03:09 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Вице-президент Федерации йоги Армении Грант Дандуров

Յոգան անտեսանելի կապ է Հայաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Չինաստանի միջև

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9210

Հայաստանում յոգան համեմատաբար վերջերս է հայտնվել։ Յոգայով ավելի հաճախ զբաղվում են կանայք. նրանք ցանկանում են թուլանալ, ազատվել սթերսներից և նույնիսկ կյանքի իմաստը գտնել յոգայի միջոցով։ Ոմանց համար դա ուղղակի ֆիզիկական վարժությունների շղթա է, շատերի համար` ինքնաճանաչման մեթոդ

Անի Լիպարիտյան, Sputnik Արմենիա.

Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովն ապրել է թաիլանդական գյուղերից մեկում գտնվող մենաստանում։ Նա Sputnik Արմենիային պատմեց, թե ինչ տեղ է զբաղեցնում յոգան հայերի ու իր կյանքում և ինչ հրաշքներ է գործում այն։

Թաիլանդի հարավում գտնվող գյուղում ոչ ոք անգլերեն չի իմացել, ու Հրանտը հասկացել է, որ եթե ցանկանում ես արտասահմանցուն ինչ-որ բան բացատրել, ապա դա պետք է անել մայրենի լեզվով։

«Մենաստանում ես և իմ ընկերները սկսեցինք ինչ-որ բան բացատրել ծեր վանականին, որն անգլերեն չգիտեր, մենք էլ` թաիլանդերեն։ Արդյունքում մենք նրա հետ սկսեցինք հայերեն խոսել և ժեստերով հասկացնել մեր ասելիքը, վերջապես նրան բացատրեցինք, թե մեզ ինչ է պետք»,- պատմեց Դանդուրովը։

Sputnik Արմենիայի զրուցակիցն արդեն 12 տարի է՝ զբաղվում է արևելյան փիլիսփայության և մշակույթի, բուդդայականության ուսումնասիրությամբ։ Նա հասցրել է լինել Հնդկաստանում, մի քանի անգամ` Թաիլանդում, որտեղ ապրել է մենաստաններում։ Յոգայով սկսել է զբաղվել մոտավորապես 5 տարի առաջ։

Вице-президент Федерации йоги Армении Грант Дандуров
© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրով

Նա էլ է կարծում, որ յոգան Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում, նորաձևության արդյունք է: Իհարկե, Արևմուտքում յոգան նույնպես համեմատաբար վերջերս է հայտնվել` 1950-60-ական թթ.-ի վերջին, երբ Արևմուտքում ավելի շատ մարդիկ սկսեցին հետաքրքրվել հոգևոր, հատկապես արևելյան արժեքներով։

Հրանտը պատմեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և տրանսպորտային հաղորդակցության զարգացումը հնարավորություն է տվել ճանապարհորդել դեպի Հնդկաստան, Ճապոնիա, Թաիլանդ։

«Մարդիկ յոգան տարել են Արևմուտք։ Ոմանք դասավանդել են Եվրոպայում և սկսել են լայն զանգվածներին ներկայացնել այն։ Յոգան` որպես կյանքի մասին գիտություն, բավական փակ դիսցիպլին է։ Այսինքն՝ ոչ բոլորը կարող էին բացել այդ տեխնիկայի գաղտնիքները նաև հենց Հնդկաստանում»,- պատմեց պորտալի զրուցակիցը։

Հետո եկավ մի ժամանակ, երբ վարպետները որոշեցին, որ կարելի է մարդկանց էլ ծանոթացնել յոգային։ Ու յոգան գրավիչ դարձավ բոլորի համար, այն հատկապես հետաքրքրեց հայտնի մարդկանց։

Յոգայի հայտնվելու գաղտնիքները

Հայտնի չէ, թե յոգան կոնկրետ երբ է ծագել։ Հրանտի խոսքով` յոգան ծնվել է հենց այն պահին, երբ մարդն առաջին անգամ որոշել է ուսումնասիրել իր ներաշխարհը։ Վարպետները կարծում են, որ երբ մարդն արտաքին աշխարհի ուսումնասիրությունից անցել է ներքին աշխարհի ուսումնասիրությանը, դա էլ հենց յոգան է։ Իսկ այդ ամենը շատ վաղուց է սկսվել։

