենան ստիպված է եղել շրջանցել Բաղրամյան պողոտան և երկար ճանապարհ անցնել Հերացի համալսարանական կլինիկա հասնելու համար։ Ցավոք, կինը հիվանդանոցում մահացել է։

Ինչպես նշվում է մամուլի ծառայությունում, սա վերջին մի քանի օրում չորրորդ դեպքն է, երբ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով խաթարվում է շտապբուժօգնության աշխատանքը։ Նման դեպքեր են գրացնվել նաև հունիսի 25–ին և 28–ին։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բուժաշխատողները Բաղրամյան պողոտան դեռևս փակ պահող քաղաքացիներին հորդորում են ավելի գթասիրտ ու շրջահայաց գտնվել և չխաթարել կարևոր ծառայության աշխատանքը։ Շտապ բժշկական օգնության կարիք ունեցող մարդու համար շատ դեպքերում կորցրած րոպեները կարող են ճակատագրական լինել։ Եվ երբեք չենք կարող բացառել, որ այդ մարդը կարող է լինել ցանկացածիս հարազատը կամ հենց ինքներս»,– ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին հայտարարել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, որի համաձայն` օգոստոսի 1–ից սակագինը կթանկանա 6.93 դրամով (մոտ 16,7%–ով) մեկ կՎտ ժամի դիմաց։ Ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» բաշխիչ ընկերությունը ՀԾԿՀ–ի իր հայտում առաջարկում էր բարձրացնել սակագինը 40.8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին, նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հաշվի առնելով ակցիայի խաղաղ բնույթը` ոստիկանությունը թույլ տվեց ցուցարարներին շարունակել այն գիշերը` կազմակերպիչներից պահանջելով հանրային կարգի կանոնների առավելագույն պահպանում և սպառնալով հակառակ դեպքում ցրել ցույցը։

Ակցիան շարունակվել է նույն օրվա երեկոյան, ցույցերը խաղաղ բնույթ են կրել։ Ակտիվիստները պահանջում էին չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը և պատժել խաղաղ ցույցի ցրման ժամանակ լիազորությունների չարաշահման մեղավորներին։

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատու անձանց հետո խորհրդակցության ընթացքում հայտարարեց, որ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ողջ բեռը։ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի նախագահի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո։

Գլխավոր թեմաներ