17:57 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Станислав Тарасов

Փորձագետ. Բաքու-Երևան բանակցային գործընթացի ռեսուրսները սպառված են

© Sputnik/ Владимир Трефилов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Կպնդեն, որ Ստեփանակերտն անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ Բաքու-Երևան բանակցային գործընթացի ռեսուրսները սպառված են, նշում է Տարասովը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի–Sputnik. Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունների ձեռքբերումից հետո զգալիորեն փոխվում է տարածաշրջանում տիրող իրավիճակը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին  ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը։

Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի 14-ին համաձայնության են եկել Իրանի միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ։ Բանակցությունների արդյունքում մշակվել է գործողությունների համատեղ ծրագիր, որի իրականացումից հետո Իրանից կհանվեն նրա դեմ ուղղված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։

Տարասովի խոսքով` արդեն տեղեկություն է ստացվել, որ Թուրքիան հրաժարվում է գործակցել «Թուրքական հոսքի» ուղղությամբ, իսկ Իրանի վերադարձն էներգետիկ շուկա բարդացնում է Ադրբեջանի վիճակը:

«Եթե նախկինում Ադրբեջանը համարվում էր  գլխավոր այլընտրանքային էներգետիկ աղբյուրը ՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, ապա հիմա իրավիճակը փոխվում է, նոր հեռանկարներ են բացվում» —ասել է փորձագետը։

Նա ավելացրել է, որ Իրանի պատժամիջոցների չեղարկումը երկար ժամանակ կպահանջի, «բայցևայնպես, ոչ հեռու ապագայում էներգետիկ որոշ ծրագրեր կփոխվեն»։

Տարասովի կարծիքով` տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դերի մեծացումը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը` փորձագետը նշել է, որ մի կողմից Իրանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, մյուս կողմից՝ շարունակում է գործակցել Հայաստանի և Արցախի հետ։

Փորձագետը նաև ընդգծել է, որ Իրանը, հավանաբար, կարող է նպաստել լուրջ բանակցությունների, քանի որ Մոսկվան էլ հասկացնում է, որ ակտիվանալու է բանակցությունը  ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

«Իրանն էլ կինտեգրվի այդ հարցին, բայց չեմ կարծում, որ այն կփոխի իր հիմնական  դիրքորոշումը», – հավելել է փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե հակամարտող կողմերից ո՞ր մեկին է ձեռնտու Իրանի ներգրավվումը հակամարտության կարգավորման գործընթացին` Տարասովը նշել է, որ չնայած Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններին, Իրանը երբեք չի խզել կապերը Հայաստանի հետ:

«Ոմանք նույնիսկ ասում են, որ գազատարներից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով` Իրանը, պատժամիջոցների չեղարկումից հետո, հավանաբար, կփորձի փոխզիջող քաղաքականություն վարել։

«Չնայած Ռուսաստանի ու Արևմուտքի միջև լուրջ հակասությունների, այնուհանդերձ, պահպանվել է երկու հարթակ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը գործում են որպես տանդեմ՝ «Վեցնյակն» ու ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը», – նշել է Տարասովը։

Նրա խոսքով` Արևմուտքում արդեն չի դիտարկվում Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը, այդ ուղղությամբ Մոսկվան ինչ-որ պահանջներ չի ներկայացնում:

«Կարծում եմ` հիմա կգործի այն ձևաչափը, ըստ որի՝ բանակցություններին պետք է մասնակցեն  հակամարտող  կողմերը, այսինքն՝ կպնդեն, որ Ստեփանակերտն անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին: Քանի որ Բաքու-Երևան բանակցային գործընթացի ռեսուրսները սպառված են», – նշել է Տարասովը:

Նրա խոսքով` սեփական կարևորությունն ընդգծելու համար Թուրքիան ևս փորձում էր միջնորդի դեր ստանձնել:

Այս համատեքստում փորձագետն ընդգծում է, որ «Թուրքիան մեծ սխալ է թույլ տվել՝ Բաքվի ճնշմամբ հրաժարվելով վավերացնել Ցյուրիխի պայմանագիրը և կարգավորել  Հայաստանի հետ հարաբերությունները»։

«Եթե Թուրքիան դիմեր նման քայլի, ապա հիմա հանդես կգար որպես լիիրավ անդամ, բայց հիմա չի կարող չեզոք դիրք զբաղեցնել», – նկատել է Տարասովը։

Նրա խոսքով` Իրանն ընդհանուր սահմաններ ունի Ղարաբաղի ու Հայաստանի հետ, այդ առումով այն կարող է չեզոք դիրք զբաղեցնել։

«Այն երբեք չի խզել կապերն Ադրբեջանի հետ, բայց միաժամանակ լավ հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ»– եզրափակել է Տարասովը:

Գլխավոր թեմաներ