11:26 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Эчмиадзин

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը

© Ejmiatsin
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը, հայտնում է ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի կայքը:

Տոնի անվանումն առաջացել է Զատկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները:

Ավանդության համաձայն՝ Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Սբ. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթևացու մեկնության համաձայն` բացի հրեշտակաց ամենաստորին դասից, որոնք էլ հենց ծառայում էին Քրիստոսին Նրա երկրավոր կյանքում, հրեշտակների մյուս դասերը չգիտեին Տիրոջ փրկարար տնօրինության մասին մինչև Համբարձումը:

Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, — կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9):

Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: Երկրորդ Ծաղկազարդը քրիստոնյաներին վերստին հիշեցնում է Քրիստոսի Համբարձումը և մահվանից հետո երկնքում, Աստծո ներկայությամբ երանություն վայելելու հույս պարգևում:

 

 

Գլխավոր թեմաներ