17:39 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Здание Парламента Армении

Նոր կոալիցիա. պատասխանատվության ու պորտֆելների բաժանում

© parliament.am
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Հանրապետականները հազիվ թե գոհ լինեն նոր կոալիցիայից: Ո՞ւմ դուր կգա, որ «վերևից» ստիպում են կիսել ապագա պորտֆելներն ու մարզպետների աթոռները

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու Դաշնակցության համաձայնությունն այս շաբաթվա վառ իրադարձություններից էր: Այն բանից հետո, երբ 2009 թվականին Դաշնակցություն կուսակցությունը երկրորդ անգամ դուրս եկավ հանրապետականների հետ կոալիցիայից, հազիվ թե որևէ մեկը սպասեր, որ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները բանակցությունների սեղանի շուրջ կնստեն:

Որոշ տվյալների համաձայն` Դաշնակցության անդամներն այդ թեմայով բանակցություններ են վարել անմիջականորեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեծամասնությունը գաղափար չուներ, որ բանակցություններ են ընթանում», — ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Կոալիցիայի մասին որպես փաստ ու իրողություն խոսելը դեռ շուտ է: Առավել ևս, որ խորհրդարանական ընտրություններից առաջ, այլ ոչ թե դրանցից հետո կոալիցիայի առաջացումը անտրամաբանական որոշում է:

Դա ընդունում են նաև Դաշնակցության ղեկավարները: Պաշտպանելով իրենց դիրքորոշումը` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ կուսակցության` կոալիցայի անդամ դառնալու որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. Դաշնակցությունն իր համոզմունքների համաձայն` իր վրա մեծ պատասխանատվություն ու ծանր բեռ է վերցրել՝ մասնակցելով սահմանադրական բարեփոխումներին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրել այդ սահմանադրության իրականացման ու կյանքի կոչման համատեքստում: Այդ իսկ պատճառով մենք համաձայն ենք համագործակցել:

Բոզոյանը կարծում է, որ այս պատճառաբանությունը համոզիչ չէ, քանի որ իրականում ակնհայտ է, որ ներքաղաքական դաշտում Դաշնակցության վիճակը բավական ծանր է: Հասարակության շրջանում կուսակցությունն առանձնահատուկ վարկանիշ, ինչպես նաև ֆինանսական ու վարչական ռեսուրսներ չունի: Հետևաբար, կուսակցությունը ընտրություններին որևէ հաղթանակ ակնկալել չի կարող:

«Սա նշանակում է, որ Դաշնակցություն կուսակցության ղեկավարության` կոալիցիայի անդամ դառնալու հիմնական պատճառն այն է, որ նա հնարավորություն կունենա օգտվել վարչական ռեսուրսներից, որոնք ունի իշխող Հանրապետական կուսակցությունը», — ասաց փորձագետը:

Ինչևիցե, պետք է հասկանալ, որ իշխող Հանրապետական կուսակցության ոչ միայն շարքային անդամներն, այլև կուսակցության ղեկավարների որոշակի մասը գոհ չի լինի ստեղծված իրավիճակից:

Ո՞ւմ դուր կգա, որ 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ակնհայտ ընդդիմադիր դիրք ընդունած կուսակցությունն այժմ հանկարծակի դարձել է դաշնակից, որի հետ ստիպված պետք է լինեն կիսել պորտֆելներն ու մարզպետական աթոռները:

 

 

Գլխավոր թեմաներ