07:53 19 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Կադր` «Կարմիր խնձորներ» ֆիլմից

Կարմիր խնձոր. հայկական ավանդույթը վրացի ռեժիսորի ֆիլմում

FB/ RedApplesFilm
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30800

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Վրաստանն այս տարի կներկայացնի ռեժիսոր Գեորգի Սիխարուլիձեի «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է հին հայկական ավանդույթի մասին։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց թեման որոշ առումներով արդիական է նաև այսօր։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ նախագիծը` «Կարմիր խնձորներ» ֆիլմը, ներկայացնում է հայկական հարսանեկան ավանդույթն ու դրա ողբերգականությունը։ Գեորգի Սիխարուլիձեն Sputnik Գրուզիային տված հարցազրույցում խոսել է ֆիլմի մասին։

Ավանդույթի համաձայն` ամուսնական առաջին գիշերից հետո փեսայի ծնողները կարմիր խնձոր են ուղարկում հարսի ծնողներին ` շնորհակալություն հայտնելով աղջկա կուսության համար։ Եթե իհարկե աղջիկը կույս է լինում։

«Կոլումբիական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետի մագիստրատուրայում սովորելու առաջին տարիներին համակուրսեցիս` պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանը, գրեց այս սցենարը, ու ես շատ հավանեցի։ Օֆելյան Հայաստանից է, և այս պատմությունը նրա համար շատ կարևոր ու հոգեհարազատ թեմա էր։ Երբ չորս տարի անց նա որոշեց նկարահանել իր առաջին ֆիլմը, ինձ առաջարկեց այդ ֆիլմի ռեժիսորը լիել», — պատմել է երիտասարդ ռեժիսորը։

Սիխարուլիձեի խոսքով` համակուրսեցու պատմության մեջ ամենից շատ իրեն հետաքրքրել են երիտասարդ զույգի հարաբերությունները։

«Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպես է նրանցից մեկը մի գիշերվա ընթացքում կարողանում երես թեքել մյուսից, ու սերը վերածվում է ատելության։ Ուզում էի ֆիլմում ներկայացնել հենց այդ պահը։ Մենք սկսեցինք աշխատել սցենարի վրա, և մի քանի ամիս անց ընտրեցինք մի տարբերակ, որն ընդունելի էր երկուսիս համար», — ասել է նա։

Георгий Сихарулидзе
FB/ George Sikharulidze
Գեորգի Սիխարուլիձե

Ռեժիսորը հայտնել է, որ 5 օր տևած նկարահանման աշխատանքներն անցկացրել են Երևանում։

«Հայաստան եկա նկարահանումներից երկու շաբաթ առաջ, որպեսզի տեղում նախապատրաստական շրջան անցնեմ», — ասել է նա։

Ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, որն ամուսնանում է սիրած տղամարդու հետ։ Առաջին ամուսնական գիշերից հետո սկեսուրը մտնում է նրանց ննջասենյակ` սավանը ստուգելու, ու տեսնում է, որ սավանի վրա հետքեր չկան։ Թեև դա ամենևին էլ չի նշանակում, որ աղջիկը կույս չէ, բայց տղան որոշում է կնոջը տանել գինեկոլոգի մոտ։

Ֆիլմի հեղինակը նշել է, որ բոլոր դերասանները Հայաստանից են, իսկ նկարահանող խմբի մեծ մասը` վրացիներ։

Исполнители главных ролей в фильме Красные яблоки и режиссер Георгий Сихарулидзе
FB/ RedApplesFilm
Ֆիլմի գլխավոր դերակատարները

«Շատ ուրախ եմ, որ մեր ֆիլմը կցուցադրվի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Երբ նկարահանումներն ավարտեցինք, ֆիլմն անմիջապես ուղարկեցինք փառատոնի ներկայացուցիչներին։ Շատ ժամանակ չանցած` Տորոնտոյից հրավեր ստացանք։ Իսկ նման մակարդակի փառատոնի հրավեր ստանալը մեծ պատիվ է։ Այնպես որ այս փուլում ինձ համար կարևորն այն է, որ հանդիսատեսը տեսնի իմ ֆիլմը։ Շատ կուզեի նաև ծանոթանալ փառատոնի պոտենցիալ գործընկերների հետ. կապ չունի` պրոդյուսեր կլինի, թե կինոգործիչ։ Հենց այդ պատճառով էլ անձամբ կմասնակցեմ փառատոնին», — ընգծել է Սիխարուլիձեն։

Տորոնտոյի կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 8-18-ը։ Այս միջոցառումն աշխարհի ամենախոշոր կինոփառատոներից մեկն է։

Սիխարուլիձեի հարցազրույցի մանրամասները կարող եք կարդալ Sputnik Գրուզիա կայքում։

Գլխավոր թեմաներ