12:05 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
102-ая российская военная база

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

© Sputnik/ Армине Мхоян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
7710

Արմենակ պապն այսօր հպարտությամբ է հիշում՝ 18 տարեկանում գնաց հայրենիքը՝ Խորհրդային Միությունը պաշտպանելու: Գորիից մինչև Չեխոսլովակիա, ապա Ճապոնիա ու Չինաստան. Արմենակ պապի զինվորական ուղին հեշտ չէր, բայց այսօր էլ հետադարձ հայացք գցելով անցյալին վստահեցնում է՝ նույնը կաներ

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Արմենակ պապը մեկն է այն վետերաններից, որոնց համար հայրենիք հասկացությունը դուրս էր գալիս Հայաստանի սահմաններից ու տարածվում Վլադիվոստոկից մինչև Բրեստ: Մարտական ընկերներից շատերն այսօր չկան, բայց բոլորին հպարտությամբ է հիշում: Հիշողությունները թարմանում ու վառ պատմություններ են դառնում հատկապես Հայրենիքի պաշտպանի օրը:

«Միշտ ենք տոնել այս օրը իմ մարտական ընկերների հետ: Ճիշտ է՝ այսօր մեր շարքերը շատերն են լքել, բայց հպարտությամբ եմ հիշում այն, ինչ կատարել ենք: 7 տարի հետո եմ տուն վերադարձել: Միայն մեր ընտանիքից 3 տղամարդ էր մեկնել ռազմաճակատ. հայրս այդպես էլ չվերադարձավ, ավագ եղբայրս վերադարձավ ծանր վիրավոր, ես էլ եմ վիրավորվել, բայց վերքս թեթև էր: Խորհրդային բոլոր հանրապետություններն այդ տարիներին ուս-ուսի տված պաշտպանում էին հայրենիքը, Խորհրդային բանակը շատ բան սովորեցրեց բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին: Սովորեցինք ու դրա հիման վրա այսօր ուժեղ բանակ ունենք: Իմ որդին ծառայել է հայկական բանակում, հետախույզ էր: Խորհուրդ ու պատգամ եմ տալիս երիտասարդներին՝ ծառայե՛ք»,- ասաց Արմենակ պապը:

Արմենակ պապն ու մյուս վետերանները հավաքվել էին Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանում ու Հայրենիքի պաշտպանի օրն էին նշում հայրենիքից հեռու՝ Հայաստանում, իրենց զինվորական պարտքը կատարող ռուս զինվորականների հետ:

Հնչեցին Ռուսաստանի և Հայաստանի օրհներգերը, Գյումրիում տեղակայված ռազմակայանում մեկնարկեց Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումը: 102-րդ ռազմակայանի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը շնորհավորեց զինված ուժերում իրենց զինվորական պարտքը կատարող զինվորականներին ու միջոցառմանը ներկա վետերաններին:

«ՌԴ-ի զինված ուժերը փետրվարի 23-ին տոնում են Հայրենիքի պաշտպանի օրը: Պատմությունը մեզ է փոխանցել շատ դրվագներ հայրենիքի պաշտպանի կատարած սխրագործությունների ու հայրենիքին ինքնամոռաց նվիրման մասին: Պետք է պահել ու պահպանել՝ սերունդներին փոխանցելով այն մեծ նվիրյալների անունները, ովքեր միշտ պատվով են կրել պաշտպանի կոչումը: Հայրենիքի պաշտպանությունը Ռուսաստանում բոլոր ժամանակներում սուրբ գործ է համարվել: Հայրենիքի պաշտպանն ամուր բնավորությամբ օժտված ու կամքի մեծ ուժ ունեցող նվիրյալն է: Այսօր մենք հպարտ ենք, որ տոնը նշում եք նաև Մեծ Հայրենականի վետերանների և եղբայրական հայ ազգի զինված ուժերի ներկայացուցիչների հետ»,- նշեց Վլադիմիր Ուստինովը:

Ռուսական բանակի հետ փետրվարի 23-ը նշում են նաև նրանք, ովքեր ժամանակին ծառայել են Խորհրդային բանակում, ավելին՝ կանգնած են հայկական մարտունակ բանակի կազմավորման ակունքերում:

«Հայկական բանակի հիմքում հիմնականում Խորհրդային բանակում ծառայած սպաներն ու զինվորներն էին: Այսօր ունենք տարածաշրջանում ամենակայացած բանակը: Բոլորս, ովքեր նախկինում ծառայել ենք կարմիր դրոշի նեքո՝ խորհրդային բանակում, սովորեցինք ամենակարևորը՝ բանակային գործը: Այսօր էլ ռուսական ու հայկական բանակները իրար կողքի են»,- նշեց Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

Չնայած շատերի համար փետրվարի 23-ը տղամարդկանց տոնն է համարվում, սակայն քիչ չեն նաև այն կանայք ու աղջիկները, ովքեր զինվորագրվելով հայրենիքի պաշտպանի սուրբ գործին, ուժեղ սեռի հետ կողք-կողքի ու ոչ ավելի պակաս կամքի ուժով և պատրաստականությամբ ծառայում են բանակում: Ավագ-լեյտենանտ Օքսանա Գոլիկը շնորհավորեց իր ծառայակից տղամարդկանց ու կարևորեց կնոջ դերը զինված ուժերում:

«Անչափ ուրախ եմ, որ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորանք ստացանք նաև մենք՝ ուսադիր կրող կանայք: Տոնը բոլորինս է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս՝ ցանկանալով առողջություն, ընտանեկան երջանկություն, իսկ ամենակաևորը՝ խաղաղ երկինք»,- նշեց Օքսանա Գոլիկը:

Միջոցառման ընթացքում ռազմակայանի մի շարք ծառայողներ ՌԴ պաշտպանության նախարարի հրամանագրով արժանացան բարձր կոչումների ու շնորհակալագրերի:

Գլխավոր թեմաներ