«Այլ բան է, որ ամենուրեք կան ինքնաճանաչման տարբեր տեխնիկաներ և մեթոդներ։ Դրանք մեթոդներ են, որոնք առաջարկում են, օրինակ, Չինաստանում (թայցզիցյուան, ուշու)։ Մեդիտացիայի հատուկ մեթոդներ են պահպանվել Հնդկաստանում։ Հիմա ողջ աշխարհում արտեֆակտեր են գտնում, որոնց վրա պատկերված են մարդիկ՝ տարբեր կեցվածքներով` ասաններով։ Օրինակ՝ վերջերս վկայություններ են գտել Հարավային Ամերիկայում»,- բացատրում է յոգը։

Занятия йогой
© Sputnik/ Асатур Есаянц
Յոգայի պարապմունք

Հիմա մարդիկ յոգա են անվանում որոշ ֆիզիակական վարժություններ, շատերը գիտեն, որ կան նաև շնչառական վարժություններ, մեդիտացիա։

«Ընդհանրապես աշխարհը, այդ թվում` Հայաստանը, յոգային ծանոթացել է բոլորովին վերջերս, թեև Հայաստանում խորհրդային տարիներին եղել են մարդիկ, որոնք լրջորեն զբաղվել են յոգայով։ Այդ ամենը  շնորհիվ նրա, որ Խորհրդային Միությունը լավ հարաբերություններ ուներ Հնդկաստանի հետ, և յոգայի նկատմամբ արգելք չի սահմանվել»,- պատմեց Sputnik Արմենիա զրուցակիցը։

Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր նոր ֆիթնես-կենտրոնում աերոբիկայից, լողից և այլ ստանդարտ պարապմունքներից բացի, յոգայի խումբ է բացվում։

Պարապմունքների փորձը կարող է փոխել մարդուն, չէ՞ որ դա նման է վերածնունդի։ Հրանտը պնդում է, որ աշակերտն այլ մարդ է դառնում, փոխվում է, հանգստանում։

© Sputnik. Արամ Ներսեսյան
Յոգան՝ անտեսանելի կապ Հայաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Չինաստանի միջև

«Յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ է լինում` նայած, թե ինչու է սկսել զբաղվել յոգայով։ Շատ հաճախ այնպես է լինում, որ մարդն ընկնում է ֆիզիկական ձեռքբերումների հետևից։ Մտածում է, որ իրեն ճկունություն է պետք, և եթե դու կարող ես ոտքդ անցկացնել գլխիդ հետևը, ապա հասել ես կատարելության»,- ասաց Հրանտը։

Նա ավելացրեց, որ շատերն ուղղակի ընկնում են ֆիզիկական վարժությունների հետևից և մոռանում, թե ինչու են սկսել զբաղվել յոգայով, որն օգնում է հասնել ներդաշնակության սեփական անձի և աշխարհի հետ։

Յոգան բոլորի համար է

Ինչպես բացատրեց Հրանտը, ցանկացած մարդ կարող է զբաղվել յոգայով, կարծրատիպերի հավատալ պետք չէ։

«Հայաստանում, ինչպես նաև աշխարհում ավելի հաճախ յոգայով զբաղվում են կանայք։ Դա օգնում է նրանց ավելի երիտասարդ տեսք ունենալ, նիհարել։ Իսկ տղամարդիկ ավելի զբաղված են։ Թեև Հնկաստանում յոգ տղամարդիկ ավելի շատ են»,- ասաց Հրանտը։

Հայաստանում Յոգայի ֆեդերացիան գործում է 2007թ.-ից։ Ամեն տարի յոգայով զբաղվել ցանկացողների թիվն աճում է, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում։

Занятия йогой
© Sputnik/ Асатур Есаянц
Յոգայի պարապմունք

 

 

Գլխավոր թեմաներ