17:57 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Суд над рядовым РФ Валерием Пермяковым

Փաստաբան. Պետք է հարցաքննվեն Պերմյակովի ծառայակիցներն ու հրամանատարը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Դատարանը հստակեցնելու է Վալերի Պերմյակովի ծառայակիցների, այդ թվում նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պնդում են, որ հարցաքննեն Վալերի Պերմյակովի ծառայակիցներին ու հրամանատարին։

«Պետք է մինչև վերջ պնդենք, որ հարցաքննվեն Պերմյակովի ծառայակիցները, ովքեր էական նշանակության ցուցմունքներ են տալու նրա վերաբերյալ»,-Վալերի Պերմյակովի գործով դատական հերթական արտագնա նիստի ավարտից հետո նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Վալերի Պերմյակովի գործով արտագնա հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 11-ին: Դատարանն ըստ օրենքի կդիմի ռուսական կողմին՝ այդ 7 վկաների գտնվելու վայրն ու հասցեները պարզելու նպատակով, ապա կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ՝ նրանց դատարան կանչելու ուղղությամբ:

«Դա բարդ խնդիր չէ: Այն անձիք, ովքեր զորացրված չեն, հրամանատարության համար խնդիր չէ՝ իր զինծառայողի ներկայությունն ապահովվել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմակայանի տարածքում անցկացվող դատական նիստին, իսկ նրանք, ովքեր զորացրված են, պետք է պարզել նրանց հասցեներն ու ծանուցել: Օրենքի պահանջն է դա»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Դեռ փետրվարի 5-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Հարություն Մովսիսյանը նշեց, որ նիստից առաջ դատարանը 102-րդ ռազմակայանից գրություն էր ստացել, որ դատակոչված Անդրեյ Նիկիշինը և ևս 6 վկա այլևս ռազմակայանում չեն՝ կամ զորացրվել են, կամ դուրս են գրվել զորամասի անձնակազմի ցուցակից՝ 2015 թվականի օգոստոսի 15-ից: Փաստաթուղթը ստորագրել էր ռազմակայանի հրամանատար Վլադիմիր Ուստինովը: Փաստաթղթին կից դատարանին էր ներկայացվել քաղվածքներ հրամանից:

«Դեռ առաջին դատական նիստի ժամանակ ներկայացվեցին դատակոչված այդ 7 անձի հետ կապված հրամաններն այն մասին, որ նրանց մի մասը զորացրվել էր, մյուսը մասն էլ` ծառայության տեղափոխվել այլ վայրեր: Կարծում եմ, որ պետք է մինչև վերջ պնդենք, որ այդ անձիք հարցաքննվեն, քանի որ նրանց շարքում են և՛ Պերմյակովի ծառայակիցները, ովքեր էական նշանակության ցուցմունքներ են տալու նրա վերաբերյալ, և՛ ամենակարևորը՝ նրա անմիջական հրամանատարը՝ Նիկիշինը, եղել է այն անձը, որը գնացել է Չիտա, ընտրել է Պերմյակովին որպես լավագույն զինվոր, բերել-հասցրել Հայաստան, բացի այդ, դեպքի օրը, երբ Պերմյակովը լքել է ռազմակայանի տարածքը, ինքն է եղել վերակարգի հրամանատարը: Այդ առումով շատ կարևոր վկաներ են և պետք է փորձել ապահովվել նրանց ներկայությունը դատարանում»,-նշեց Երվանդ Վարոսյանը:

Հաջորդ դատական նիստին դատարան ներկայանալու համար կծանուցվի նաև 2012 սահմանապահ ջոկատից դատակոչված վերջին վկան՝ Ռոմիկ Խաչատրյանը, որն այս պահին արձակուրդում է:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

Գլխավոր թեմաներ