23:09 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Вилен Хачатрян, экономист

Տնտեսագետ. Տնտեսությանը «Նաիրիտի» նման արտադրական հսկայից զրկելը սխալ է

© Армянская служба радио Свобода
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35410

Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը հակված է գործարանի վերագործարկմանը, քանի որ շատ լավ գիտակցում է դրա փակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանին պետք է քիմիական արդյունաբերությունը, հետևաբար տնտեսությանը զրկել արտադրական նման հսկայից, ճիշտ չէ:  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Խոսելով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման անհրաժեշտության և նպատակահարմարության մասին` տնտեսագետը կարծիք է հայտնել, որ կառավարությունը հակված է գործարանի վերագործարկմանը, քանի որ շատ լավ գիտակցում է դրա փակման հետևանքները: «Կարծում եմ, կառավարությունը ցանկություն ունի վերագործարկելու գործարանը, քանի որ այդ բեռը ևս մնում է կառավարության ուսերին: Այսինքն, ևս մեկ ոլորտ ձախողվեց, մեռավ, փակվեց, և դրանք բոլորը մեր ՀՆԱ-ից, մեր բարեկեցությունից են գնում»,-ընդգծել է նա:

Տնտեսության լոկոմոտիվի դեր հանդիսացող ճյուղերից մեկը, ինչպես նկատում է տնտեսագետը, փակուղի մտնելով հանգեցնում է մի իրավիճակի, երբ տնտեսության զարգացումը մնում է միայն ծառայությունների հաշվին: Տնտեսագետը միաժամանակ նկատում է, որ գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ են լուրջ հաշվարկներ, մասնագիտական լրջագույն ուսումնասիրություններ: «Բնականաբար, պետք է կազմվի լուրջ բիզնես ծրագիր, պետք է մշակվի լոգիստիկ շղթա: Պարտքերի հետ կապված խնդիրները ևս լուրջ են: Մյուսը ներդրող գտնելու խնդիրն է, նշվում է, որ ներդրողներ չկան: Եվ մինչև ներդրող չգտնվի, մինչև չառաջանա այն գիտակցումը, որ արժե վերագործարկել քիմիական այդ հսկան և շահույթ ունենալ, խնդիրը կմնա փակուղային իրավիճակում»,-նշում է բանախոսը:

Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ նախկինում քիմիական հսկայի վերագործարկման հարցում չի ցուցաբերվել պրոֆեսիոնալ մոտեցում, չի եղել սրտացավ վերաբերմունք: «Պատկերացրեք,եթե վարկ վերցնեն և չկարողանան մեկ տարվա ընթացքում հասնել իրենց ուզած արդյունքին, ապա կրկնվելու են նախորդ դեպքերը»,- մտավախություն է հայտնել բանախոսը:

Տնտեսագետը հիշում և հիշեցնում է, թե ինչպես 50 տարվա գործարկումից հետ 1989 թվականին փակվեց գործարանը: Տարիների հեռվից Խաչատրյանը նկատում է՝ անհրաժեշտ էր ոչ թե փակել գործարանը՝ էկոլոգիական խնդիրները լուծելու համար, այլ մտածել ֆիլտրացիոն նոր համակարգեր տեղադրելու, նոր քիմիական գործընթացներ կազմակերպելու մասին: «Քիմիական արդյունաբերությունն այդ ժամանակ զարգանում էր: Ստեղծվել էր հնարավորություն գործակցելու նաև օտարերկրյա փորձառու ընկերությունների հետ: «Նաիրիտը» գիտաարտադրական միավորում էր: Այն ուներ և գիտական, և արտադրական բաղադրիչ: Այն ժամանակ գոնե կարելի էր փորձել գիտական հիմքով լուծում տալ էկոլոգիական խնդրին, այլ ոչ թե գործարանը փակելով՝ լուծել էկոլոգիական խնդիրը»,-ընդգծել է նա:

Ինչո՞վ կարելի է ներգրավվել հնարավոր ներդրողներին: Տնտեսագետն այս հարցին պատասխանում է, որ հարկավոր է համակողմանի մոտեցում՝ սկսած ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումից: «Որոշ ժամանակահատվածում «Նաիրիտին» պետք է տալ հարկային արտոնություններ, ամբողջական արտոնություններ»,-ասել է Վիլեն Խաչատրյանը:

Գլխավոր թեմաներ