19:01 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Заведующий кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян

Իրանագետ. Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ

© Sputnik/ Самвел Сепетчян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114710

Բանակցող կողմերը համաձայնագրին հասնելու համար փոխզիջումների են գնացել սկզբունքային հարցերում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Թեհրանի միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնագրին հասնելու համար բանակցող կողմերն անցել են բավական դժվար ուղի՝ փոխզիջումների գնալով հիմնականում սկզբունքային հարցերում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵՊՀ դոցենտ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա ընդգծել է, որ «փոխզիջում» բառն այստեղ շատ կարևոր է, քանի որ զիջումերի գնացել է թե′ «վեցնյակը», մասնավորապես՝ անզիջում դիրքորոշում ցուցաբերող ԱՄՆ-ն, թե′ Իրանը:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» հուլիսի 14–ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է իրանական ատոմի երկարատև խնդրի կարգավորմանը։ Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ ԱԽ–ն, ԱՄՆ–ն և Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Իրանագետը դժվարանում է միանշանակ պատասխանել այն հարցին, թե հնարավոր է, արդյոք, կողմերը խախտեն համաձայնագրի դրույթները:

«Դժվար է ասել, որ այսքանից հետո, 18 օր անընդմեջ բանակցություններից հետո, կողմերը կարող են ետ քայլ անել: Ի դեպ, սա երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ պետքարտուղարի ամենաերկար երկրից դուրս գտնվելն էր»,- նշել է Ոսկանյանը։

Իրանագետը հավելել է, որ ոչինչ բացառել հնարավոր չէ, որովհետև երկու կողմերում էլ կան խնդիրներ և ընդդիմացող քաղաքական ուժեր։

«Ինչ վերաբերում է ամերիկյան ներքաղաքական դաշտին, ապա Կոնգրեսում կարող են լուրջ խոչընդոտներ ի հայտ գալ», – ասել է իրանագետը։

Նա ընդգծել է, որ եթե այս գործարքը կայացել է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի պետական շահերը, ապա հանրապետականների, դեմոկրատների, Օբամայի վարչակարգի և Կոնգրեսի միջև առկա հակասություններն ինչ-որ առումով «կունենան թատերականացված բնույթ»։

«Իրականում, համաձայնագիրը կանցնի վավերացման գործընթացը»,- վստահություն է հայտնել Ոսկանյանը:

Իրանագետը հասկանալի է համարում, որ այլ պայմանների և հնարավորությունների դեպքում, ԱՄՆ-ն չէր գնա այս գործարքին:

«Այսինքն, անիմաստ կլիներ ունենալ այլընտրանք, ենթադրենք՝ Իրանում վարչակարգ փոխելու, ու ԱՄՆ-ն գնար այս քայլին: Բացի դրանից, Օբաման, հավանաբար, ցանկանում է հեռանալ նախագահի պաշտոնից՝ թեթևացած բեռով»,-ասել է նա:

Խոսելով ԱՄՆ գլխավոր դաշնակիցներից Իսրայելի դիրքորոշման մասին` իրանագետը նշել է, որ Իսրայելը, կարծես թե, լուծել էր տարածաշրջանային իր հիմնական խնդիրները։

«Եվ հանկարծ որոտ՝ անամպ երկնքում, ի դեմս Իրանի՝ տարածաշրջանային նոր դերակատարի հայտնվելուն»,-նշել է Ոսկանյանը։

Իրանագետը նաև կարևորել է այն հանգամանքը, որ աշխարհի ցանկացած իրեն հարգող պետություն, առավել ևս՝ աշխարհի հզորագույն պետությունը, առաջնահերթությունը տալիս է սեփական շահերին։

«Հետևաբար՝ եթե ԱՄՆ-ի շահերը չհամընկնեն Իսրայելի շահերին, ապա ԱՄՆ-ն, բնականաբար, հետաքրքիրված է լինելու սեփական շահերով: Իրանի հարցն այն դեպքն է, երբ Մերձավոր Արևելքի ամերիկյան և իսրայելական տեսլականները, հակասության մեջ են», – նշել է իրանագետը։

Ոսկանյանը նաև ավելացրել է, որ թվում է, թե Միացյալ Նահանգները վերջնական որոշում է կայացրել, և  բոլոր խնդիրների բանալիները հանձնել է իրանական կողմին, որովհետև Իրանը ցույց է տվել, որ ունակ է դիմակայելու թե′ արտաքին, և թե′  ներքին վտանգներին։

Իրանագետը նաև նկատել է, որ Իրանի կերպարը, ընդհանուր առմամբ, չափից դուրս «դիվականացված է»:

«Մինչդեռ, իրականում, վերջին տարիներին այդ երկիրը պայքարում է ահաբեկչության դեմ, ընդ որում՝ մարտի դաշտում: Այսինքն՝ հռետորաբանությունը և եզրաբանությունը իներցիայով շարունակվում են»,-նշել է Վարդան Ոսկանյանը:


Գլխավոր թեմաներ