12:32 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Առողջապահության նախարար. Հայաստանն ունի բժշկական տուրիզմ զարգացնելու հնարավորություն

© Sputnik/ Владимир Федоренко
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104 0 0

ՀՀ առողջապահութան նախարար Արմեն Մուրադյանը կարծում է, որ Հայաստանն ունի բժշկական տուրիզմ զարգացնելու հնարավորություն` շնորհիվ այս Հայաստան-սփյուռք համագործակցության։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 4 — Sputnik. Հայաստանն ունի բժշկական տուրիզմ զարգացնելու հնարավորություն`  շնորհիվ այս Հայաստան-սփյուռք համագործակցության, ասաց ՀՀ առողջապահության նախարար  Արմեն Մուրադյանը Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի Սփյուռք-Հայաստան պլենար նիստում։

Որպես դրա վառ օրինակ` նա մատնանշեց Իսրայելը, որ նույնպես ունի սփյուռք։ Ունենալով ընդամենը 25 հիվանդանոց և 8 մլն բնակչություն` այս երկիրը կարողանում է հսկայական բժշկական տուրիզմ ապահովել` չափագրելի որակի շնորհիվ։ Նախարարը շեշտեց, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունը`  շնորհիվ այս Հայաստան-սփյուռք համագործակցության։

«Բժշկական տուրիզմը մեր երկրում կզարգանա այն պարագայում, երբ կկարողանանք ապահովել բժշկական օգնության որակի միջազգային մակարդակ, չափագրելի որակ, որը նաև իրավական գնահատական կստանա»,-ասաց նախարարը` կարևորելով նաև հավաստագրման գործընթացի ապահովումը։

Բժշկական տուրիզմի զարգացումը կարևորեց բարերար Ռուբեն Վարդանյանը, ով նշեց, որ առողջապահության ոլորտում աշխարհում առկա մարտահրավերները հաղթահարելուց զատ մեր բժիշկները ևս պետք է պատրաստ լինեն բժշկական տուրիզմի զարգացմանը և անգլերենից բացի տիրապետեն այլ լեզուների։

Նա նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունից շատերն այսօր մեկնում են Իսրայելում բուժվելու, որովհետև այնտեղ բուժաշխատողների զգալի մասը տիրապետում է ռուսերենին։ Նրա կարծիքով` Հայաստանի և սփյուռքի բժիշկների համագործակցությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը կարևոր հիմք են Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման համար։

Նա ներկայացրեց նաև հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը։ Բանախոսն ընդգծեց, որ դրանք ունեն հայրենիքը զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելու նպատակ։ Արդեն 200մլն դոլարի ներդրում է կատարվել միայն Դիլիջանն արևմտյան չափորոշիչներին համապատասխան կրթական, մշակութային և առողջապահական կենտրոն դարձնելու համար։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Վարդանյանին իրականացված բազմակողմանի աշխատանքների համար։

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ և նաև առողջապահության նախարար` կուզեի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել կրթական բաղադրիչի համար»,-ասաց Արմեն Մուրադյանը։

«Կրթություն, փորձ, տեխնոլոգիաներ։ Ես համոզված եմ, որ այս ուղղություններով քննարկումներն ու համագործակցությունն իրենց արդյունավետությունը կապացուցեն ժամանակի ընթացքում»։

Նախարարն ընդգծեց, աշխարհում առկա սրընթաց զարգացումներն առավել տեսանելի են դարձնում այս ոլորտում ունեցած բացերը։

«Հանրային առողջապահական ոլորտում վերջին քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մենք բազմաթիվ բացեր ունենք կրթական համակարգում, համաճարակաբանական  ոլորտում։ Ես կարծում եմ, որ նման ծրագրեր իրականացնելով` կկարողանանք վստահ քայլերով առաջ ընթանալ»։

Ընթերցվեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի հռչակագրի նախագիծը, որն արժանացավ մասնակիցների հավանությանը։

Գլխավոր թեմաներ