11:17 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым

Պերմյակովի դատը. փաստաբանները կարևոր միջնորդություն են պատրաստում

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
249 0 0

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները պատրաստվում են նոր միջնորդություններ ներկայացնել դատարանին, որոնք, փաստաբանների կարծիքով, էական նշանակություն ունեն գործի համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հունվարի 18-ին Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունից հետո Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ նշեց, որ իրենք հաջորդ նիստին հանդես են գալու նոր միջնորդություններով:

Սահակյանի կարծիքով` իրենց ներկայացրած միջնորդությունները էական նշանակություն են ունեն գործի համար։

«Մենք ունենք շատ կարևոր միջնորդություն, որը պետք է ներկայացվի մինչև դատաքննության սկիզբը: Դա է պատճառը, որ մենք միջնորդեցինք, որ դատարանը, դատաքննական փուլը չսկսած, մեզ հնարավորություն տա միջնորդություն ներկայացնելու: Այս պահին չեմ կարող այդ միջնորդությունը բարձրաձայնել, բայց այն կապված է որոշակի փաստաթղթերի տրամադրման հետ, և ես մեծ հույս ունեմ, որ գոնե այս միջնորդությունը դատարանը պետք է բավարարի»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների ներկայացրած բոլոր միջնորդությունները` Լուսինե Սահակյանը նշեց.

«Այն միջնորդությունները, որոնք մենք ներկայացրել ենք, դատարանի համար դիտարկվել են որպես տեխնիկական խնդիրներ, թեև մեզ համար դա այդպես չէ: Սակայն այս նոր միջնորդությունները, որոնք ներկայացվելու են, էական նշանակություն ունեն գործի համար, և եթե դատարանն այդ միջնորդությունները չբավարարի, կնշանակի՝ դատարանը չի ուզում, որ իրական և օբյեկտիվ արդարադատություն իրականանա»:

Հունվարի 18-ի նիստի ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավոր Մովսիսյանը մերժել էր այդ միջնորդությունը ՝ նշելով, որ դրա համար լուրջ հիմքեր չկան:

Դատավորը նիստը հետաձգել է մինչև հունվարի 22-ը ժամը 12:00-ն:

Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

Ըստ թեմայի

Ավետիսյանների հարազատները փորձել են հարվածել Պերմյակովին
Դատարանը բավարարեց Ավետիսյանների հարազատների պահանջը

Գլխավոր թեմաներ