20:32 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Իվետա Մուկուչյան

Իվետա Մուկուչյան. «Թիմբերլեյքի համար ես լավագույնն էի»

© Sputnik/ Арам Нерсесян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
238 0 0

Իվետա Մուկուչյանի «Սիրո ալիքը» ողողեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Հայ երգչուհին հիացրեց իր վոկալային տվյալներով ու գեղեցկությամբ

Մրցույթում 7-րդ հորիզոնականը զբաղեցրած Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել Sputnik Արմենիային։ Զրույցը վարել է «Արտբոքս» հաղորդման հեղինակ Կարեն Ավետիսյանը։

– Իհարկե գիտենք, որ Ստոկհոլմի բեմ «ներխուժած» սիրո ալիքի հեղինակը Իվետա Մուկուչյանն էր։ Սիրո ալիք ասելով` մենք բառացի թարգմանում ենք երգի անունը, բայց գիտենք, որ այն նաև այլ իմաստային կոդ ունի իր մեջ։

– Այո, սիրո ալիքը նաև երկրաշարժի առաջին ալիքն է, որն անվանել են գիտնական Էդուարդ Լավի (Augustus Edward Hough Love) անունով։ Նա մակընթաց ալիքների տեսության հեղինակն է։ Ճիշտն ասած` երբ ես երգը գրեցի ու իմ մտքում հայտնվեց «Love wave» արտահայտությունը, ես դրա մասին դեռ չգիտեի, հետո կարդացի, տեղեկություններ հավաքեցի և հասկացա, որ «Love wave»-ը ճիշտ է ընտրված, քանի որ ուզում էի այդ երկրաշարժի էներգիան և ուժы  դնել սիրո զգացողության մեջ, համեմատել դրանք։

- «Եվրատեսիլին» մասնակցելուց առաջ, երբ դուք պարզապես հանդիսատես էիք, ինչպե՞ս էիք վերաբերվում մրցույթին, և այդ վերաբերմունքը փոխվե՞ց մասնակցությունից հետո։

– Սա ամենամեծ երաժշտական մրցույթն է, որն ավելի քան 200 մլն մարդ է դիտում։ Կարծում եմ` արտիստի համար բավականին մեծ հնարավորություն է իրեն ու երկիրը ներկայացնելու համար։ Միշտ հարգանքով եմ վերաբերվել մրցույթին։ Երաժշտական տեսանկյունից, անկեղծ ասեմ, միշտ չէ, որ կողմ եմ եղել կամ սիրել եմ, որովհետև հիմնականում եվրափոփ երգեր են հնչում, բայց չի բացառվում, որ ուրիշ…

- Չի բացառվում, բայց որպես կանոն` երգի ինչ-որ կարծրացած ձևաչափ կա։

– Այո, կա, հենց այդ պատճառով, մենք որոշեցինք նույնը չանել։ Երգի կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը հենց սկզբից ամբողջական կերպար է ունեցել, թե ինչպես է ինձ ուզում տեսնել բեմում։ Այս դեպքում մեծ դեր ունեցավ մեր վաղեմի ընկերությունը։ Նա ինձ շատ լավ ճանաչում է, և կարծում եմ` նրա մտահղացումը ստացվեց։

- Որո՞նք են արդար մրցույթի չափորոշիչները։

– Իմ կարծիքով` ժողովրդի կարծիքն ամենակարևորն է։

- Բայց մյուս կողմից էլ ժողովուրդը տարբեր շերտերից է բաղկացած, իսկ ժյուրին արդեն զտված է։

– Ես կցանկանայի, որ ժյուրիի կազմում ոչ թե ամեն երկրից ընտրված մարդիկ լինեին, որոնց մենք կա՛մ ճանաչում ենք, կա՛մ չենք ճանաչում, այլ լինեին տարիների փորձ ունեցող ու երաժշտական աշխարհում հայտնի մարդիկ, օրինակ` Շառլ Ազնավուրը, Բիոնսեն կամ ինչ-որ երաժշտական պրոդյուսեր, օրինակ`Sony production-ի ղեկավարը։ Եթե ժյուրիի կազմում նման մասնագետներ լինեին, կարծում եմ, որ նրանց քվեարկությունը երբևէ քննարկման թեմա չէր դառնա։

