05:55 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Папаг Алоян

Մարդիկ իրենց տեսակով կա՛մ տեր են, կա՛մ ճորտ ու ստրուկ

Adrine Torosyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
116420

Փափագ Ալոյանը (ԱԼՓԱ) գեղանկարիչ է, բանաստեղծ, երաժիշտ, բազմամյա մանկավարժ։ Ապրում ու ստեղծագործում է Լոռիում։ Ստեղծագործությունները խորն են ու բազմաժանր

Ադրինե Թորոսյան, Sputnik.

«Մարդկային հարաբերությունների մեջ խժդժություն գցող այդ սրիկան թվաբանությունն է»:

«Որտեղ կա նվիրում, այնտեղ թվաբանությունը գործ չունի»:

«Ե՞րբ է կնոջ պատրաստած հացը համով: Երբ նրա ունքամեջը բաց է: Ե՞րբ է կնոջ ունքամեջը բաց։ Երբ նա գեղեցիկ է: Ե՞րբ է կինը գեղեցիկ։ Երբ նրան սիրում են»:

«Խենթությունը՝ գետ, խոհեմությունը՝ ափ, լավ բան մի սպասիր, երբ գետը դուրս է գալիս իր ափերից. գետը հզոր է իր ափերով»:

«Ոչ մի լավ մարդ և բարի գործ անպատիժ չեն մնում, սակայն մեծ է նա, ով մնում է «անուղղելի»:

Սրանք Փափագ Ալոյանի ասույթներից են, խտացված մտքերից: Oրինակ վերջինը նա հետևյալ կերպ է մեկնաբանում. «Անուղղելին՝ չակերտների մեջ, դա գալիս է իմ հորից. երեխա ժամանակից հայրս ինձ խրատում էր, որ անեմ ամեն լավ բան, ինչ կարող եմ՝ առանց նայելու՝ դիմացինը կհասկանա՞, դրակա՞ն կպատասխանի, գո՞հ կմնա, թե՞ դժգոհ: Ես ասում էի՝ չեմ կարող այդպես, մեկ կանեմ, երկու, հետո կտեսնեմ, որ դիմացինս ապերախտ է, էլ չեմ անի, ասում էր՝ չէ, պիտի անես. հայրս այդ առումով «անուղղելի» մարդ էր: Տարիների ընթացքում հասկացա, որ ես էլ պիտի ձգտեմ դրան: Որոշ չափով կարողացել եմ հասնել, իհարկե ոչ հորս չափ, ինքը իրոք մեծ էր»:

Փափագ Ալոյանի կյանքի փիլիսոփայությամբ՝ մարդիկ իրենց տեսակով կա՛մ տեր են, կա՛մ ճորտ ու ստրուկ:

«Ովքեր տեր են,-ասում է Փափագ Ալոյանը,-ափսոս, որ նրանց թիվը քիչ է, նրանք երբեք ծառի ճյուղը չեն ջարդի, չեն կեղտոտի փողոցը, չեն գողանա, ձեռքի եղածը չեն թափի այստեղ-այնտեղ, որովհետև տեր են, իրենցն է դա: Ովքե՞ր են հայրենիքի պաշտպան դառնում, հերոսանում հայրենիքի համար. տերե՛րը: Դաստիարակությունը նշանակություն ունի, բայց հենց մի փոքր անկյունը շեղվեց, անմիջապես գենն է խոսում՝ ստրուկը իր ստրկությունը պետք է անի, ճորտը՝ իր ճորտությունը. իրենը չի, ուրեմն կարող է ջարդել, փչացնել, ամեն ինչ էլ կարող է անել, որովհետև նվիրվելու հատկություն չունի: Իսկ եթե ներքուստ մարդն իրեն տեր է զգում, ուզի-չուզի՝ նվիրվում է, ապրում է նվիրումով, տեր է՝ այս փողոցին, այս սարերին, այս աշխարհին: Պետք է նվիրվես, պետք է տաս, որ ստանաս: Նյուտոնի օրենքով էլ չէ՝ ինչ ուժով մենք երկիրը հրում ենք դեպի հետ, նույն ուժով մեզ առաջ է տանում, եթե թափով ենք հրում, ուրեմն վազում ենք»:

Գեղանկարիչ Փափագ Ալոյանի կտավներում՝ բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ ու ընդհանրապես նրա գունաշխարհում, գույները տաք են, երանգները՝ մեղմ, լույսը՝ առատ, և առօրյա գորշ իրականության հետ իր լուսառատ արվեստը ներդաշնակելու կարողությունը արվեստագետ-էսթետը դարձյալ գենով ու մարդկային տեսակով է պայմանավորում:

«Ես աշխատում եմ չկորցնել իմ հեքիաթը, չխճճվել մութ ու անպաճույճ բաների մեջ: Ես մնամ «ես»: Նկարիչը ինչ որ անում է, եթե չի կեղծում, չի սարքում, ուրեմն հոգու ներսում եղածն արտահայտվում է կտավի վրա: Դա ինձնով չի պայմանավորված, ոչ էլ դաստիարակությամբ, գալիս է իմ ապուպապերի գենից, մարդու տեսակը պիտի լինի: Գաղտնիք չկա, պիտի կարողանաս ուրախանալ, ուրիշի լավը տեսնելով՝ ուրախանաս: Տարիներ առաջ երեխա էինք, ֆուտբոլ էինք խաղում երկու թաղով, գրազով: Մեր հակառակորդ թիմը մի հրաշալի գոլ խփեց, շատ սիրուն, ես էլ վազեցի շնորհավորելու, մեր թաղի տղերքը խռովեցին ինձնից, թե՝ գնացել, նրանց ես շնորհավորում: Այ տղա, ֆուտբոլ է էլի, ինչ էական է՝ հաղթեցինք-պարտվեցինք, բայց տեսա՞ք` ինչ սիրուն գոլ խփեցին, քեֆս եկավ, բա չշնորհավորե՞ս: 50 տարի է անցել, ես այդ գոլը հիշում եմ՝ այնքան սիրուն էր»:

Փափագ Ալոյանը մարդկային գոյության մասին իր մտորումներն ամփոփում է ամեն տարի հառնող, վերածնվող ու շարունակվող գարուններում:

«Առաջին հայացքից ասում ես՝ ինչ լավ կլինի ամբողջ տարին 20-25 աստիճան տաքություն լինի, ոչ ձմեռ, ոչ ցուրտ, բայց չէ, մարդուն մի քիչ զգաստացնողը նաև այս կլիմաներն են: Մարդը պետք է գիտակցի, որ կյանքի մեջ ձմեռ էլ կա, այսինքն դժվար օրեր կան, Ջիվանին ինչպես էր ասում՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»: Գարուն է գալու, ու սպասում ենք մենք դրան, որ գալիս է, ուրախանում ենք, դա քիչ խթան չէ մարդու համար, երբ ցուրտ ձմռանը հաջորդում է գարունը: Հետո ամառն է գալիս, ծաղկում է ամեն ինչ, ծաղիկը պտուղ է տալիս, աշնանը մենք ըմբոշխնում ենք տիեզերքի պարգևած այդ պտուղները՝ բոլոր իմաստներով՝ և բնական, և փոխաբերական՝ հարսանիքներ են լինում, չանցած մեկ տարի՝ նաև բալիկներ են ծնվում, երիտասարդները ծնող են դառնում, նրանց ծնողները՝ տատիկ-պապիկներ, և ուրախանում ենք այս ամենով, կյանքը շարունակվում է: Գարունը խիստ է անհրաժեշտ, խիստ»:

 

 

 

 

Գլխավոր թեմաներ