07:53 19 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Թերթեր

Մամուլ. Վարչապետի «զոհաբերումը», Կարապետյանի «դաբրոն» ու համաներման նախագիծը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20300

Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 8-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանն ու վարչապետը հանդիպել են. ինչո՞ւ կրկին «զոհաբերվեց» Հովիկ Աբրահամյանը

«Ժողովուրդը» գրում է. «Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձևավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաև բոլոր մյուս նախարարները:

Նկատենք, որ սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի Հայաստանի ամենաբարձր պաշտոններից՝ հանուն կուսակցության: Ինչո՞ւ, որովհետև խոսվում է, որ Աբրահամյանը գլխավորելու է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների` ՀՀԿ նախընտրական շտաբը, եթե, իհարկե, երիտթևը նաև այդ հարցով խարդավանքներ չհյուսի Աբրահամյանի դեմ:

Երիտթևի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, և իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»»: Այսպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի համար ամենակարևոր պահին, երբ իշխանության նկատմամբ անվստահությունը մահացու աստիճան բարձր տոկոս է կազմում, Հովիկ Աբրահամյանը կրկին զոհաբերվեց՝ տեղը զիջելով մի մարդու, որը Երևանի քաղաքապետի պաշտոնից 2011-ին հրաժարվեց՝ Մոսկվայում առավել բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ստանալուց հետո:

Հ.Գ. Երեկ ցերեկը «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀ կառավարության հետնամուտքի մոտ նկատել է, որ Կարեն Կարապետյանը մեքենայով մտել է ՀՀ կառավարության շենք՝ թերևս հանդիպելու ՀՀ գործող վարչապետին»:

«ՀԺ». Անխնա ջարդ է սպասվում. Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի. ում ուզի պաշտոնանկ կանի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի և զբաղեցրած պոստերից կազատվեն այն նախարարները, որոնց վրա նա մատը դնի: Դա միայն ուժայիններին չի վերաբերում և արտգործնախարարությանը:

Հիշեցնենք՝ վերջիններիս իրականում որոշում է բացառապես Սերժ Սարգսյանը: Նույն շրջանակներում խոսվում էր, որ Կարեն Կարապետյանն անգամ դաշնակցական նախարարներին պաշտոնանկ անելու «դաբրո» ունի: Մեր աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում հնչելու են բավական կոշտ գնահատականներ:

Սովորաբար վարչապետին հեռացնելիս ընդունված է դա անել ավելի դիվանագիտական, մեղմ ձևակերպումներով: Այսօր, սակայն,ինչպես փոխանցում է իրազեկ աղբյուրը, հայտարարվելու է, որ տնտեսական անկում է եղել, բյուջեի թերհավաքագրում, վիճակի վատթարացում: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է նախընտրական մեծ «չիստկա» անել: Կփրկի՞ դա նրան»:

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը պաշտոնից ազատել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալին

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Խաժակ Կարայանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Վերջինս ֆիզիկոս Համլետ Կարայանի որդին է՝ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի եղբայրը։

Փորձեցինք Ա. Կարայանից ճշտել, թե որն է եղբոր պաշտոնանկության պատճառը։ Նշեց, որ այլ աշխատանքի է անցել՝ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն. «Իր պրոֆիլով է, 17 ոլորտ է, Հայաստանն այնտեղ պետք է ունենար իր ներկայացուցիչը, արդեն մեկնել է Մոսկվա և անցել աշխատանքի»:

«Հրապարակ». Որին պատժում են, որին՝ խրախուսում. կառավարության գնացող անդամների ցանկը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրերին զուգահեռ, «հրապարակվում» է կառավարության «գնացող» անդամների ցանկը։ Տեղեկություններ կան, որ, Էդվարդ Նալբանդյանից բացի, պաշտոններին հրաժեշտ կտան գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որին ուզում են փոխարինել «Իզմիրլյան կենտրոնի» տնօրեն Չարչյանով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ըստ որոշ լուրերի, ՊՆ թեկնածուներից է Վլադիմիր Գասպարյանը, որին ՊՊԾ գնդի դեպքերից հետո պատժելու փոխարեն իշխանությունը, փաստորեն, որոշել է խրախուսել»:

«Ժողովուրդ». Համաներման նախագիծը գրեթե պատրաստ է. այն աննախադեպ ընդգրկուն է լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել:

Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաև առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են:

Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչև եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը»:

Գլխավոր թեմաներ