- Եթե հայ պատվիրակը հաղթի «Եվրատեսիլում», մեր երկիրն ի վիճակի՞ է այդ մրցույթն անցկացնել Հայաստանում։

– Հայաստանը կարող է «Եվրատեսիլը» կազմակերպել մեր երկրում, որովհետև, օրինակ, Ստոկհոլմի դահլիճն այդքան մեծ չէ, որքան երևում է հեռուստացույցի էկրանից։ Երևանի մարզահամերգային համալիրից մեծ չէ։ Բացի այդ, չի բացառվում, որ հենց Եվրատեսիլի կազմակերպիչները մեկնեն այդ երկիր և օգնեն, որ մրցույթը պատշաճ կերպով անցկացվի։

- Բուռն քննարկման թեմա դարձավ նաև Ձեր բեմական հագուստը։ Խոսվեց հայեցի լինել–չլինելու մասին։ Ձեր պատկերացումներով` որտե՞ղ է հայեցիության և ոչ հայեցիության սահմանագիծը։

– Երբ բարձրանում եմ բեմ, ես առաջին հերթին արտիստ եմ, և արտիստը բեմի վրա չպետք է մտածի հագուստի մասին։ Պետք է ամեն ինչը համահունչ լինի երգին ու բեմադրությանը, այդ դեպքում նման հարցեր չեն ծագում։ Իսկ ինչ վերաբերում է գրառումներին, ասեմ` ինձ հասնում էին այդ մեկնաբանությունները, և ես ժպտում էի, որովհետև այդ կարծիքները կապ չունեին իմ արտիստական որակի հետ, ինչը Հայաստանում շատ մեծ բան է, որովհետև գիտեք` հայերը սիրում են քննադատել, և ես պարզապես շատ շնորհակալ եմ, որ հայերն ամուր իմ կողքին էին և եթե անգամ մեկն ասում էր` աչքի վերևը ունք կա, հայերն ինձ պաշտպանում էին և թիկունք կանգնում։ Իսկ ինչ վերաբերում է հագուստին։ Ի՞նչ վատ էր։ Թեմա էր, մարդիկ խոսեցին, քննարկեցին, մենք շատ զվարճալի պահեր ունեցանք այդ մեկնաբանությունները կարդալու ընթացքում, և եթե այդ կարծիքները կապ ունենային իմ աշխատանքի հետ, բնականաբար, ես ավելի խիստ կմոտենայի այդ ամենին, ավելի լուրջ կվերաբերվեի այդ հարցին։

- Գրառումները Ձեզ չվիրավորեցի՞ն։

– Ամենևին։ Ձեզ հարց տամ`հիմա մարդիկ ի՞նչ են ասում։ Կարևորը դա է։ Կարծում եմ` ելույթից հետո մեծամասնությունը գոհ է, որովհետև հասկացան, որ ամբողջ կերպարն ու ելույթն իսկապես համահունչ էին։

- Մրցույթի ավարտից հետո հիասթափության պահեր չունեցա՞ք։

– Անկեղծ ասեմ, երբ ելույթը վերջացավ, քվեարկությունը վերջացավ, բոլորս լուռ էինք։ Պետք էր հասկանալ, թե ինչ է կատարվում, ժողովուրդն ինչպես ընդունեց, հեռուստացույցից այն կողմ ինչպես ներկայացվեց այդ ամենը։ Երբ վերադառնում էինք Հայաստան, զգացողություններս խառն էին, բայց երբ Հայաստան հասա, մարդիկ ինձ շատ ջերմ ընդունեցին։ Բնականաբար բոլորս ուզում էինք մի քանի հորիզոնականով բարձր տեղ զբաղեցնել, և բոլորն էլ կարծում էին, որ մենք արժանի էինք դրան։ Բայց, ի վերջո, ինձ թվում է ամբողջ ազգը և ես մի տեսակ գոհ ենք ելույթից։ Յոթերորդ հորիզոնականը կարևոր չէ, կարևորը` գոհ ենք այս տարվա մեր մասնակցությունից։

