12:00 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Медсестра московского роддома

Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսից մահվան ևս 2 դեպք

© Sputnik/ Владимир Вяткин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
290 0 0

Այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի- Sputnik. Հայաստանում այսօր արձանագրվել է H1N1 վիրուսից մահվան 2 դեպք, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել։

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։

«Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։ Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում։ Ոմանք, այդ թվում Հայաստանը, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու և զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ` թաքցնելով իրական պատկերը և չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին` մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության։

Նախարարությունը չի լռում նաև ծանր դեպքերի առկայության մասին։ Հենց երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկի կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։

Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան։

«Նման իրավիճակներում անչափ կարևորվում է ողջ հանրության համախմբվածությունն ու զսպվածությունը։ Նախարարությունը նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է տոնական օրերին բարձրացրել բնակչության զգոնությունը և իրականացրել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: Միաժամանակ լրագրողներին մշտապես հորդորում ենք թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նախարարությունից նշում են, որ կան դեպքեր, երբ տուրք տալով սենսացիոն լուրեր հրապարակելու գայթակղությանը, թեմային առնչվող նյութերը հրապարակվում են ահասարսուռ, խուճապ առաջացնող մեծադիր վերնագրերով։ Զերծ չեն մնում նաև ապատեղեկատվություններից։ Նման վերջին օրինակն այսօր news.am կայքում տեղ գտած «Սիսիանցի 2-ամյա տղան միացված է շնչառական ապարատին. նախնական ախտորոշումը` H1N1» հրապարակումն է։

«Մյն ակնհայտ ապատեղեկատվություն է։ Երեխան բուժվում է «մենինգոէնցեֆալիտ» ախտորոշումով։ Քանի որ այս իրավիճակում գրիպի H1N1 ենթատեսակի լաբորատոր հետազոտություն իրականացվում է վերակենդանացման բաժանմունքներում բոլոր բուժվողների շրջանում, հետևաբար նմուշառում է կատարվել նաև նշված հիվանդից։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ նրա մոտ H1N1 չի հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում լրագրողներին` թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ չստեղծել:

 

 

Գլխավոր թեմաներ