12:56 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Հայաստանի հանրային ռադիո

Հանրային ռադիոն՝ 90 տարեկան երիտասարդ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Հայաստանի հանրային ռադիոն այս տարի նշում է իր 90-ամյա տարեդարձը: Գրեթե մեկդարյա պատմություն ունեցող լրատվամիջոցն այսօր ունկնդիրներին է ներկայացել ամենաժամանակակից ու երիտասարդ տեխնիկական միջոցներով:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հանրային ռադիոն այսուհետև Ալեք Մանուկյան փողոցով անցնողներին ողջունելու է իր ոսկե ֆոնդի ձայնագրություններով:

Հիմնովին վերանորոգված ու արդիականացված ռադիոտան շենքի դիմաց տեղադրվել է քանդակագործ Դավիթ Մանուկյանի` եթերը խորհրդանշող արձանը:

«Այսպիսի հնչեղ արձան Երևանում չի եղել»,-այսօր ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանն ու նշեց, որ այն խորհրդանշում է հայկական ռադիոյի 90 և հեռուստատեսության 60-ամյակը՝ ներկայացնելով ռադիոլսող ու հեռուստացույց դիտող հայկական ընտանիքը:

Армянское общественное радио
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի հանրային ռադիո

Դե իսկ հայկական ռադիոյի ստեղծագործական ընտանիքը, Հանրային ռադիոյի ղեկավարի խոսքով, այսօր արդեն նախապատրաստվում է նոր եթերաշրջանին:

Արման Սաղաթելյանը նշեց, որ ռադիոեթերը համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների շուրջ 20 նոր ծրագրով: Բայց ռադիոյի ղեկավարությունը հատկապես կարևորում է ռադիոլսողի հետ հետադարձ կապի անհրաժեշտությունը:

«Հաղորդումների զգալի մասը հեռարձակվելու է ուղիղ եթերում, իսկ դա նշանակում է, որ ունկնդիրն ուղիղ եթերին միանալու հնարավորություն է ունենալու, կարողանալու է հարց ուղղել փորձագետին, պատասխանատու անձին և միանգամից ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը»,- ասաց Սաղաթելյանը:

Պատկառելի տարիքի հասած հայաստանյան ռադիոն, սակայն, այսօր շատ ավելի երիտասարդ է իր շատ կրտսեր գործընկերներից: Հեռարձակման ամենաժամանակակից տեխնիկայով աշխատող ռադիոն երեկվանից անցել է նաև թվային հեռարձակման, ինչը նշանակում է, որ ռադիո լսելու հնարավորություն այսուհետև կունենան թվային հեռուստացույց ունեցող բոլոր ընտանիքներում:

Բայց թվային տեխնիկայի դարում հայաստանյան հեռուստառադիոյի հնաբնակները դեռ կարոտում են արդեն պատմություն դարձած իրենց առաջին քայլերը ռադիոյի ու հեռուստատեսության աշխարհում:

Հանրային ռադիոյի եթերային բաժնի ղեկավար Կառլեն Չախոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեց, թե ինչպես է 40 տարի առաջ 22 տարեկանում ոտք դրել հեռուստատեսություն, որտեղ դեռ աշխատում էին անցյալ դարի մեծ ու ծանրաքարշ նկարահանման ու ձայնագրման տեխնիկայով: Ու թեև այսօրվա թվային տեխնիկան շատ ավելի պարզ ու մատչելի է, բայց մեր զրուցակիցը կարոտով է հիշում իրեն հարազատ դարձած հինը, ճիշտ այնպես, ինչպես կարոտում է եթերից հեռացած իր հին գործընկերներին:

Армянское общественное радио
© Sputnik / Asatur Yesayants
Հայաստանի հանրային ռադիո

Հանրային ռադիոյի հնաբնակներից այսօր եթերում աշխատողներն այնքան էլ շատ չեն, բայց նախկինի պես սիրված ու սպասված են իրենց հավատարիմ ունկնդիրների կողմից: Այսօր արդեն վաստակավորի կոչում ունեցող հաղորդավար Սարգիս Նաջարյանն արդեն 45 տարի անդավաճան նվիրումով աշխատում է հանրային ռադիոյի եթերում ու ամեն առավոտ ազդարարում. «Խոսում է Երևանը»:

Սարգիս Նաջարյանը խոստովանում է, որ ինքն էլ դժվարությամբ է հարմարվում ռադիո մուտք գործած նոր տեխնիկական միջոցներին, բայց ռադիոյի նկատմամբ սերը երբևէ թույլ չի տվել մտածել այնտեղից հեռանալու մասին:

«Երկու մասնագիտություն ունեմ, եթե չսիրեի ռադիոն, վաղուց հեռացած կլինեի, բայց երբեք այդ մասին չեմ էլ մտածել»,- ասում է նա:

Հանրային ռադիոյի նվիրյալների պատվին Ալեք Մանուկյան փողոցում նաև «Նվիրյալների արահետ» է բացվել, որտեղ տեղադրված 90 հուշատախտակներից 30-ն արդեն կրում են այս բնագավառի հայտնի անունները, 60-ը դեռ սպասում են նոր արժանավորների:

90-ամյակի կապակցությամբ երեկ Հանրային ռադիոյում էր հյուրընկալվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ծանոթացել ռադիոընկերությունում կատարված աշխատանքներին, ռադիոյի մի խումբ աշխատակիցների պարգևատրել մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով, շնորհակալագրերով, պատվավոր կոչումներով:

© Sputnik / Ասատուր Եսայանց
Հայաստանի Հանրային ռադիոն 90 տարեկան է

Գլխավոր թեմաներ