- «Եվրատեսիլը» նոր ուղի կբացի՞ Ձեզ համար։

— Ամեն ինչը կախված է արտիստից։ Այնտեղ շփվումները շատ են, բոլորն իրար տվյալներ են փոխանակում։ Ինձ էլ շատերը մոտեցան` պրոդյուսերներ Անգլիայից և Գերմանիայից, բայց ես հիմա չեմ նստում և ասում` վայ, ես այս մարդուն իմ կոնտակտը տվել եմ, սպասեմ, տեսնեմ` երբ է զանգելու ու ինձ ինչ-որ բան առաջարկի։ Պետք չէ այդպես մոտենալ։ Արտիստից է կախված, թե ինքն ինչպես է ներկայացել, նա, կոպիտ ասած, կա՛մ կպնում է ժողովրդին, կա՛մ ոչ։ Ես բարեբախտաբար կարող եմ ասել, որ իմ դեպքում կարծիքները շատ դրական են եղել։ Ժողովուրդն այնքան դրական էներգիա տվեց ինձ, որ ես որպես արտիստ` իրականում պարտավոր եմ ստեղծագործել և շարունակել, և կապ չունի` ինձ որևէ մեկը ձեռք կմեկնի՞, կօգնի՞, թե ոչ։

– Սեքսուալ արտիստների դեպքում հասարակությունը սովորաբար երկրորդ պլան է մղում ներքին «բովանդակությունը»…

– Կարծում եմ` ես այդ փուլը վաղուց եմ անցել։ Երբ նոր էի եկել Հայաստան, կային այդպիսի կարծրատիպեր, որ վա՜յ, ոտքերն այնքան երկար են, ինչ սիրուն աղջիկ է, բայց ոչ ոք չէր քննարկում այն հարցը, թե այդ աղջիկը կարող է երգել, թե ոչ։ Սկզբում դա ինձ խանգարում էր, ասում էի` լավ, մարդիկ ինչու՞ չեն լսում, թե ինչ ասելիք ունեմ։ Տարիների ընթացքում ես այնքան եմ հասունացել, որ հասկացել եմ` ոտքերը բոնուս են, արտիստն ամբողջովին «պրոդուկտ» պետք է լինի։ Եթե իմ տեսքն այնքան էլ լավը չլիներ, ինձ համար ավելի դժվար կլիներ մարդկանց հասնելը։ Կարծում եմ` մարդիկ արդեն հասկացել են, որ ամեն ինչ միայն այդ սեքսուալ տեսքով չի սահմանափակվում։

- Ու՞մ կարծիքն է Ձեզ համար անչափ կարևոր։

– Բնականաբար իմ ծնողների։ Որովհետև նրանք ինձանից լավ ու շուտ տեսան իմ պոտենցիալը և հավատացին այդ ամենին։ Պահեր կային, որ ես ասում էի` ես երգչուհի չեմ, հայրս ասաց` դու քո դիզայնի ակադեմիան թողնելու ես և գնալու ես կոնսերվատորիա, որովհետև դու ծնվել ես բեմի համար։ Երաժշտական ոլորտում ես բարձր եմ գնահատում Լեյբըլների կարծիքը, Յունիվերսըլի, Էմմի ռեքորդսի… Այնտեղ, օրինակ, ինձ մի մարդ մոտեցավ Յունիվերսալից և ասաց` ես քեզ տեսնում եմ Ազնավուրի հետ երգելիս։ Մի քիչ ամաչեցի, դա շատ մեծ հաճոյախոսություն էր։ Ինձ մոտեցավ Ջասթին Թիմբերլեյքը և շատ դրական խոսքեր ասաց, ինչը, ցավոք, դուք չտեսաք հեռուստացույցով կամ ինտերնետում։
Ասաց, որ իմ ելույթն ամենալավն էր։ Դա ինձ համար, բնականաբար, արդեն հաղթանակ էր, դրանից հետո ինձ համար ամեն ինչ մեկ էր։ Բայց ընդհանուր առմամբ բնականաբար ես գնահատում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր որոշումներ են կայացնում երաժշտական աշխարհում։

– Դուք հանդես եք եկել որպես դերասան, որպես մոդել ու երգիչ։ Ձեր կարիերան շարժվում է տարբեր ուղղություններով, միմյանց զուգահեռ։ Այդպիսի օր կգա՞, որ կենտրոնանանք այդ ուղղություններից մեկի վրա։

