15:42 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Нагорный Карабах

Մեծ պահք. քահանայի հորդորներն ու բժշկի խորհուրդները

© Sputnik/ Илья Питалев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1043 0 0

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրություններն ու մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik, Անի, Լիպարիտյան. Մեծ պահքը մարդուն տանջելու համար չէ, և պետք չէ դրան վերաբերվել այնպես, ասես մեզ զրկում ենք ինչ-որ բանից, «որպեսզի Աստված բարեհաճ գտնվի մեր հանդեպ», Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մեծ պահքը սկսվում է փետրվարի 8-ին և ավարտվում մարտի 26-ի երեկոյան: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը:

Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծու տեսությունից զրկվելը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարևորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

«Կան մարդիկ, որոնք պահք են պահում Մեծ պահքի առաջին և վերջին շաբաթը՝ բացատրելով, որ իրենք ի վիճակի չեն ապախշարել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Բայց ամեն դեպքում ես խորհուրդ եմ տալիս մարդկանց լիարժեք պահք պահել: Թեև իսկապես լինում են դեպքեր, երբ մարդը չի կարող առողջական պատճառներով դա անել»,- ասաց Արարատյան թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա նշեց, որ մարդն առաջին հերթին պահք է պահում իր համար, անձի և հավատի ամրապնդման համար, և եթե մարդը կարող է դիմանալ պահքի առաջին շաբաթը, ապա կարող է դա անել նաև մյուս օրերին:

Священник церкви Сурб Саргис, иерей Есаи Артенян
© Sputnik/ Самвел Сепетчян
Տեր Եսայի քահանա Արթենյան

Պահքն աղոթքների շրջան է: Ամեն օր պատարագ է մատուցվում: Յուրաքանչյուր պատարագի նպատակն ու իմաստը սուրբ հաղորդությունն է, երբ հացն ու գինին փոխակերպվում են Հիսուսի մարմնի և արյան:

«Պատարագի հիմնական իմաստն այն է, որ հավատացյալները եկեղեցի գնան և սուրբ հաղորդություն ստանան, այսինքն իրենց մեջ կրեն Հիսուսին: Մենք ճաշակում ենք Հիսուսի մարմինը և արյունը: Հետևաբար, շատ կարևոր է գիտակցել, որ ինչ-որ բան ստանալու համար պետք է տալ, այլ ոչ թե հակառակը»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա խոսքով՝ հաղորդություն կարելի է ստանալ այն դեպքում, երբ մարդը մկրտված է, պատարագից առաջ ոչինչ չի կերել, ինչպես նաև խոստովանել է մեղքերը:

«Յուրաքանչյուր եկեղեցի պատարագն անցկացնում է իր ավանդույթների համաձայն: Եթե մարդը պահք է պահում, բայց մկրտված չէ, նա չի կարող հաղորդություն ստանալ»,- ասաց նա:

Ի՞նչ է խորհուրդ տալիս բժիշկը

էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը պնդում է, որ կան մարդիկ, որոնց համար պահքը հակացուցված է:

«Եվ ընդհանրապես խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց չի կարելի կտրուկ փորձեր անել սննդակարգի հետ: Օրինակ՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններով մարդկանց արգելված է հրաժարվել կենդանական ծագման սննդից: Բուսական սնունդը գրգռում է լորձաթաղանթը, որի հետևանքով կարող են սրվել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ գաստրիտը, խոցը»,- պարզաբանեց բժիշկը:

Աբովյանը խորհուրդ է տալիս պահքից խուսափել պանկրեատիտի, խոլեցիստիտի և շաքարային դիաբետի դեպքում:

«Հիվանդ մարդկանց սննդակարգը պետք է լիարժեք, հավասարակշռված լինի, սպիտակուցների մեծ պարունակությամբ, այդ թվում՝ կենդանական: Նույնը վերաբերում է սակավարյունություն ունեցող մարդկանց, քանի որ հիվանդությունը կարող է սրվել»,- նշեց նա:

Բժիշկն ավելացնում է, որ պահքը, բնականաբար, արգելված է փոքր երեխաներին ու դեռահասներին, քանի որ նրանք զարգացման փուլում են գտնվում և աճող օրգանիզմ ունեն: Նրա խոսքով՝ առանց համապատասխան սպիտակուցներ օգտագործելու օրգանիզմի կայացումը լիարժեք չի լինի: Բացի այդ, սպիտակուցները մետաբոլիկ գործընթացներ են ապահովում:

Постные салаты
Neoneocon
Պահքն առաջին իմաստով կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ

«48 օրվա պահքը չափազանց մեծ ժամկետ է, հատկապես մանկական օրգանիզմի համար: Առաջին հերթին, պահքը հոգևոր ընտրություն է, և երեխաներն ի վիճակի չեն նման ընտրություն կատարել: Երկրորդ՝ երեխաներին չի կարելի զրկել կենդանական ճարպերից, որոնք կարող են ամրապնդել արյունատար համակարգը և նորմալ սեռական զարգացում ապահովել»,- ասաց բժիշկը:

Նա հաղորդեց, որ հավասարակշռված սնվելու կողմնակից է: «Շաբաթվա ընթացքում կարելի է մի քանի օր միս օգտագործել, բայց խորհուրդ չեմ տալիս լիովին հրաժարվել կենդանական սպիտակուցներից»,- եզրափակեց Աբովյանը:

Ի՞նչ է պահքը

Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:

 

 

Գլխավոր թեմաներ