06:48 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Овсеп Симонян

Գեներալից հետո ֆինանսիստ. ո՞վ է Շիրակի մարզպետի ՀՅԴ թեկնածուն

© Aravot
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19420

2012 թվականին Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ Հովսեփ Սիմոնյանն այս անգամ Շիրակի մարզպետ է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոսյան. Հանրապետության ամենաբարդ ու հոգսաշատ մարզը համարվող Շիրակի համար Հովսեփ Սիմոնյանը, թեև նոր մարդ չէ, և շատերը նրան ճանաչում են որպես նվիրյալ դաշնակցականի և լավ ֆինանսիստի, այնուհանդերձ գյուրեցիները վստահ են, որ ժամանակը ցույց կտա, թե Դաշնակցության ներկայացուցիչն ինչպես կկարողանա իրեն որպես մարզպետ դրսևորել:

«Բոլորը պետք է նոր մարզպետի կողքին լինեն ու աջակցեն նրան: Այս պահին հնարավոր չէ կարծիք հայտնել, եթե մարդկային առումով կարող ենք ասել, որ լավ մարդ է, աշխատասեր ու ձգտող, ապա աշխատանքի համար պետք է գոնե 100 օր անցնի: Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա, պետք է սպասենք ու օգնենք: Լավ արդյունքի հասնելու համար թիմային աշխատանք է պետք»,- նշեց քաղաքապետարանի աշխատակից Մկրտիչ Ճարտարյանը:

Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը վստահեցրեց, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են աջակցել նոր մարզպետին։

«Մենք ողջունում ենք նոր մարզպետին՝ նրան մաղթելով ստեղծագործ աշխատանք: Աջակցություն կցուցաբերվի համատեղ աշխատանքի համար»,- ասաց փոխքաղաքապետը:

Մինչ նորանշանակ մարզպետը կներկայացվի մարզին, Ֆելիքս Ցոլակյանը փետրվարի 25-ին վերջին աշխատանքային օրն է անցկացրել մարզպետարանում: Նա 2013 թվականի մարտի 7-ին էր նշանակվել Շիրակի մարզպետ, իսկ մինչ այդ զբաղեցրել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի, ՀՀ նախագահի խորհրդականի, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները: Ֆելիքս Ցոլակյանն այն եզակի մարզպետներից է, որին սիրել ու ընդունել էր շիրակցին:

«Ֆելիքս Ցոլակյանն իրոք եզակի, ընտիր մարզպետ էր՝ հարգված ու ընդունված ոչ միայն գյումրեցու, այլև մարզի մյուս համայնքների բնակիչների կողմից: Իսկապես «գեներալ գուբերնատոր» էր, ինչպես գյումրեցին է ասում՝ շիրակցուն հասկացող, շիրակցու դարդն ու ցավը կիսող: Ճիշտ է` դեռ չգիտենք նոր մարզպետն ինչ կանի, բայց Ցոլակյանը մեծատառով մարդ էր»,- նշեց գյումրեցի Արարատ Ծատուրյանը:

Գյումրեցիներ հուսով են, որ ՀՅԴ թեկնածուն գոնե այս անգամ կկարողանա ի կատար ածել դեռ 2012 թվականի իր՝ «Անցյալի լույսը նորից կվառեմ» կարգախոսը:

 

 

Գլխավոր թեմաներ