– Արդեն կենտրոնացել եմ։ Ես երբեք ինձ մոդել չեմ համարել։ Կարծրատիպ է առաջացել, որ ես մոդել եմ, բայց ես մոդել չեմ։ Փորձեր արել եմ, պարզապես` սիրողական։ Երբ դու արտիստ ես, լինում է, որ դու աչքիդ առաջ պատկերներ ես ունենում, ու դա չի սահմանափակում միայն երաժշտությամբ։ Ես նաև կինոսցենարներ եմ տեսնում իմ մտքում, ինչ- որ ֆոտոսեսիաներ… Կարծում եմ` բոլոր ստեղծագործող մարդիկ ինձ կհասկանան, և այդ պատճառով ամեն ինչը երաժշտությամբ չի սահմանափակվում։ Ես մեծ սիրով նորից կնկարահանվեմ կինոյում, միշտ կշարունակեմ նորաոճ ֆոտոսեսիաներ անել, որովհետև իմ կերպարն էլ է փոխվում։ Եթե ուզում եմ կերպարանափոխվել, ամբողջովին եմ դա տեսնում` թե՛ երգի մեջ, թե՛ հագուստի, թե՛ մազերի։ Դա ստեղծագործական հոգի է։
Իրականում մի բարդույթ ունեմ, ես առանց վախենալու անում եմ ամեն ինչ, բայց հետո վախենում եմ ինքս ինձ տեսնել կամ լսել էկրանին։ Սկսում եմ դողալ, քրտնել…

- Բարդույթից ձերբազատվեցի՞ք հենց այս պահին։

– Մի քիչ։ Իմ բախտը շատ բերել է, որ ես կինոլորտի առաջին քայլերն արել եմ հենց Մկրտիչ Արզումանյանի հետ և նրա նկարահանման խմբի հետ։ Ես Մկոյից շատ բան սովորեցի։ Ես Իտալիայում էի, նա` Հայաստանում, մենք Սկայպով 4-5 ժամ նստած փորձեր էինք անում, և ինձ համար դա հսկայական պատիվ էր։ Ես այդ կինոյից հետո կարող էի ասել, թե գործ չունեմ այդ ոլորտի հետ, բայց նա իմ մեջ իսկապես մի նոր բան արթնացրեց։ Ես ծարավ եմ, իրոք ծարավ եմ, շատ կցանկանայի ավելի լուրջ դերեր ունենալ կինոյում։ Կարծում եմ, որ իմ դերասանական մակարդակը դեռ չի հասել այդ որակին, բայց դեմ չեմ նաև ինչ-որ կերպ զարգացնել այդ ուղին։

- Կարո՞ղ եք նշել արվեստի որևէ ստեղծագործություն, որն անչափ տպավորել է Ձեզ։

– Վերջերս նայեցի «Էմմի» ֆիլմը` էմմի Վայնհաուսի մասին։ Վավերագրական ֆիլմ էր։ Նշեմ, որ այս պահին իմ ալբոմի վրա եմ աշխատում, համարյա պատրաստ է։ Ես այդ ֆիլմը նայեցի ընկերներիս հետ, բոլորը գնացին քնելու, ես նստեցի ու շարունակեցի գրել։ Այդ կինոյից հետո մի ուրիշ անկեղծ անկյուն բացվեց իմ մեջ, իմ խոսքերը վերանայեցի, փոխեցի, ու դրանք մի շերտով ավելի անկեղծացան։

- Ձեր կարծիքով` այսօր Հայաստանում մշակույթն ամենից շատ ինչի՞ կարիք ունի։

– Ես կցանկանայի, որ մշակույթում ամեն ինչ ճիշտ պրոպագանդվեր, PR-ը ճիշտ արվեր, և ամեն ինչը ճիշտ մատուցվեր աշխարհին, բացի այդ ես կցանկանայի, որ…. Մարդիկ անկեղծության կարիք ունեն։ Այս մայիսը ես կհամարեմ սիրո ալիքի ամիս։ Այնպիսի տպավորություն է, որ բոլորը դրական սիրո, անկեղծ էմոցիաների կարիք ունեն։ Արտիստը, պարտավոր է անկեղծ լինել և իր պատմությունը պատմել ժողովրդին։ Կարծում եմ` հայ ազգն այդ անկեղծ սեփական պատմությունների կարիքն ունի։

 

Գլխավոր թեմաներ