18:02 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Акция протеста в Ереване

Քաղտեխնոլոգ. Երևանում բողոքի ակցիաները կարելի է հաջողված համարել

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երևանյան երիտասարդությունը որոշ առումով հասել է հաջողության, քանի որ պայքարը չի քաղաքականացվել, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 3–Sputnik. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում բողոքի անժամկետ ակցիաները որոշ առումով հասել են հաջողության, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող երիտասարդությունը որոշ առումով հասել է հաջողության, քանի որ պայքարը քաղաքականացված չէր։ Նրանց ուժը հենց չկազմակերպված լինելու մեջ էր»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ցույցերի պատճառներն ավելի խորն են, քան յոթ դրամով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը։

«Ուղղակի ոչ ոք չի հավատում իշխանական, առողջապահական կամ կրթական համակարգերին։ Ստեղծվել է անվստահության մթնոլորտ»,– ասաց նա։

«Ցուցարարները շատ բանի են հասել, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է ընթանում… Եթե աուդիտից հետո պարզ դառնա, որ էլեկտրաէներգիայի սակագինն ամեն դեպքում բարձրանա, համոզված եմ, երիտասարդները կրկին փողոց դուրս կգան։ Մենք պայքարող սերունդ ունենք»,– նշեց Քոչարյանը։

Միաժամանակ նա համաձայն չէ, որ պառակտում կա ակցիայի կազմակերպիչների միջև։ «Նորմալ գործընթաց է գնում, նրանք ամեն ինչ կորոշեն, կգան ընդհանուր հայտարարի»,– հավելեց քաղաքական տեխնոլոգը։

Նրա կարծիքով` որոշակի ժամանակ անց Բաղրամյան պողոտայում հավաքվածներն իրենք կցրվեն, իսկ ակցիայի ելքը կորոշվի աուդիտի ավարտից հետո։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

Գլխավոր թեմաներ