17:32 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սամվել Մարտիրոսյան

Հայ–ադրբեջանական առաջին կիբեռկիլդիմը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը որոշել է ներկայացնել հայ հաքերության պատմությունը։ Նրա խոսքով` շատ բաներ արդեն ոչ լրատվական կայքերում են մնացել, ոչ էլ սքրինշոթներ կան, հիշողությունն էլ կարող է դավաճանել, այդ պատճառով էլ որոշել է այսպիսի շարք սկսել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Սամվել Մարտիրոսյանի` հայ հաքերության պատմությունը ներկայացնող շարքը հրապարակել է tert.am կայքը։

«Իհարկե, այսօր դժվար է ասել, թե ով կամ ովքեր էին առաջին հայ հաքերները։ Սակայն պատմության մեջ ֆիքսվել է այն օրը, երբ հայաստանյան հաքերները իրականացրել են առաջին գործողությունը, որի մասին հայտնի է դառել լայն հասարակական զանգվածներին։ Խոսքը 2000 թվականի հունվարի-փետրվարի մասին։ Այդ օրերին իրականացվել է ինտերնետի պատմության մեջ առաջին միջազգային հաքերային պատերազմներից մեկը»,- գրել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` ամեն բան սկսվեց նրանից, երբ ամերիկահայերի կողմից 1999 թվականին բացվեց քարոզչական բնույթի aliyev.com կայքը, որի վրա, ինչպես հասկանալի է, տեղադրված էր տեղեկատվություն Հեյդար Ալիևի մասին։

«Բնականաբար կայքում Ալիևը ներկայացվում էր բացասական երանգներով, որպես կոռումպացված, ոչ լեգիտիմ բռնապետ։ Այն տարիներին, երբ ընդհանուր հայկական կամ ադրբեջանական կայքերի թիվը հազիվ հասնում էր տասնյակների, սա լուրջ տեղեկատվական պատերազմի հայտարարության պես մի բան էր»,- գրում Մարտիրոսյանը։

Եվ արդեն 2000 թվականի հունվարին ադրբեջանական կողմից հետևեց պատասխանը։ Երկու հաքերային խումբ, որոնք իրենց անվանում էին Green Revenge և Hijack Team 187, հունվարի վերջին օրերին սկսեցին իրար հետևից տիրապետել հայկական մի շարք կայքերի։ Այս հաքերային հարձակումը ադրբեջանական հաքերները կոչեցին Pink Champange գործողություն։ Զոհ կայքերի մեծ մասը Հայաստանում չէին և հանդիսանում են հայկական լոբբիստական կամ Ցեղասպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների ռեսուրսներ։ Բացի դրանից, ցանկում էին լրատվական կայքեր։

Մոտ երեք օր ադրբեջանական կողմի ձեռքում էին գտնվում հետևյալ կայքերը․ www.armenian-genocide.com, www.armtv.com, www.aic.net, www.amnic.net, www.arminco.com, www.aaainc.org, www.armic.com, www.armenia.online.com, www.ancaer.org, www.armeniaemb.org,www.anca.org, www.asbarez.com, www.karabakh.com, www.armenia.com, www.armen-info.com։

Հարձակումների հետևանքում ադրբեջանցիներին հաջողվել էր հայկական կայքերի DNS-ները (չիմացողների համար՝ սա թույլ է տալիս հասցեն կցել սերվերին։ Եթե տիրապետում ես DNS-ին, կարող ես կայքի տեղը ցույց տալ ուզածդ այլ կայքը) փոխել և այցելուներին ուղղորդել դեպի սեփական էջը, ուր հայտնվում էր, որ հայերը վատն են, իսկ Ալիևը՝ հակառակը։ Երեք օրվա ընթացքում կայքերը հաջողվեց դուրս բերել ադրբեջանական տիրապետության տակից։ Այստեղ հարկ է նշել, որ այն տարիներին միջազգային կոմունիկացիաները շատ թանկ էին և բարդեցված, ինչի պատճառով այս ամենը շատ դանդաղ էր իրականացվում։ Նաև նշենք, որ մի շարք կայքերի վրա նաև իրականացվում էին DDoS տիպի հարձակումներ։

Անցավ երկու շաբաթ, և փետրվարի 11-ին հայկական The Liazor group խումբը սկսեց պատասխան գործողությունը։ Այս դեպքում, մոտավորապես նույն եղանակով, շարքից դուրս բերվեցին մոտ 25 ադրբեջանական կայք, ինչպես նաև Ադրբեջանում տեղակայված արտասահմանյան և միջազգային կազմակերպություններին պատկանող կայքեր։ Ադրբեջանական կողմը մի քանի օրով կորցրեց իր կայքերը (հաշվի առնելով այն ժամանակվա կայքերի սակավաթվությունը՝ կարելի է ասել, որ Ադրբեջանի ինտերնետի լուրջ հատվածը իրենց վերահսկողության տակ չէր)։ Սորոսի հիմնադրամին, օրինակ, հաջողվեց իրենց www.osi-az.org կայքը Ադրբեջանում վերականգնել, բայց, ղեկավարի խոստովանությամբ, իրենք ստիպված եղան մոտ հազար դոլարի հեռախոսազանգեր իրականացնել դեպի ԱՄՆ՝ կայքի վերահսկողությունը վերականգնելու համար։

Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է կայքերի մի մասի ցանկը և հիշեցնում է, որ դրանց մի մասի վրա տեղադրվել էր Don՛t trouble trouble until trouble troubles you գրությունը (հայերեն ասած՝ մեզ մի ջղայնացրեք)։ Սակայն ամենալավ մասը կատարվում էր zerkalo-daily.com կայքի վրա, որը վերագրանցվել էր, և այդ օրերին, լիազորցիների շնորհիվ, պատկանում էր ոմն Ռոզա դե Սալվադորեսին, որն աշխատում էր «Մաքրում-լվացք» կազմակերպությունում։ Սա ադրբեջանական «Զերկալո» օրաթերթի կայքն էր։

«Այս լրատվականը հայտնի էր ծայրահեղ հակահայկական, քարոզչական բնույթի նյութերով։ Եվ այս կայքի վրա հայկական խումբը տեղադրում էր կեղծ նյութեր, որոնց հիմնական իմաստն այն էր, որ պաշտոնական Բաքուն համաձայնել է Արցախը զիջել, սահմանը արդեն բացվում է և այլն։ Այս սենսացիոն «հայտարարությունները» անմիջապես թարգմանվեց անգլերեն և աշխարհով տարածվեց հայաստանյան լրատվական գործակալությունների կողմից (որոնք իրականում տեղյակ չէին, որ դա ապատեղեկատվություն է, որը տարածվում է շնորհիվ հայկական հաքերների), ինչը առաջացրեց լուրջ միջազգային լարվածություն։ Կար նույնիսկ տեղեկատվություն, որ Ադրբեջանը ֆինանսական լուրջ կորուստներ ունեցավ այդ պատճառով»,- գրում է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այս ամենի հետևանքով, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Նամիգ Աբասովը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք վերահսկում են ադրբեջանական հաքերներին։ Ինչը պարզապես նշանակում էր խնդրանք՝ դադարեցնել հարձակումը, քանի որ Բաքվում չէին կարողանում վերականգնել իրենց համացանցի վերահսկողությունը։ Հայկական կողմը այս հայտարարությունից հետո դադարեց հարձակումը։ «Այսքանով առաջին լուրջ կիբեռընդհարումն ավարտվեց»,- եզրափակում է Սամվել Մարտիրոսյանը։

Գլխավոր թեմաներ