14:34 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Микаел Варосян

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» մրցույթում կներկայացնի Միքայել Վարոսյանը

© Страница ОАТ в Фейсбуке
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
209 0 0

2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը և գրավել 3-րդ տեղը:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 14– Sputnik. «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը, հաղորդվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքում:

Միքայելը 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: Այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ հենց նա կլինի հայաստանյան պատվիրակը ճանաչված և սիրված մրցույթում:

12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռևս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:

Միքայելը 2013-ից մասնակցում և ամենատարբեր մրցանակներով է վերադառնում Հայաստան: Նա 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2013-ին մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած մանկական միջազգային «Golden Sparkles» մրցույթ-փառատոնին, որտեղ նա միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաև արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին:

2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը և գրավել 3-րդ տեղը: Միքայել Վարոսյանը սովորում է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում` 7-րդ դասարանում:

Նա նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել և հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր և ֆիլմեր: 2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաև հեռուստատեսային աշխարհում և սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից և բավականին մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ — 2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:

Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մրցույթն այս տարի կանցկացվի  #Discover (Բացահայտի՛ր)  նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել  է 2011-ին և կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել հայտնի  արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը:

Գլխավոր թեմաներ