15:44 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Солнечные батареи на крыше Американского Университета в Армении

Արևոտ երկրի արևային ապագան

© Айк Арутюнян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
49480

Խորհրդային տարիներին Հայաստանում արևի ինստիտուտ էր գործում։ Արևային էներգիայից առավելագույն օգուտ ստանալու համար գիտական ավանդույթներին այսօր գումարվում են նորագույն տեխնոլոգիաները: Հայաստանում արևային էներգիայի զարգացման ոլորտի մասնագետ Հայկ Չոբանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է արևային էներգիան ճիշտ ու շահավետ օգտագործելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. 2017 թվականին Շիրակի մարզում կկառուցվի առաջին արևային կայանը: Իսկ այսօր արևի երկիր Հայաստանում արևային էներգիայի օգտագործման վիճակը դեռևս գտնվում է սաղմնային վիճակում, կարծում է Հայկ Չոբանյանը։

«Հայաստանն օգտագործում է արևային էներգիայի շատ չնչին հնարավորությունները: Համեմատության համար ասեմ, որ այսօր Գերմանիան արդեն 40 ԳՎտ հզորություն ունի, այն դեպքում, երբ մեզանից երկու անգամ ավելի քիչ արև ունի»,- նշել է նա։

Մասնագետի կարծիքով՝ ԱԺ-ում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումից հետո ոլորտը կկարգավորվի, սակայն նա համոզված չէ, որ միայն օրենսդրական բարեփոխումը կարող է խնդիրն արմատապես փոխել:

«Որպեսզի խթանվի այս նոր տեխնոլոգիան, անհրաժեշտ են լուրջ ծրագրեր, որոնցում ներգրավված կլինեն պետությունը, բիզնեսը և հասարակությունը: Որովհետև մեր երկրի համար դա նոր տեխնոլոգիա է, և պետք է ավանդույթները փոխվեն, մարդիկ հետաքրքրված լինեն նոր արևային տեխնոլոգիաների կիրառմամբ»,- ասել է Չոբանյանը։

Այսօր ամբողջ աշխարհը փորձում է էներգիա ստանալ արևից: Օրինակ՝ Ֆրանսիան առաջիկա հինգ տարում 1000 կմ երկարությամբ ավտոճանապարհներ կկառուցի արևային վահանակներով։ Հայկ Չոբանյանը կարծում է, որ ոլորտն այս մակարդակի զարգացնելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ուղղակի համապատասխան միջավայր ու շահավետ պայմաններ է պետք ստեղծել:

«Եթե մենք կարողանանք լավ ենթակառուցվածք ու արևային էներգիայի ձեռնտու սակագին առաջարկել, աշխարհի բիզնեսմենները «կլցվեն» Հայաստան։ Շատերին է հետաքրքրում այս ոլորտում ներդրումներ կատարելու հանգամանքը, և եթե մենք լավ սակագին սահմանենք ու դրան էլ գումարվի մեր աշխարհագրական դիրքը, որը թույլ է տալիս երկու անգամ շատ արևային էներգիա ստանալ, քան եվրոպական միջին ցուցանիշն է, կարծում եմ՝ ներդրումներն ինքնըստինքյան կգան Հայաստան։ Դա երկրի համար ֆինանսական ծանրաբեռնվածություն կլինի, բայց ներդրումները տասնապատիկ անգամ կլրացնեն ծախսերը»,- համոզված է Չոբանյանը։

Բնապահպանական խնդիրներից բացի, արևային էներգիան էապես՝ 90 տոկոսով կրճատում է էլեկտրաէներգիայի ծախսը: Արևային էներգիայի ստացման տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում կարևոր է նաև երկրի էներգետիկ ռազմավարության տեսակետից:

«Քաղաքական ու տնտեսական առումով կարևոր է, որ մեծացնենք սեփական էներգետիկ բալանսը, այսինքն` մեր սեփական էներգետիկ ռեսուրսները գերակշռեն ներմուծվող ռեսուրսներին։ Դա հատկապես արդիական է այն առումով, որ էներգետիկ պահանջարկի ծավալը ակնհայտորեն մեծանում է, պետք է շեշտը դնել սեփական ներուժի վրա», — վստահեցրել է Չոբանյանը։

Կանխատեսվում է, որ մինչև 2020 թվականը երկրագնդի էներգետիկ ծավալները կաճեն 40-50 տոկոսով։ Ակնհայտ է, որ առաջիկայում հիմնական ռեսուրսը հանդես է գալու արևը։ Նույնիսկ այն երկրները, որոնք շատ հարուստ ավանդական ռեսուրսներ ունեն, այսօր խոշոր ներդրումներ են կատարում արևային տեխնոլոգիաների ոլորտում և գիտակցում են, որ մոտ ապագայում առաջին պլան է գալու արևային էներգիան։ Հայաստանում ևս մեծացել է արևից էներգիա ստանալու հետաքրքրությունը, և հետզհետե ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են իրենց տները տաքացնել հայկական արևից ճառագող էներգիայով։

 

 

Գլխավոր թեմաներ