00:44 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Закон, Суд, молоток, правосудие

Սահմանադրական բարեփոխումների նախագիծն է հրապարակվել Հայաստանում

© Sputnik/ Максим Богодвид
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Սահմանադրական բարեփոխումների նախագծով Հայաստանի գործադիր իշխանության գերագույն մարմին է հռչակվում կառավարությունը, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունն իր ծրագրի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հիմնական օրենքի առաջին յոթ գլուխների` խորհրդարանական իշխանավարման կարգի անցում նախատեսող լրամշակված նախագիծն է հրապարակել չորեքշաբթի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկայիս հինգի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից, որը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը, հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Ըստ նախագածի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի
ընդհանուր ղեկավարումը:

Նոր նախագծով` նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, որն իրականացնում է զինված ուժերի ընդհանուր ղեկավարումը: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:

Սահմանվում է, որ համամասնական ընտրակարգով ընտրված Ազգային ժողովն ընտրվում է առնվազն հարյուր մեկ պատգամավորից (ներկայից 131-ի փոխարեն):

Նախատեսվում է, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար: Ընդ որում, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: 

Առաջին յոթ գլուխների տարբերակը լրամշակվել է Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողով) փորձագետների հետ քննարկումների արդյունքում։

Տվյալ հոդվածները հրապարակվել են Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքում` հանրային քննարկումների համար։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղղվել պրոֆեսիոնալ հանձնաժողովի քարտուղարություն handznajoghovi-qartugharutyun@moj.am էլեկտրոնային հասցեով։

Գլխավոր թեմաներ