15:55 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Цирк шапито

Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

© Sputnik/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2358 0 0

Երևանյան հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին, ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում «Իմպերիալ» կրկեսի նախագծի ղեկավար Սոս Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի– Sputnik. Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսը օգոստոսի 29–ից հոկտեմբերի 4–ն առաջին անգամ հյուրախաղերով ելույթ կունենա Երևանում, տեղեկացրեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանում «Իմպերիալ» կրկեսի նախագծի ղեկավար Սոս Պետրոսյանը։

«Երևանյան հյուրախաղերը նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80–ամյակին։ Տարվա ընթացքում Ենգիբարյանին նվիրված միջոցառումներ են անցկացվում։ Սակայն ինձ` որպես նրա աշակերտի, դա քիչ է», – ասաց Պետրոսյանը չորեքշաբթի «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` պետական մակարդակով նման կարևոր հոբելյանը նշելու անհրաժեշտությունը ստիպեց իրեն հանդես գալ Հայաստանում լավագույն շապիտո կրկեսներից մեկի հյուրախաղերը կազմակերպելու նախաձեռնությամբ։ 

«Երևանում մեկուկես ամիս կրկեսային տոն է սպասվում, որին արժանի է մեր հանդիսատեսը։ Վստահ եմ, որ ներկայացումը դուր կգա, և երազում եմ, որ այն դիտեն նաև Հայաստանի մարզերում», – ասաց Պետրոսյանը։

«Իմպերիալ» շապիտո կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինն իր հերթին նշեց, որ կրկեսի համար այսօր առաջնահերթ են հետխորհրդային տարածքում, մասնավորապես` Հայաստանում կազմակերպվող հյուրախաղերը, որոնք կդառնան առաջինը տարածաշրջանում։

«Մենք անհանգստանում ենք, թե ինչպես հանդիսատեսը կընդունի ծրագիրը, որտեղ շատ նորամուծություններ կան։ Կան շատ հետաքրքիր ատրակցիոններ կենդանիների մասնակցությամբ։ Ի տարբերություն բազմաթիվ շապիտո կրկեսների` մենք օգտագործում ենք կենդանի ձայն, որն ապահովում մոսկովյան է «Լեգիոն» խմբի մենակատար Ալեքսեյ Բուլգակովը։ Շոուին մասնակցում է «Վիկտորիա» պետերբուրգյան պարային համույթը», – ասաց Միտաչկինը։

Նրա խոսքով` կրկեսի կոլեկտիվը կանի ամեն ինչ` հայ հանդիսատեսին ուրախացնելու և զարմացնելու, նրա հույսերն արդարացնելու համար։

«Հանդիսատեսին սպասում են բազմաթիվ անակնկալներ։ Մասնավորապես` կներկայացվի իլյուզիոն համար։ Մեզ մոտ ելույթ է ունենում Մոնյա ծաղրածուն` մեծահասակ հանդիսատեսի համար նախատեսված կատակային համարներով։ Սակայն մենք չենք բացի բոլոր անակնկալները», – ասաց Միտաչկինը։

Նա հատուկ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կկազմակերպվի նախապրեմիերային անվճար ցուցադրություն, որի օրը ճշտվում է։ Միտաչկինը նաև նշեց, որ մտադրություն կա կազմակերպել կրկեսի հյուրախաղերը նաև Հայաստանի և Ղարաբաղի շրջաններում։

Շապիտո կրկեսի ելույթները կկազմակերպվեն Կոմիտասի այգու տարածքում (նախկին Դելֆինարիումի տեղում)։ Տոմսերը կարժենան 2–5 հազար դրամ։

«Իմպերիալ» շապիտո կրկեսի նախագիծը հիմնադրվել է 2005 թ.–ին։ Կրկեսը հյուրախաղերով ելույթ է ունենում Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում։ Այն Ռուսաստանում գործող ամենակայուն շապիտո կրկեսներից է։

Շապիտո կրկեսի հագեցած ծրագրում կան ավելի քան 20 վարժեցված կենդանիներ` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ, ինչպես նաև ներգրավված են կրկեսային բոլոր ժանրերը ներկայացնող արտիստներ։ Երևանյան հյուրախաղերը տեղի կունենան ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Գլխավոր թեմաներ