22:29 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ветераны советской разведки Геворк и Гоар Вартанян

Եռակի հարսնացու–հետախույզ Գոհար Վարդանյանը 90 տարեկան է

© Sputnik / Дмитрий Коробейников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32130

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը, չնայած տարիքին ու ապրած դառնություններին, միշտ կենսուրախ է և լավատես

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի- Sputnik. Խորհրդային շրջանի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հայտնի է «Անիտա» կեղծանունով։ Հունվարի 25-ին հայտնի հետախույզը նշում է իր 90-ամյակը: Նրա մասին խոսելիս անհնար է չհիշատակել նաև ամուսնուն՝ Գևորգ Վարդանյանին, որի հետ Գոհար Վարդանյանն ամուսնացել է երեք անգամ, և երկար տարիներ ի վեր միասին աշխատել են աշխարհի շատ երկրներում:

Ամուսնու հետ մասնակցել է Թեհրանի համաժողովի ընթացքում «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովման գործողությանը: Հենց այդ ժամանակ է կանխվել «մեծ եռյակի» առաջնորդների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի մահափորձը, որը ծրագրել էին հիտլերյան հատուկ ծառայությունները:

«Անգամ 90 տարեկանում Գոհար Վարդանյանը շատ գեղեցիկ կին է: Երբ առաջին անգամ նրանց տանն էի, նա ինձ դիմավորեց էլեգանտ զգեստով և հագուստին համապատասխան բարձրակրունկ կոշիկներով: Այդ հանդիպումից հետո նա միշտ այդպես է դիմավորում ինձ՝ ժպիտով բացատրելով, որ եթե մի անգամ գրել եմ այդ բարձրակրունկ կոշիկների մասին, ապա հիմա պետք է այդպես շարունակել»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է «Ռոսիսյկայա գազետա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ, հետախուզության պատմաբան Նիկոլայ Դոլգոպոլովը:

Նրա խոսքով՝ Գոհար Վարդանյանն ապացուցում է, որ հետախույզների ընտանիքներում կանայք ավելի լռակյաց են, քան տղամարդիկ:

«Ասում են` կանայք շատախոս են։ Դա առասպել է: Անօրինական հետախույզների կանայք ավելի քիչ են սիրում խոսել: Գոհար Վարդանյանը մեր զրույցների ժամանակ դիմում էր ամուսնուն` Ժորա, իսկ կարելի՞ է այդ մասին խոսել»,- պատմել է լրագրողը:

Ժամանակին Գոհար Վարդանյանը հիանալի ռադիստ է եղել:

«Ռադիոգրամներ հաղորդելու վարպետությունը նա սովորել է շատ արագ, ինչն զարմացրել է նրա դասախոսներին»,- նշել է Դոլգոպոլովը:

«Շատ վճռական կին է եղել, արագ որոշումներ է կայացրել: Ի վերջո, նա անչափ բարի է, ինչը հազվագյուտ հատկանիշ է»,- ընդգծել է նա:

Հետաքրքիր է, որ Վարդանյան ամուսինները ծառայության բերումով ամուսնացել են երեք անգամ ՝ տարբեր երկրներում և տարբեր անուններով: Գոհար Վարդանյանը հարսանեկան զգեստ կրել է միայն առաջին անգամ՝ 1946թ.-ին Թեհրանում:

«Մնացած դեպքերում ուղղակի տոնական զգեստներ են եղել կամ կոստյումներ: Գնացել ենք ռեստորան ու նշել: Եվ դա շատ ուրախ է եղել»,- հիշել է հետախույզը:

 

Գլխավոր թեմաներ